Կենտավրի տոնին կարող են մասնակցել բոլորը
«Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիան հրավիրում է բոլորին մասնակցելու Կենտավրի, որն է մարդու, ձիու և բնության ներդաշնակության ամենամյա տոնին։
Կենտավրի տոնը կկայանա կիրակի օրը` նոյեմբերի 7-ին, Արագածոտնի մարզի Ուշի գյուղում գտնվող «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնում («Զատիկ» ձիավարության ակումբ)։ Հայաստանի այս հնագույն գյուղերից մեկում մենք՝ «Կենտավր» հասարակական կազմակերպությունը, զբաղվում ենք հիպոթերապիայով մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Այդ մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ` www.centaur.am :
Նոյեմբերի 7-ին կարող եք
- Շփվել մեր 12 ձիերի և պոնիի հետ, կերակրել նրանց շաքարով, խնձորով և գազարով, խաղալ մեր 8 շների հետ,
- Ձիավարել, ամենափոքրիկները կարող են հեծնել պոնիին,
- Շփվել մեր երեխաների հետ, ծանթանալ հիպոթերապիայի գաղափարին և ականատես լինել հիպոթերապիայի պարապմունքին,
- Շնչել Արագած և Արայի լեռներից եկող անսահմանափակ քանակությամբ թարմ օդը,
- Լինել բնության մեջ և բնության հետ, զբոսնել շրջակայքում (Սուրբ Սարգսի հնագույն վանքը մոտակայքում է),
- Ծիծաղել, պարել, շփվել միմյանց հետ և զվարճանալ։
- Երեխաները կարող են խաղալ գույնզգույն փուչիկներով մեր մեծ վրանում և նկարել իրենց տպավորությունները մատիտներով ու ջրաներկերով։
Սնունդ: Մենք ձեզ կմատուցենք սնունդ, որն ամբողջովին պատրաստված կլինի Ուշիի բանջարանոցների և այգիների բարիքներից։ Սեղանին կլինեն գլինթվեյն (տաք գինի` համեմունքներով) և խնձորի կոմպոտ։ Եթե որևէ մեկը նախընտրում է այլ խմիչք, հագիստ կարող է այն բերել իր հետ։
Ինչպես հասնել մեզ մոտ: Նոյեմբերի 7-ին` առավոտյան ժամը 11.00-ին, Կիևյան փողոցում գտնվող «Արմենո» կոշիկի խանութի դիմացի մայթին ձեզ կսպասի ավտոբուսը, որը կտեղափոխի ձեզ Ուշի, իսկ երեկոյան` ժամը 5:00-6:00-ին, հետ կբերի Երևան։ Հետադարձ տոմսն արժե 1000 դրամ (երեխաները կերթևեկեն անվճար):
Հագուստ: Տաք հագուստ, գլխարկ մինչև գլինթվեյնի առաջին բաժակը:
Եղանակ: Մենք հույս ունենք, որ այդ օրը կլինի մեղմ աշնանային եղանակ։ Հանկարծակի (նախորդ փորձերից ելնելով՝ կարճատև) անձրևի դեպքում մենք ունենք մեծ վրան (այն տուն-վրաններից, որտեղ հովիվներն ապրում են իրենց կովերին ու ոչխարներին սար տանելիս), տնակ և եղեգնով պատված տաղավար։ Եղանակի փոփոխությունների մասին ձեզ կտեղեկացնենք նախօրոք։
Ուշադրություն 1: Քանի որ տոնը բարեգործական է, մենք կունենանք ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԿՂ, որտեղ դուք կարող եք դնել այնքան դրամ, որքան կցանկանաք։ Ողջ հասույթը կհատկացվի հիպոթերապիայի կարիքներին, հատկապես ձիերի գարու ձմեռվա պաշարին։
Ուշադրություն 2: Ձեզանից շատերը գիտեն, որ այդ օրը ես նաև նշում եմ ծննդյանս օրը: Խնդրում եմ բոլորդ, առանց բացառության, եկեք առանց նվերների, և այն գումարը, որը պատրաստվում էիք ծախսել նվերի վրա, դրեք տուփի մեջ երեխաների և ձիերի համար։
Եթե ցանկանում եք ձեզ հետ բերել ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին, հանգիստ բերեք. մենք բոլորի համար տեղ ունենք։
Կապ: Տոնին մասնակցել ցանկացողները կարող են գրել ինձ՝ Հասմիկիս, [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել (093) 21 07 48 համարին։ Հաստատեք ձեր մասնակցությունը մինչև նոյեմբերի 5-ը, որպեսզի հասցնենք տրանսպորտ կազմակերպել բոլորի համար։
Անհամբեր սպասում ենք ձեզ մեզ մոտ:
Հասմիկ, Բորյա և Անդրեյ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել