
Հայ օլիգարխ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) և Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) իրենց փաստաբանների միջոցով օրերս հարցում են արել Ռուսաստանի գլխավոր դատախազությանը:
Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ օլիգարխների նպատակը եղել է ՌԴ դատախազությունից հերքում կորզելը առ այն, որ ռուս իրավապահների կողմից քննվող տարբեր գործերում հայաստանցի պաշտոնյաների անուններ են հիշատակվում:
Օլիգարխները, սակայն, ձեռնպահ են մնացել հարցն ուղիղ ձևակերպելուց` մտավախություն ունենալով հնարավոր պատասխանի կապակցությամբ: Նրանք խեղաթյուրել են խնդրի մասին հրապարակումները և հարցը շարադրել են այնպես, որ պատասխանը ինչ-որ կերպ հնարավոր լինի որպես հերքում ներկայացնել:
Ստացվել է, որ ՌԴ դատախազությունը արձագանքել է գոյություն չունեցող հրապարակման: Այս մանրամասների հետ ՌԴ դատախազության ներկայացուցիչն անձամբ է ծանոթացրել Ս.Կարախանյանին` մինչ նամակին պատասխանելը խորհրդակցելով նրա հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել