HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի գյուղատնտեսության համար 2010թ.-ը աղետալի էր

Մերի Սողոմոնյան Վերջին հինգ տարիների ընթացքում 2010 թ.-ը Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար ամենաանհաջող տարին էր: Ցրտահարությունը, տեւական անձրեւներն ու օդի ջերմաստիճանի երկարատեւ նվազումը խիստ բացասաբար անդրադարձան գարնան գյուղատնտեսական աշխատանքների` ժամանակին ու ճիշտ կազմակերպման վրա: Սյունիքում ավարտվել է բերքահավաքը, հավաքվել է մոտ 18 հազար տ հացահատիկ: Մեկ հա-ից միջին բերքը նախնական տվյալներով կազմել է 11-12 ց, ինչը 3-4 ց-ով զիջում է նախորդ տարվա բերքի ցուցանիշը: Անբարենպաստ եղանակային պայմանները բացասաբար են անդրադարձել նաեւ բանջարեղենի եւ մրգի որակի ու բերքատվության վրա: Ամռան սեզոնին մարզում դրանց գներն անհամեմատ բարձր են եղել: «Մարզպետարանի մասնագետների հաշվարկած վնասի չափերի համաձայն` այգեգործության բնագավառում վնասը կազմել է մոտ 181 մլն դրամ, իսկ հացահատիկային ցանքատարածությունների կրած վնասը մոտ 774 մլն դրամ է»,- տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսութան եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը: Կրած վնասների հաշվետվությունը ներկայացվել է գյուղնախարարություն: Դժվարությունները մարզի գյուղատնտեսությունում շարունակվում են. այս անգամ խաթարվել են աշնանացանի աշխատանքները: Ամեն տարի մարզում կատարվում է մոտ 12-13 հազ. հա աշնանացան, սակայն ներկայումս կատարվել է 7800 հա ցանքս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12 հազար 800 հա-ի փոխարեն: Քաջիկ Խաչատրյանի խոսքով` աշնանացանի դանդաղ ընթացքի պատճառը սերմացուի պակասն է եղել, քանի որ անցած տարի ստացված բերքը անորակ էր եւ պիտանի չէր սերմի համար: Այս մասին  գյուղբաժնից տեղյակ էր պահվել Կառավարությանը, որն էլ ՌԴ-ից վերջերս հանրապետություն ներկրված 1100 տ ցորենի էլիտար սերմացուից մարզին տրամադրել է մոտ 300 տ: Չնայած մարզն ուներ 3000 տոննայի պահանջարկ, բայց մարզի գլխավոր գյուղատնտեսը հավաստիացնում է, որ եղածն էլ մեծ օգնություն է Սյունիքի գյուղատնտեսությանը: «Եւս 4-5 տ սերմ հատկացվել է մարզի սերմնարտադրող ֆերմերներին` սերմնաթարմացման եւ սերմնափորձարկման նպատակով: 300 տ սերմը տրվել է հիմնականում Գորիսի եւ Սիսիանի  տարածաշրջանի  16 եւ ավելի հա հողատարածքներ ունեցող սերմնարտադրությամբ զբաղվող 30 ֆերմերային տնտեսությւոններին, ովքեր կարող են մշակել` պահպանելով համապատասխան տեխնոլոգիաները: Ֆերմերները եկող տարի 1 տ սերմի դիմաց պետք է վերադարձնեն 2 տ բարձր որակի կոնդիցիոն սերմ, որն էլ մատչելի գներով կտրամադրվի մարզի ցորենի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին: Որոշակի քանակությամբ սերմ են ստացել նաեւ Կապանի տարածաշրջանի Սեւաքար, Արծվանիկ, Նորաշենիկ եւ Դավիթ-Բեկ գյուղական համայնքները, որտեղ կան համեմատաբար խոշոր հողատարածքներ ցանքաշրջանառություն իրականացնելու համար: Սերմնանյութը հարմարեցված է մեր բնակլիմայական պայմաններին: Նշված պայմաններում անգամ ֆերմերները կունենան 1 հա-ից միջինը 7 ց-ի շահույթ»,- ավելացնում է Ք. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter