HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիստերին գալիս է, բայց մնում է անտեսանելի

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին մնացել է ընդամենը երկու քառօրյա, սակայն գործարար պատգամավորներն այդպես էլ չեն այցելել այս նստաշրջանի նիստերին: Ինչպես նրանք, այնպես էլ ԱԺ նիստերին ներկայացող պատգամավորներն ստանում են նույն աշխատավարձը` 300 հազար դրամ: ԲՀԿ նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը աշնանային նստաշրջանին ԱԺ եկել է ընդամենը մեկ անգամ: Գ.Ծառուկյանը խորհրդարան եկել էր ոչ թե օրենքների նախագծերը քննարկելու, այլ Արևիկ Պետրոսյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահի տեղակալի թափուր պաշտոնի համար Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու նպատակով: Այն օրերին, երբ ԱԺ-ն նիստեր է գումարում, Գ.Ծառուկյանը ակտիվ բարեգործական ծրագրերով մեկնում է մարզեր` քարոզելով ԲՀԿ-ի գաղափարախոսությունը. «Մեր խոսքը գործ է»: Պատգամավորի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Գ.Ծառուկյանը միշտ էլ ներկա է լինում ԱԺ նիստներին, իսկ եթե ներկա չի լինում, ապա կամ քաղաքում չլինելու, կամ էլ երկրից բացակայելու պատճառով, և այդ մասին անհրաժեշտ տեղեկանքներ է ներկայացնում ԱԺ աշխատակազմին: «Մենք մարզեր գնում ենք շաբաթ օրը: Այդ ժամանակ քառօրյաներ չեն լինում: Եթե հեռուստաընկերություններում լուսաբանվում են մարզային այցերը, ապա դա չի նշանակում, որ հենց այդ օրվա նկարահանվածն է ցուցադրվում»,- ավելացրեց մամուլի խոսնակը: «Եթե պատգամավորը գալիս է քառօրյա նիստերին, ապա ինչո՞ւ լրագրողները նրան չեն տեսնում» հարցին էլ Խ.Գալստյանը հետևյալ պատասխանը տվեց. «Դուք սխալվում եք, ինքը մի քանի անգամ այցելել է և նիստերին մասնակցել է, միգուցե ուշադիր չեք եղել»: Մնում է պարզել, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը մուտք գործում ԱԺ, գտնվում նիստերի դահլիճում` միաժամանակ անտեսանելի մնալով գործընկերների և լրագրողների մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter