HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կոդեին» և «ֆենոբարբիտալ» թմրամիջոցների գործածումը 1-2 տարի անց հանգեցնում է անխուսափելի մահվան

Բենզինի, աղաթթվի, սոդայի և «Սեդալգին նեո» դեղամիջոցի սինթեզից ստացված նյութի ներարկումը պարբերաբար կիրառողներն 2 տարի անց վերածում է քայլող դիակի: Այդ մարդկանց ապրելու շանսը 1-ից 3 տարի է: Թմրամոլների մոտ փտախտ է սկսվում, որը մեծ մասամբ անհնար է լինում բուժել: Ելքը մահն է: Սա յուրօրինակ ինքնասպանության ձև է: Առանձին վերցրած թե «Սեդալգինը», թե բենզինը և թե սոդան բավական անմեղ նյութեր են: «Սեդալգին» ցավազրկող դեղորայքը մի դեպքում օգտագործվում է իր նշանակությամբ, իսկ մեկ այլ դեպքում, բենզինի, սոդայի համատեղ սինթեզմամբ, վերածվում է թմրամիջոցի, որի ներարկման ճանապարհով օգտագործումը Գյումրիում պաշտոնական տվյալներով այս տարի 4 հոգու մահվան պատճառ է դարձել: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվն ավելի մեծ է. պարզապես հարազատները ձգտում են թաքցնել մահվան իրական պատճառը: «Հայբուսակ» համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսխորհուրդը «Պայքար թմրամոլության դեմ» թեմայով կլոր սեղան-քննարկման կազմակերպումը բացատրեց վերջին շրջանում ոչ միայն մարզում, այլև ամբողջ հանրապետությունում գրանցված թմրամոլների թվի աճով` 1740 թմրամոլ` նախորդ տարվա 1141-ի փոխարեն: Տղամարդկանց շրջանում գերակշռում են 25-ից 40 տարեկանները: Կանայք մի քանիսն են, նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա: Հանրապետությունում կա 30.000 գրանցված թմրամոլ: Ոստիկանության Գյումրու բաժնի հետաքննության ավագ հետաքննիչ մայոր Արթուր Ղազարյանը տեղեկացրեց, որ անցած 9 ամսվա ընթացքում իրենք թմրամիջոցի պատրաստման և օգտագործման դեպքերի աճ են գրանցել, ինչը հիմնականում կապված է «Սեդալգինի», բենզինի և այլ նյութերի օգտագործմամբ թմրանյութի պատրաստման ու գործածման հետ: Նախորդ տարիներին, սկսած 2005-ից մինչև 2007թ., այդ թմրամիջոցը հանրապետությունում գրանցում չի ստացել: «Գործերի քննությունը թույլ է տալիս ասել, որ բենզինի օգտագործմամբ թմրանյութի պատրաստման եղանակները թափանցել են Ռուսաստանից և այլ երկրներից,- հայտնեց Արթուր Ղազարյանը:- Այս թմրամիջոցը օգտագործում են ոչ միայն ստաժավոր թմրամոլները, այլև, ցավոք, այն տարածում է գտել երիտասարդության շրջանում: 2009թ. հարուցվել է 23 քրեական գործ, 2010թ. 9 ամսվա ընթացքում` 38, այսինքն` 15 քրեական գործով աճ է գրանցվել»: Թմրամիջոց գործածելու փաստով օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն` նախկին քրեականի փոխարեն: Վարչական պատասխանատվությունը թեև խստացված է, սակայն որևէ ազդեցություն չունի, քանի որ թմրամոլը սվորաբար չի ունենում պահանջված 100 կամ 200 հազար դրամը` տուգանքը վճարելու համար: Գործը մտնում է դատարան, մարդը ճանաչվում է սնանկ. քանի որ հնարավորություն չունի մուծելու վարչական տուգանքը, ազատվում է նաև պատասխանատվությունից: Քրեական պատասխանատվության ենթարկվածներն էլ, 2-3 ամիս հետո հայտնվելով ազատության մեջ, սովորաբար շարունակում են զբաղվել նույն գործով: Թմրամոլներն իրենք են խոստովանել, որ կախվածությունն այնքան մեծ է, որ ի վիճակի չեն հրաժարվել թմրամիջոցից` հստակ գիտակցելով, որ 1-2 տարվա կյանք ունեն ընդամենը: Արթուր Ղազարյանն ասաց, որ իրենք առողջապահության նախարարությանն առաջարկել են «Կոակսիլ» և «Սեդալգին» դեղամիջոցները հանել ազատ վաճառքի ենթակա դեղորայքի ցանկից ու դեղատներից բաց թողնել միայն բժշկի տված դեղատոմսի հիման վրա: Հատկապես «Սեդալգինը», որ արժե 200-ից 300 դրամ, յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն ձեռք բերել: Թմրամոլը, 200 դրամով գնելով «Սեդալգինի» 20 հաբ, հնարավորություն ունի պատրաստելու թմրանյութի մի քանի չափաբաժին: Սակայն նախարարությունից պատասխանել են, որ «Կոակսիլ» տեսակի դեղորայք ներկրող ընկերությունը բողոքել է այդ որոշման դեմ` հայտարարելով, որ այն հակադեպրեսիոն է, աշխարհի բոլոր երկրներում ազատ վաճառվում է, և ընկերությունը չի պատրաստվում Հայաստանում սահմանափակել դրա վաճառքը: «Կոակսիլի» մեկ տուփը բավական թանկ արժե` 4000-ից 5000 դրամ: Բժիշկ-նարկոլոգ Արտաշես Սահակյանի տվյալներով` «բենզինային» կախվածությամբ իրենց դիմածների թիվը չի անցնում 20-ը, սակայն իրենք վստահ են, որ այդ թիվն ավելի մեծ է, բուժվել ցանկացողներն են քիչ: «Չնայած ասեմ, որ բուժվել հասկացությունը շատ հարաբերական է: Կոնկրետ այս թմրամիջոցն օգտագործողներին անհրաժեշտ է համալիր բուժում. միայն կախվածությունից հանելը չէ, այս դեպքում միայն նարկոլոգի պարտականությունները կատարելով` հնարավոր չէ խնդիրը լուծել,- ասաց Արտաշես Սահակյանը:- Հատկապես ստաժավոր թմրամոլներն ունեն հիվանդությունների փունջ ու շատ հաճախ ցանկություն էլ չեն ունենում բուժվելու»: Ըստ Արտաշես Սահակյանի` միայն սոցիալական պայմանները չէ, որ նպաստում են այս երևույթի աճին: Երիտասարդ տղաներին թմրամիջոց փորձելու են դրդում ինքնահաստատման ձգտումը, ֆիլմերում տեսածը կրկնօրինակելու ցանկությունը, պարապությունը, շրջապատը և այլն: «Հասարակ մի օրինակ բերեմ: «Որոգայթ» սերիալում ամեն կադրի մեջ քիչ էր մնում կոնյակի շիշը գրկած ման գան: Դա նայող երեխան ի՞նչ պիտի սովորի: Իր համար հեղինակավոր մի Հովո կամ մի Զավեն, որտեղ նստում են, կոնյակ են խմում, ու բնականաբար տպավորություն է, որ դա է հեղինակությունների միակ ապրելակերպը: Սերունդը դա է տեսնում, սերունդը դա է ընդօրինակում,- մտահոգվեց բժշիկ-նարկոլոգը:- Կարող է հետո էլ մի սերիալ նկարեն, որում «պլան են քաշում», ու դա կդառնա ընդօրինակման առարկա»: Շիրակի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի վարիչ Տեր Նշան քահանա Պարֆյոնովը թմրամոլության աճը վերագրեց հոգևոր անկմանը: Նրա համոզմամբ` մինչև մարդու մեջ չվերականգնվեն որոշակի արժեքային համակարգեր, դժվար կլինի որևէ արդյունքի հասնել: Եկեղեցին ևս իր մեթոդներով պայքարում է չարիքի դեմ` կատարելով լուսավորչական աշխատանք: «Վերջերս ինձ հրավիրել էին հոգեհանգստի կարգ կատարելու, սակայն հարազատներն ինձնից թաքցրել էին մահվան իրական պատճառն` ասելով, թե էլեկտրահարվել է: Հուղարկավորությունից հետո իմացա, որ այդ մարդը մահացել էր վերջին շրջանում շատ տարածված թմրամիջոցից: Քանի որ դա համարվում է ինքնասպանություն, մենք իրավունք չունենք հոգեհանգստի կարգ կատարելու,-պատմեց Տեր Նշան քահանան:- Ինքնասպաններին (քանի որ դա համարվում է դանդաղ ինքնասպանության ձև) քահանայով հուղարկավորելու համար սովորաբար չեն դիմում, իսկ եթե դիմում էլ են, հիմնականում խաբում են, իրականությունը թաքցնում են»: Գյումրիում «Կոդեին» և «Ֆենոբարբիտալ» թմրամիջոցների գործածումը բավական տարածված է: Անչափահասների շրջանում դեպքեր չեն հայտանաբերվել, սակայն իրավապահները թմրանյութի օգտագործման տարածվածություն են նկատել հատկապես 20-22 տարեկան երիտասարդների շրջանում: ««Բենզինից» մեռնող 50-55 տարեկան ցանկացած թմրամոլի թիկունքում 10-15 երիտասարդ է կանգնած, որոնք արդեն կործանման ճանապարհին են նույն այդ մեռնողի պատճառով»,- ասաց Արտաշես Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter