HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել հայ-էմիրաթական գործարար համաժողով

Այսօր տեղի է ունեցել հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը, որը նախաձեռնել է Զարգացման հայկական գործակալությունը: Համաժողովին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԱՄԷ պատվիրակությունը գլխավորում է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս գործարար համաժողովը հնարավորություն է տալու անմիջական շփումների միջոցով ուղղակի հարաբերություններ հաստատել երկու երկրների գործարարների միջև։ «Մենք վստահ ենք, որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի մի կողմից ավելի լավ հասկանալ միմյանց։ Այն գրավչությունը, որ ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը ներդրումներ կատարելու առումով։ ԱՄԷ փորձը խիստ օգտակար է մեզ համար։ Մեզ համար հետաքրքրական են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, միջուկային ֆիզիկայի, միջուկային բժկության բնագավառները, ինչպես նաև զբոսաշրջությունը, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, քաղցրահամ ջրի արտահանման խնդիրը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա հույս է հայտնել, որ ԱՄԷ գործարարների համար հետաքրքրական կլինի ծանոթանալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող ծրագրին, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու ստեղծում գյուղմթերքների վերամշակման և արտահանման նպատակով։ «Երեկվա մեր հանդիպման ժամանակ ես իմացա, որ նմանատիպ լոգիստիկ սխեմաներ շատ հաջողությամբ արդեն իսկ ԱՄԷ-ն իրականացնում է, և նրանց փորձը խիստ օգտակար կլինի նաև մեզ համար։ Մեզ համար նաև կարևոր էր այն առաջարկը, որ արվեց մեզ, որ նման համաժողովները լինեն պարբերական, և հաջորդ մեր հանդիպումը մենք կազմակերպենք ԱՄԷ-ում և հնարավորություն ունենանք լրջագույն ներդրումային ընկերություններին ներկայացնել այն բիզնես առաջարկները, որոնք կարող են ծնվել նաև այսօր` համաժողովի ընթացքում»,- ասել է վարչապետը: Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին, կարևորելով Հայաստանի և ԱՄԷ-ի միջև եղած ներկայիս հարաբերությունները, նշել է, որ իրենք պատրաստակամ են աշխատել հայ գործարարների հետ ու խորացնել տնտեսական կապերը Հայաստանի հետ: «Մեր ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարի կազմել են 400 մլն ԱՄՆ դոլար, բայց այն բավարար չէ, և պետք է ավելացնել։ Միջուկային էներգետիկայի զարգացումը մեր երկրի ռազմավարությունն է, և հուսով ենք, որ Հայաստանն այս ոլորտում կկարողանա մեզ հետ համագործակցել, տեխնոլոգիաների և սոցիալական ոլորտի ներդրումների ոլորտում համատեղ ֆինանսական միջոցեր ներդնելով` այս բնագավառները ևս զարգացնել։ ԱՄԷ-ն ցանկանում է գիտելիքահենք տնտեսություն ստեղծել»,- ասել է տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter