113 աղբավայրից միայն մեկն է համապատասխանում «սահմանված նորմերին»
Հարցազրույց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հետ
Լոռու մարզի զարգացման քառամյա` 2010-2013 թթ. ծրագրում նախատեսվում է հանքահումքային, մետալուրգիական եւ քիմիական արտադրության զարգացում: Ինչպե՞ս եք լուծելու բնապահպանական կուտակված եւ գալիք խնդիրները:
Մարզում բնապահպանական խնդիրներ են առաջացնում Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիան, առաջիկայում շահագործման նախապատրաստվող «Արմանիսի» հանքավայրը, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Վանաձոր-Քիմպրոմ»-ը, «Մուլտի գրուպ»-ին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրը: Ծրագրում ի նկատի ենք ունեցել այս ընկերությունների բնապահպանական վտանգները մեղմացնող միջոցառումներ:
Մտահոգում են Ախթալայի պոչամբարները, Ալավերդու մկնդեղի գերեզմանոցը, Մղարթի պոչամբարները, Թեղուտի հանքավայրի կառուցվող 300 մլն տոննա տարողությամբ պոչամբարը: Արմանիսի հանքավայրի շահագործումը նախատեսում է նոր տեխնոլոգիաներ, այստեղ պոչամբար չի լինելու, հնարավոր թափոնները պետք է տեսակավորվեն եւ բրիկետների տեսքով տեղափոխվեն ընկերության տարածք:
«Արմանիսի» սեփականատերերն այդպիսի ծրագիր են մեզ ներկայացրել: «Վանաձոր-Քիմպրոմի» վերագործարկման հետ կապված եւս խնդիրներ կան, բայց մենք մթնոլորտը աղտոտող եւ առողջության համար վտանգավոր թափոններ չենք տեսնում: «Քիմպրոմում» նախապատրաստվում է ՋԷԿ-ի վերագործարկումը, դրան կհաջորդի ամոնիակի, կարբամիտի եւ մելամինի արտադրությունը:
Ամոնիակի եւ մելամինի արտադրության դեպքում վտանգավոր արտանետումներ չե՞ն լինելու:
Կարծում եմ` չեն լինի, քանի որ արտադրության ծավալները խորհրդային տարիների համեմատ հիմա փոքր կլինեն, բացի այդ, նոր արտադրության մեջ կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ, կարծում եմ` «Պրոմեթեյի» այն դեղին ու վտանգավոր ծուխը չի լինի:
Վանաձորի «Պրոմեթեյ» քիմգործարանի 2 թափոնակուտակիչները, տեղակայված լինելով բնակելի թաղամասերի հարեւանությամբ, խիստ վտանգավոր վիճակում են:
Դրանց վերաբերյալ ծրագրեր կա՞ն:
Դա ամենաբարդ խնդիրն է, որովհետեւ այդ թափոնակուտակիչների անվտանգության համար, իրոք, մեծ ֆինանսական ներդրումներ են պետք: Վանաձորում շատ բան պայմանավորված է նրանով, թե «Քիմպրոմի» գործունեությունը որքան արդյունավետ կծավալվի: Չեմ թաքցնում, այսօր ինձ ավելի շատ մտահոգում է «Քիմպրոմի» վերագործարկման հարցը, քան թափոնակուտակիչները: Իհարկե, դրանք կարեւոր բաներ են, հատկապես եթե թափոնակուտակիչի վրա մարդիկ են ապրում:
Տեղյա՞կ եք, որ «Պրոմեթեյ» քիմգործարանի 1980-ական թթ. փակված թափոնակուտակիչի ջրահեռացման համակարգն անցնում է 800 մ երկարությամբ թունելի միջով: Թունելի բերանը եւ Կոնգո թաղամասի բնակիչների ամառանոցների մոտ գտնվող խողովակը խցանման շեմին են: Փակվելու դեպքում թունավոր թափոնների խիստ վտանգավոր արտահոսքեր կլինեն:
Շնորհակալություն, ես այն իմ հսկողության տակ կվերցնեմ:
Փորձե՞լ եք Կառավարությունից ֆինանսական միջոցներ ստանալ թափոնակուտակիչների անվտանգությունը ապահովելու համար:
Ես, եթե ոչ էսպես մասնավոր, գոնե ընդհանուր կարգով ասում եմ, որ բնապահպանական վճարները համայնքների ծավալով պետք է մեծացնել:
Բայց Ձեր նշած բնապահպանական վճարների գումարով համայնքապետերը, որպես կանոն, ալյուր են գնում եւ բնակիչներին բաժանում, «ծախսում են» գոյություն չունեցող ոռոգման ջրագծերի ու լճերի վրա, ինչպես Աքորի համայնքում, բնակչությանը սննդամթերք բաժանելու պատրվակով այդ գումարները նպատակաուղղում են իրենց սեփական խանութների շրջանառությունը մեծացնելուն, ինչպես Ալավերդիում, եւ այլն:
Գիտե՞ք այս մասին:
2011 թ. պետբյուջեից 55 մլն դրամ մասհանում է նախատեսված Ալավերդի քաղաքին, մենք քաղաքապետարանի ընկերներին հորդորել ենք, որ այս գումարները առավելապես ծախսեն աղբավայրի կառուցման նպատակով:
Ի դեպ, վերջերս տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, որ հանքավայրերի հարակից բնակավայրերին հատկացվող մասհանումները պետք է ավելացնել:
Մարզի 113 համայնքների քանի՞ աղբավայր է համապատասխանում սահմանված սանիտարահիգենիկ նորմերին:
Մեծ հաշվով` երեւի մեկը:
Եվ ո՞րն է դա:
Վանաձոր քաղաքի աղբավայրն է, կարելի է ասել` բարվոք վիճակում է:
Պրն մարզպետ, Դուք եղե՞լ եք այդ աղբավայրում: Դուք բարվոք եք համարում մի աղբավայր, որտեղ ազատ մուտք ունեն մարդիկ եւ անասունները, ռեկուլտիվացիա չի կատարվում, եւ որը լուրջ վտանգ է ներկայացնում Արջուտ համայնքի զարգացման համար:
Հա, բայց Դուք եվրոպական եւ ազգային լուրջ չափորոշիչներին համապատասխան եք գնահատում աղբավայրը, միգուցե ոչ, այն չի համապատասխանում այդ չափորոշիչներին, բայց եղածների մեջ համեմատաբար բարվոքը Վանաձորի աղբավայրն է: Համաձայն եմ` աղբավայրում լուրջ խնդիրներ կան, որոնց մասին ես խոսել եմ քաղաքապետի հետ, Դուք ճիշտ եք նկատում, պետք է անվտանգության որոշ գործողություններ այնտեղ իրականացնել:
Այո, մարդիկ եւ անասունները պետք է չկարողանան թափանցել այդ վտանգավոր տարածքը: Ասեմ նաեւ, որ Վանաձորում կառուցվում է աղբի մշակման գործարան: Գործարանը դեռեւս չի գործում, բայց կգործի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել