HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պետությունը կվճարի նաեւ սոցիալապես արտոնյալ խավի բուժօգնության մի մասը

Առողջապահական ոլորտի օրենքների փոփոխություններին նվիրված այսօրվա ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը սկսեց ԱԺ աոողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբոլյանի մասին ակնարկով: «Նախ` գնալով բժշկությունը դառնում է անմատչելի բնակչությանը, օրենքներն ավելի անմատչելի են դարձնում բժշկական օգնությունը, երկրորդ` դրանք ընդունվում են առանց հասարակության մասնակցության, մինչեւ փոփոխությունները պիտի քննարկումներ լինեն, երրորդ` դրա պատճառն այն է, որ այդ հարցով զբաղվում են շահերի բախում ունեցող մարդիկ, որոնք այդ ոլորոտւմ բիզնես ունեն»,-  նկատի ունենալով Արա Բաբլոյանին` նշեց Կ. Հակոբյանը: ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը հակադարձեց Հակոբյանին` թվարկելով Բաբլոյանի արժանիքները. «Բժիշկ, որը ՀՀ առողջապահության ոլորտում մեծագույն ներդրում ունի, միակ մարդն է, որ տրանսպլանտացիա է անում Հայստանում, եւ այդ մարդու ձեռքով հարյուրավոր երեխաներ փրկվել են: Նա  եւ մյուս բժիշկները մեր ժողովրդի հարստություններից մեկն են»: Անդրադառնալով օրենքների փոփոխություններին` Կ. Հակոբյանը նշեց, որ 4 օրենքում` «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «անվճար» բառի կողքին ավելացվել է «կամ արտոնյալ պայմաններում»: «Գրված է «կամ», այսինքն` փոխարինում է անվճարին»,- մեկնաբանում է Հակոբյանը ու հավելում, որ օրենքը նման կերպ նվազեցնում է անվճար բուժօգնության հնարավորությունները ու կամաց-կամաց անվճար բուժօգնությունը դուրս է գալիս ասպարեզից: ՀՀԿ-ական Մ. Մինասյանը պնդում է հակառակը. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նրանք ովքեր մինչ այս ստանում էին անվճար բժշկական օգնություն, շարունակելու են ստանալ, իսկ ովքեր չէին ստանում, բայց սոցիալապես առանձնապես փայլուն վիճակում չեն, նրանց մասին պետությունը մտածելու է: Եթե մինչեւ 36 բալ ունեցողները պետության կողմից անվճար են բժշկական օգնություն ստանում, ապա հիմա 36-ից ավելի բարձր ունեցողներին, որոնք, այդուհանդերձ, փայլուն վիճակում չեն, պետությունը հոգածության առարկա է դարձրել, նրանք կոչվում են արտոնյալ խավ, պետությունը վճարման մի մասը վերցնում է իր վրա: Սա, կարծում եմ, մարդասիրական քայլ է»: Պատգամավորը նշում է գալիք տարվա առողջապահական հատկացումների վերաբերյալ մի քանի թիվ: Ըստ նրա` միայն  2009-2010 թթ. մայրության հատկացումները ՀՀ-ում ավելացել են 2 անգամ: 2011-ին դրանք կաճեն 2 անգամից մի քիչ ավելի: «Սա նշանակում է, որ ծննդի հետ կապված խնդիրները ՀՀ-ում ամբողջությամբ անվճար են, պետական պատվերով են: Մեր երեխաները մինչեւ 7 տարեկանը բուժվում են պետության հաշվին,- ասում է Մինասյանը, ապա շեշտում,- սա դրված է նաեւ ՀՀ նախագահի ծրագրում: 2011-ին 2 անգամ մեծ հատկացումներ են արված շտապօգնությանը, եկող տարի կունենանք եվրոպական չափանիշների շտապօգնության համակարգ»: ՀՀԿ-ականը խոստանում է նաեւ «եւ» ու «կամ» տերմինների հարցով նախաձեռնությամն հանդես գալ ԱԺ-ում: Իսկ ընդդիմադիր Կ. Հակոբյանը շեշտում է, որ ԱԺ հանձնաժողովը օրենքներում նման փոփոխություններ անելու փոխարեն պետք է ավելի մեծ խնդիրների մասին մտածի, ինչպիսիք են ոլորտի հիմնական բարեփոխումները` ապահովագրական համակարգի ներդրում, հիվանդանոցների գոնե 30 տոկոսի հանրայնացում եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter