Սերժ Սարգսյանը այցելել է Այրում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնովին վերակառուցված և արդիականացված Այրում-Ջիլիզա մաքսատուն և Այրում կայարանի վարչական շենք: Նախագահը ծանոթացել է մաքսատան նոր աշխատանքային պայմաններին, որոնք թույլ են տալիս մաքսային ընթացակարգերն իրականացնել ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով, ինչպես նաև մաքսային հսկողության կազմակերպումը դարձնել ավելի արդյունավետ:
Շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ մինչ Այրում-Ջիլիզա մաքսակետի վերակառուցումը, մաքսային ծառայողներն աշխատել են դեռևս անցյալ դարի կեսերին կառուցված փոքր տարածքով մեկ հարկանի շինության մեջ, որը չէր համապատասխանում մաքսակետի գործունեության ժամանակակից պահանջներին: Այժմ մաքսատան աշխատանքները կշարունակվեն բարեփոխված, տեխնիկապես արդիականացված և գրեթե կրկնակի տարածքով երկհարկանի շենքում:
Այրում կայարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Հարավկովկասյան երկաթգծի անձնակազմի վերապատրաստման, երկաթգծի վերանորոգման և տրանսպորտային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ, շրջել մաքսատան տարածքում, ծանոթացել սահմանային անցակետի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը եղել է նաև ռենտգենային տեսազննման համար նախատեսված շենքում և մաքսային ծառայության վարչական շենքում, որտեղ շրջայցի ավարտին Նախագահ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և այլ պատասխանատուների մասնակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել