«Երևի թե մեր միակ հույսը լինելու է համաշխարհային հայկական լոբիստական կենտրոն ստեղծելը»
Մեծ Բրիտանիայում աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որն իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Համաձայն նրանցից ստացված տեղեկատվության` Մեծ Բրիտանիայում ադրբեջանական և թուրքական դիվանագետների աշխատանքները հզորանում են, և դրան հակառակ, կարելի է ասել, զրոյի են մոտենում ՀՀ ԱԳՆ-ի կողմից կատարվող դիվանագիտական աշխատանքները:
Համեմատության համար բերենք միայն հետևյալ տվյալները. ադրբեջանցիները հայտնի «Chatham house»-ի կողքին գնել են մի հսկա շենք, որտեղ տեղավորել են «Ադրբեջան-ԵՄ» համագործակցության կենտրոնը: Կենտրոնն ունի բազմաթիվ աշխատողներ, այդ թվում ներգրավված են նաև շատ արհեստավարժ բրիտանացի մասնագետներ: Ադրբեջանական դեսպանատունը համակարգում է բոլոր աշխատանքները, և արդյունքում ակնհայտորեն աճել է Անգլիայի պառլամենտի ադրբեջանամետ անդամների քանակը: Դրան գումարենք ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված Թուրքիայի ԱԳՆ-ի աշխատանքը և ադրբեջանցի ու թուրք ուսանողների համատեղ գործունեությունն` ընդդեմ հայկական լոբինգի:
Իսկ այժմ ՀՀ ԱԳՆ-ի ակտիվության մասին: Լոնդոնում գործում է հայկական դեսպանատունը, որն ունի ընդամենը երկու դիվանագետ (մի հյուպատոս և մի խորհրդական) և մոտ 6 ամիս չունի նույնիսկ դեսպան: Եթե նույնիսկ ԱԳՆ լավագույն կադրն այժմ նշանակվի Մեծ Բրիտանիայում դեսպան, նա անօգնական վիճակում կհայտվի իր երկու դիվանագետների հետ, քանի որ ստիպված կլինի հակահարված տալ տասնյակ ադրբեջանցի և թուրք մասնագետների:
Բերենք մի օրինակ. անգլիական հայտնի «Դիպլոմատ» ամսագրում ադրբեջանցի դեսպանը միշտ ներկայացնում էր արցախյան խնդիրը, որին պարտաճանաչորեն հակահարված էր տալիս հայ դեսպան Վահե Գաբրիելյանը: Վերջին համարում լույս է տեսել ադրբեջանցի դեսպանի 17 էջանոց հոդվածը բացառիկ հակահայկական հռետորաբանությամբ, որը բնականաբար մնացել է և նաև ապագայում կմնա անպատասխան:
Ադրբեջանցիները դասախոսություններ, հանդիպումներ են կազմակերպում արցախյան թեմայով և վարկաբեկում Հայաստանին առավելագույնս: Այս ամենը մնում է բացարձակ անպատասխան: Թուրքերը շատ ակտիվ աշխատում են նաև արդի էներգետիկ խնդիրների շուրջ և այս ամենը ոչ թե Եվրոպայի որևէ երկրորդական երկրում, այլ Եվրոպայի ֆինանսական կենտրոնում, համաշխարհային դիվանագիտության մեջ իր կամքը թելադրող երկրի մայրաքաղաքում` Լոնդոնում:
Մենք բազմիցս խոսում ենք ՀՀ ԱԳՆ-ի անուժ և ոչ արհեստավարժ աշխատանքների շուրջ, քննադատում նրա չափից դուրս թույլ նախարարին, որն իր անձի շուրջ մտածելուց բացի ոչինչ չի կարողանում կազմակերպել: Սակայն ուզում ենք ավելացնել նաև Սփյուռքի նախարարության վարած բացառիկ թույլ աշխատանքները Եվրոպայի այն կենտրոններում, որտեղ կան քիչ թե շատ ուժեղ հայկական համայնքներ և լոբիստներ` նրանց հետ համագործակցելու և ԱԳՆ-ի բացը լրացնելու գործում:
Սփյուռքի նախարարության այսօր տարվող աշխատանքները կարող էր կազմակերպել նախարարության մի ակտիվ վարչության ղեկավար և ոչ թե մի ամբողջ նախարարություն, իսկ այն աշխատանքները, որոնք օդի պես անհրաժեշտ են հայությանը, նախարարության ուժերից բացարձակ վեր են:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ ադրբեջանցիների և թուրքերի վարած դիվանագիտական գործունեությանը հակադրվելու և արդյունքները չեզոքացնելու համար ՀՀ ԱԳՆ-ն չունի արհեստավարժ կադրեր, ֆինանսական հզորություն և նույնիսկ ցանկություն: Այս բացը որոշ երկրներում լրացնում են ուժեղ և արհեստավարժ հայկական լոբիստներն ու կազմակերպությունները: Սակայն ՀՀ ԱԳՆ-ն նրանց հետ նույնիսկ համագործակցելու ունակություն չունի: Բոլորս սպասում էինք, որ բացը կլրացնի Սփյուռքի նախարարությունը, բայց այստեղ ևս որդեգրվեց խորհրդային ժամանակներում տարածված «կոմերիտական» քաղաքականությունը. «գնացքի շարժիչի ամբողջ շոգին ուղղել շչակի վրա»:
Բավական է հիշել գովազդային հոլովակների այն բազմությունը, որը ցուցադրվում է հայկական հեռուստատեսություններով` Սփյուռքի նախարարության նախատեսած հերթական համաժողովի շուրջ` երբեմն մի քանի տասնյակ սփյուռքահայերի մասնակցությամբ: Այսինքն` կատարվում են որոշ աշխատանքներ կասկածելի արդյունքներով, սակայն դրանք ներկայացվում են որպես մեծ նվաճումներ:
Արդյունքում այն բացառիկ հնարավորությունը, որ ունի հայ ժողովուրդը, հանձինս սփյուռքահայ լոբիստների ու կազմակերպությունների, նվազագույնս է օգտագործվում, և աշխատանքների չհամակարգվելու դեպքում` ապագայում այն սկսելու է տեղի տալ ադրբեջանաթուրքական դիվանագիտության ճնշմանը:
Մենք այլևս հույս չունենք, որ ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարները կհամագործակցեն դիվանագիտական հարցերի շուրջ Եվրոպայի ուժեղ լոբիստական կազմակերպությունների և անհատների հետ, ու կարծում ենք, որ ապագայում մենք պարտվելու ենք տեղեկատվական և քաղաքական ոլորտներում: Երևի թե մեր միակ հույսը լինելու է համաշխարհային հայկական լոբիստական կենտրոն ստեղծելը, որը պետք է լինի այնքան հզոր, որ ինքը կարողանա պայմաններ թելադրել Սփյուռքի և ԱԳ նախարարություններին ու համակարգել համաշխարհային հայկական դիվանագիտական աշխատանքները` համաձայն Հայ դատի ռազմավարության: Այդ ուղղությամբ այսօր աշխատանքներ կատարվում են, և մնում է հուսալ, որ դրանք կլինեն առավելագույնս արդյունավետ:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամուլի քարտուղարություն
04.11.2010 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել