HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հայկական «բնական զուգարան» հոլանդական կատուների համար

Այրումը խորհրդային տարիներին արդյունաբերական կենտրոնի համարում ուներ: Նախկինում  հռչակավոր Այրումի պահածոների գործարանը ներկայումս շատ փոքր ծանրաբեռնվածությամբ է գործում, ձեռնարկությունն այս տարի քիչ քանակությամբ հատապտուղ է մթերել: Հիմա Այրում քաղաքում կանոնավոր գործում է արտադրական մի փոքր ձեռնարկություն:

Տեղի պահածոների գործարանի նախկին արկղ-տարայի արտադրամասի տարածքում միահարկ, բաց կանաչ երկարավուն  շինություն կա: «Պարարտ» ՓԲԸ-ն մոտ 4 հա տարածքը գնել է Այրումի պահածոների գործարանից: Արդեն 4 տարի գործող ձեռնարկությունը հիմա «հատուկ պատվեր» է կատարում. Հայաստանից «կատվի բնական զուգարան» է առաքում Հոլանդիա:

Արտադրամասի տնօրեն Սամվել Գալստյանը բացատրում է. «Սա  առանձին պատվեր է: Կատվի բնական զուգարանը պարունակում է բենտոնիտի փոշի` որոշ հավելումներով: Այն առաքում ենք Հոլանդիա, արդեն երկու բեռնարկղ (կոնտեյներ) ուղարկել ենք: Եվրոպայում կենդանիները, այդ թվում` կատուները, հարգված են: Տան մի անկյունում մի ամանի մեջ դրվում է ՙբնական զուգարանը՚` կատվի բնական կարիքները հոգալու համար: Բենտոնիտի փոշին կլանող հատկություն ունի, բնակարանում վատ հոտեր չեն լինում: Արտադրանքի յուրաքանչյուր պարկը  15 կգ է կշռում»:

Կատուների «բնական զուգարանի» հումքը` բենտոնիտի փոշին, Ազատամուտից, Իջեւանի «Բենտոնիտ» գործարանից բերում են ավտոմեքենաներով, մնացած բաղադրամասերը` նաեւ Իրանից, պատվիրատուն` հոլանդահայն է այդ օժանդակ նյութերն առաքում, պատրաստի  արտադրանքն էլ Այրումից մեծ բեռնատարներով տեղափոխում է Փոթի: Արտադրամասի տնօրենն ասում է, որ իրենց հիմնական  արտադրանքը ցեոկարբոֆոզն է, որը  խտացված պարարտանյութ է:

«Պարարտ» ՓԲԸ-ն դրա համար սեփական հումքային բազա ունի, Կողբ գյուղի Ղիասի քար տեղամասում շահագործում է 3.5 հա ցեոլիտի հանքավայր: Արտադրամասի շենքի վերեւում, բարձունքի վրա թափված է 1000 տոննա ցեոլիտի փոշի` գործարանի հիմնական արտադրական հումքը: Այն խողովակով սահում է ներքեւ, չորացվում, օգտագործվում արտադրության մեջ: Այրումի արտադրամասում մոտ 10 մարդ է աշխատում` երբեմն երկու հերթափոխով, աշխատողները տեղացիներ են: Նրանք փաթեթավորում են արտադրանքը: Արտադրամասի աշխատակիցներն օրական 2500 դրամ աշխատավարձ են ստանում: Արտադրված ցեոկարբոֆոզը սպառվում է Հայաստանի տարածքում, 2008-2009 թթ. 500 տոննա Լեռնային Ղարաբաղ է առաքվել:

«Եթե օգտակար  պարարտանյութ է, ինչո՞ւ հանրապետությունում լայն սպառում չունի»,- հարցնում եմ Սամվել Գալստյանին: Տնօրենն ասում է, որ Հայաստանի գյուղացիները սովոր են դաշտերը պարարտացնելու համար սելիտրա օգտագործել, իսկ ով օգտագործել է ցեոկաբոֆոզ պարարտանյութ, լավ գիտի դրա օգտակար հատկությունները: Ինքը` Գալստյանը, այն օգտագործել է Արճիս գյուղի տարածքում իր 1.5 հա դեղձի այգին պարարտացնելու համար: Պտղատու ծառերի շուրջ բաժակափոր է կատարել, պարարտանյութ շաղ տվել, ծածկել հողի շերտը: Այդ կերպ պարարտանյութը սնուցում է ծառը, արդյունքն էլ գոհացուցիչ է: Սամվել Գալստյանը պարզաբանում է, որ ցեոկարբոֆոզը պարունակում է ցեոլիտ` իր 12 բաղադրամասերով, կարբամիտ եւ ֆոսֆոր: Ցեոկարբոֆոզի 50 կգ-ոց պարկը վաճառվում է 8500 դրամով: Սամվել Գասլտյանին հարցնում եմ`  ավանդական պարարտանյութերի համեմատ այն թանկ չէ՞:

«Եթե նկատի ունենանք այս կոմբինացված  պարարտանյութի արդյունավետությունը, հաստատ թանկ չէ»,- ասում է տնօրենը: Նրա վկայությամբ` նախկինում եղել են դեպքեր, երբ արտադրամասի աշխատողներին որպես նվեր մեկական պարկ ցեոկարբոֆոզ են տվել: Փորձում եմ պարզել 4 տարի գործող ընկերության բաժնետերերի անունները: «Բաժնետերերի մասին ես չգիտեմ, երեւի 4-5 հոգի են, երեւանցի են, իրենք են բոլոր ներդրումները կատարել: Ես ընդամենը արտադրամասի պետն եմ, տնօրենը երեւանցի Դավթյան Հայրապետն է»,- ասում է ՍամվելԳալստյանը:

Իսկ թե ովքեր են «Պարարտ» ՓԲԸ-ի սեփականատերերը, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Հայաստանյան իրողություններն իմանալով` կարելի է մտածել, որ բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված, հոտակլանիչ ցեոլիտի 3.5 հա տարածքը Հայաստանում «պատահական մարդկանց»  շահագործման չէին հանձնի: Բոլոր դեպքերում, գրեթե համատարած գործազրկություն ունեցող Այրում քաղաքում յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանքն ինքնին դրական երեւույթ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter