HY RU EN

Էդիկ Բաղդասարյան

Վերահսկիչ պալատն առաջարկում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին զրկել լիցենզիայից

Վերահսկիչ պալատը (ՎՊ), ուսումնասիրելով «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման օրինականությունը, Կառավարությանն առաջարկում է քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը:

Հայկական ոսկու ամենամեծ հանքավայրը`  Սոթքը, համարվում է Հայաստանի հանքարդյունաբերության զարդը: Սակայն այդ «զարդի» բախտը, կարծես թե, չի բերում: Միշտ հայտնվում է անբարեխիղճ սեփականատերերի ձեռքում եւ թալանվում: Իշխանություններն էլ մինչեւ հասկանում են, որ Հայաստանի ընդերքը թալանվում է, սեփականատերը փոխվում է` կանադացիներ, հնդիկներ, վրացի/ռուսներ:

Եթե ՎՊ-ն նման առաջարկով հանդես է եկել, նշանակում է` խոշոր չարաշահումներ է հայտնաբերել: Եւ հաշվի առնելով, որ ՎՊ-ն հրապարակել է այդ արդյունքները, կարելի է ենթադրել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն իսկապես լիցենզիայից զրկվելու ճանապարհին է: ՎՊ-ն պարզել է նաեւ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 2004 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2008 թ. փետրվարի 29-ը Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերն ապօրինաբար է շահագործել` առանց ուժի մեջ մտած լիցենզիաների:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դեռեւս չի արձագանքել այս բացահայտումներին: Մեր հարցմանն ի պատասխան` գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերում հայտնաբերված օրինախախտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատից դատախազությունը նյութեր չի ստացել:

Պետական եկամուտների կոմիտե ներկայացրած հաշվետվությունների համաձայն` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի վնասը 2007 թ. կազմել է 16,034,189.0 հազար դրամ, 2008-ին` 17,270,237.0 հազ. դրամ, 2009-ին` 11,605,621.0 հազ. դրամ:  2008 թ. հուլիսի 22-ին «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն վերանվանվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցված է Կայմանյան կղզիներում, սեփականատերը «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն է: Իսկ թե ովքեր են այդ ընկերության բաժնետերերը, անհայտ է: Մեր վրացի գործընկերներից մեկը պնդում է, որ այնտեղ մասնաբաժին ունի նաեւ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին` իր քեռու անունով: Սա չի բացառվում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Վրաստանի նախագահը մի քանի անգամ եղել է Կայմանյան կղզիներում: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը մեկ տարի առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ցանկանում էր Սեւանա լճի մերձակայքում լճի համար աղետալի մի ծրագիր իրականացնել:

Բարեբախտաբար, ընկերությանը չհաջողվեց իրագործել այդ ծրագիրը: Եւ այսպես, ներկայացնենք մի քանի թվեր` պատկերացում կազմելու, թե ինչպես է այս ընկերությունը թալանում Հայաստանի ընդերքը: «Ընկերությունը, 01.01.2008 - 01.04.2010 թթ. ժամանակահատվածում Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648.0 հազ. տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: Ֆաբրիկայում վերամշակվել է 656.0 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը կազմել է 2026 կգ, կորզվել է 1214 կգ ոսկի, կորզումը կազմել է 59.89%, որը շուրջ 22.6% ցածր է նախագծով նախատեսված` 82.5% ցուցանիշից (պետք է կորզվեր` 1672 կգ), այսինքն` շուրջ 458 կգ-ով պակաս է կորզվել»,- գրված է ՎՊ-ի ընթացիկ հաշվետվության մեջ: Սա նշանակում է, որ 458 կգ-ով պակաս ոսկի է կորզվել:

Դժվար գտնվի մեկը, որ հավատա ընկերության ներկայացրած թվերին: Միանշանակ է, որ ընկերությունը թաքցրել է ոսկին, քանի որ չի կարողանում ապացուցել, որ հանքանյութում քիչ ոսկի է եղել, կամ էլ` չեն կարողացել կորզել: Նրանց ներկայացրած վիճակագրության ոչ հավաստիության վերաբերյալ մի համոզիչ փաստարկ կա` ընկերությունում չեն պահպանվել հանքաքարի վերամշակման գործընթացում կատարված նմուշարկման արդյունքում ստացված նմուշների կրկնօրինակները:

Դա նախատեսված է օրենքով, այդ նմուշների բացակայությունը թույլ չի տալիս կրկնակի անալիզ կատարել: Թե ինչու ընկերությունը չի պահպանել կրկնօրինակները, պետք է պարզեն իրավապահ մարմինները: ՎՊ-ն պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի հանքավայրը երկար ժամանակ անօրինականորեն է շահագործել:

Բնապահպանության նախարարությունը «չի նկատել» դա: Սոթքի հանքավայրի շահագործման համար լեռնահատկացումը կատարվել է 2009 թ. օգոստոսի 25-ին, թիվ 279 լեռնահատկացման ակտով: Դա նշանակում է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 2007 թ. հունվարի 1-ից մինչեւ 2009 թ. օգոստոսի 25-ը Սոթքի հանքավայրը շահագործել է ապօրինաբար: Ընկերությունը պետական բյուջե չի վճարել 24 մլն դրամ կոնցեսիոն վճար: Չի վճարել նաեւ 2009 թ. ոսկու մարված պաշարի համար լրացուցիչ բնօգտագործման մոտ 113 մլն դրամ գումարը: 2010 թ. առաջին եռամսյակի համար չվճարված լրացուցիչ բնօգտագործման գումարը կազմել է մոտ 50 մլն դրամ:

Ընկերության 100% բաժնեմասը գրավադրված է, իսկ որտե՞ղ է 250 մլն դոլարը: ՎՊ-ի ուսումնասիրության մեջ ամենաուշագրավը հաշվետվության վերջին մասն է: Պարզվում է` 2010 թ. հուլիսի 22-ին, համաձայն բաժնեմասի գրավի պայմանագրի, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության միակ մասնակից, 100% բաժնեմասի սեփականատեր «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» լիմիթեդ ընկերությունը «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկում (ռուսաստանյան ՎՏԲ բանկի անգլիական մասնաճյուղ) գրավադրել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը` ի շահ «Կառլոու ԲիՎի» ընկերության: Այս ընկերությանը «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկը 2010 թ. հունիսի 22-ին տրամադրել է 250 մլն դոլար վարկ: Բաժնեմասի գրավի պայմանագրի 9-րդ կետի դրույթներով նախատեսված են մի շարք հանգամանքներ, որոնց ի հայտ գալուն պես վարկառուի պարտավորությունները համարվում են չկատարված, եւ այդ դեպքում «ՎՏԲ Կապիտալ» բանկը ձեռք է բերում բացարձակ իրավունք` գրավի տակ գտնվող ակտիվները փոխանցելու երրորդ անձանց, առանց գրավատուի համաձայնությունը ստանալու:

«Կառլոու ԲիՎի» ընկերության ստացած 250 մլն դոլար վարկի գումարներից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հաշվին միջոցներ չեն փոխանցվել: Իսկ  ընկերությունը, համաձայն, 2008 թ. փետրվարի 29-ին կնքված Սոթքի, ինչպես նաեւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերից «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման» համապատասխան թիվ 368 եւ 369 լիցենզային պայմանագրերի, ստանձնել է մի շարք ներդրումային պարտավորություններ, որոնք մինչ օրս չեն կատարվել: Ի՞նչ է եղել 250 մլն դոլարը. այս հարցի պատասխանը պետք է ստանան Հայաստանի իշխանությունները, եւ ինչքան շուտ, այնքան լավ: Հնարավոր է պարզվի, որ այս փողով ինչ-որ կեղտոտ գործարքներ են կատարվում աշխարհի այլ երկրներում:

Առյաժմ նաեւ հայտնի չէ` ՎՊ-ն կստուգի՞ մնացած հանքավայրերը շահագործող ընկերությունների գուծունեությունը: Հայկական ընդերքը շահագործող բոլոր կազմակերպություններն էլ իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ չարաշահումներ են թույլ տալիս: Մամուլում պարբերաբար կարելի է նման փաստեր պարունակող հրապարակումների հանդիպել: Ժամանակն է նաեւ ստուգել Քաջարանի, Կապանի, Ախթալայի հանքավայրերը շահագործողներին: ՎՊ-ին խորհուրդ ենք տալիս նաեւ ուշադրություն դարձնել այս ընկերությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտմանը, նրանց բնապահպանական պարտավորություններին: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել այդ ընկերությունների` գործուղումների համար կատարված եւ ներկայացուցչական ծախսերին, ինչպես նաեւ` արտահանվող հանքանյութի բաղադրությանը:

Հայկական ոսկի. պատմական ակնարկ

Ըստ խորհրդային գիտնականների` Հայաստանում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է պատկանում: 1976 թ.-ից գործող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան կառուցվել է ոչ միայն Կովկասի, այլեւ Միջին Ասիայի բոլոր հանրապետությունների պաշարների հաշվառմամբ: Հայաստան հանքանյութ էր բերվում նաեւ այդ հանրապետություններից:

Առհասարակ, Հայաստանում արդյունահանման ծախսերը միջինից բավական ցածր են եւ գրավում են ներդրողներին: Աշխարհում կան վայրեր, որտեղ ոսկին մակերես է դուրս գալիս բնածին զտված քարերի տեսքով: Հայկական ոսկին դժվար կորզվող է: Սոթքի 1 տոննա հանքաքարը պարունակում է 5-7 գրամ ոսկի: Հայաստանը Խորհրդային Միության գանձարան էր փոխանցում տարեկան երեք տոննա ոսկի: Արարատի ոսկու կորզման  ֆաբրիկան, կառուցված լինելով հիմնական հանքավայրից` Սոթքից 260 կմ հեռավորության վրա,  խլում է ինքնարժեքի 20 տոկոսը` ճանապարհային ծախսերի ձեւով: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը անուշադրության մատնվեց:

Տեխնոլոգիական գործընթացներն արդեն անարդյունավետ էին, եւ ձեռնարկությունը բարոյապես մաշվել էր: Տարեցտարի սկսեցին կրճատվել ոսկու արդյունահանման ծավալները: 1996-ին արտադրվեց ընդամենը 172 կգ ոսկի եւ, ի վերջո, ձեռնարկությունը դադարեց գործել: Ֆաբրիկան հսկայական պարտքեր ուներ պետությանը: Հարցականի տակ էր ընդհանրապես ոսկու արդյունահանման նպատակահարմարությունը: 1996-ին «Հայոսկի» պետական ձեռնարկության եւ ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ ձեռնարկություն, որը պետք է մշակեր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի 12 մլն տոննա թափոնները եւ ձեռնամուխ լիներ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի զարգացմանը:

1996 թ. հունվարին կնքված պայմանագրի արդյունքում «Գլոբալ Գոլդը» 12 մլն դոլար է ներդրել, որով Արարատում կառուցվել է ոսկու մշակման գործարանը: 1997-ին կանադական «First Dynasty Mines» ընկերությունը գնեց «Գլոբալ Գոլդ»-ի բաժնեմասը: 1998-ին Հայաստանի կառավարության եւ «First Dynasty Mines»-ի միջեւ ստորագրվեց նոր պայմանագիր. ստեղծվեց «Ararat Gold Recovery Company» ( AGRC, թարգմանաբար` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն») համատեղ ձեռնարկությունը: Ձեռնարկությանը հանձնվեցին նաեւ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերը:

Համատեղ ձեռնարկության ստեղծման հիմնադիր փաթեթը բաղկացած էր 2 պայմանագրից` համատեղ ձեռնարկության հիմնադրման պայմանագիր, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ ներդրողի միջեւ ծրագրի իրականացման պայմանագիր, ինչպես նաեւ կանադական ընկերության պարտավորագիր: Նախատեսվում էր կատարել 50 մլն դոլարի ներդրում: Որոշվեց Մեղրաձորի եւ Սոթքի ոսկու պաշարների մշակումը կատարել Արարատի գործարանում: Համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում էր մոտ 40 մլն դոլար, որի մի կեսը պատկանում է հայկական կողմին, մյուս կեսը` կանադականին: Առաջին երեք տարիներին շահույթը պետք է բաշխվեր անհավասար` 70 տոկոսը կանադական կողմին, 30-ը` հայկականին: Միայն կանադական կողմի ներդրած գումարի վերականգնումից հետո շահույթի բաշխումը պետք է հավասարեցվեր: Ձեռնարկության արտադրողականությունը տարեկան կազմում էր 160 հազար ունցիա ոսկի: AGRC ձեռնարկությունը սկսել է գործել 1999 թ. հունիսից: Աշխատողների 95 տոկոսը հայեր են: Արարատում 1 ունցիա (31,1 գ) ոսկի ստանալու համար ծախսվում էր 222 դոլար: Վերջնական արտադրանքը արծաթագույն ձուլակտորներն են: Այս ձուլակտորների մեջ ոսկու պարունակությունը 30-35 տոկոս է, արծաթինը` 63 տոկոս, մնացածը այլ մետաղներ են: Այդ մետաղների վերջնական անջատումը կատարվում է Մեծ Բրիտանիայում:

1997-98 թթ. կանադա-ամերիկյան «First Dynasty Mines» ընկերությունը, որին պատկանում էր AGRC համատեղ ձեռնարկության օտարերկրյա բաժնեմասը, Արարատում ոսկու կորզման գործարանը կառուցելուց հետո զբաղված էր Սոթքի եւ Մեղրաձորի զարգացման ծրագրի ֆինանսավորման համար միջոցների հայթայթմամբ: AGRC-ի ուղղակի վարկավորումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից դժվարանում էր այն պատճառով, որ ընկերության 50%-ը պատկանում էր պետությանը: Անձամբ ճանաչելով «First Dynasty Mines»-ի բաժնետերերից մեկին` հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալն իրեն պատկանող «Twinstar Holdings» ընկերության միջոցով ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության մի փոքր բաժնեմաս:

Միաժամանակ «First Dynasty Mines»-ին տրամադրում է «փոխարկելի» վարկ` պայմանով, որ վարկի դիմաց Ագարվալի ընկերությանը տրամադրվի «First Dynasty Mines» ընկերության որոշակի հավելյալ բաժնեմաս: Հետո Ագարվալը ստիպում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆին հեռանալ ընկերությունից: Ագարվալը հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բողոքում է, թե իբր Ռանդոլֆն իր ընկերությունից ստացված միջոցները չի ներդնում Հայաստանի ծրագրերում, հաշվի չի առնում հայկական բաժնեմասը ներկայացնողների կարծիքը ձեռնարկությունը կառավարելու հարցում: Այս ամենին զուգահեռ, Ագարվալն ուշացնում է վարկի գումարների վճարումը «First Dynasty Mines» ընկերությանը, ինչը հանգեցնում է հայկական կողմի դժգոհությանը կանադա-ամերիկյան ղեկավարության նկատմամբ: Արդյունքում հեռանում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆը:

Ընկերության խորհրդից հեռանում են նաեւ այն անդամները, ովքեր, հավանաբար, չէին ցանկանում վնասել իրենց հեղինակությանը Ագարվալի հետ աշխատելով: Ա. Ագարվալը վատ համբավ ուներ, իր երկրում նրա անունը կապվում էր կոռուպցիոն սկանդալների եւ բնապահպանական աղետների հետ: Արդյունքում Ագարվալը «First Dynasty Mines» ընկերության խորհրդում ձեռք է բերում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթ: Իրավիճակից օգտվելով` Ագարվալը պարզապես իջեցնում է իրեն պատկանող «Twinstar»ի կողմից «First Dynasty Mines» ընկերությանը տրամադրված փոխարկելի վարկի դիմաց տրամադրվող «First Dynasty Mines»-ի բաժնեմասի գինը, նույն գումարի դիմաց ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության անհամեմատ ավելի մեծ բաժնեմաս եւ, փաստորեն, տիրանում AGRC ընկերության 50% օտարերկրյա բաժնեմասին:

Արդյունքում Հայաստան է ուղարկվում AGRC համատեղ ձեռնարկության ազգությամբ հնդիկ նոր ղեկավարություն, որը մեկ առ մեկ, սակայն հետեւողականորեն ձերբազատվում է ձեռնարկության կանադացի, ամերիկացի եւ ավստրալացի գրեթե բոլոր մասնագետներից: Ձեռնարկության պետական մասնաբաժինը 2002 թ. ամբողջությամբ վաճառվեց Անիլ Ագարվալի ընկերությանը` «Ստերլիտ գոլդ»-ին («Sterlite Gold»): Անիլ Ագարվալը դարձավ «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության միակ սեփականատերը: 2007-ի օգոստոսին Հայաստանի կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազությանը կարգադրել է արգելք դնել Լոնդոնի «Vedanta» ընկերության` Սոթքի ոսկու հանքի նկատմամբ ունեցած իրավունքների օտարման փորձի վրա:

Վեցամսյա նախաքննությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը բնապահպանության նախարարության անունից մտել էր դատարան` 1998-ից «Vedanta»-ի կանադական գրանցմամբ «Sterlite Gold» դուստր ձեռնարկությանը տրված Սոթքի հանքավայրի շահագործման արտոնագիրն անվավեր ճանաչելու հայցով: 2007 թ. ընկերությունը հնդիկ սեփականատերերից գնեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը: Գործարքը կատարվել է վրացական «Մադնեուլի» ԲԸ-ի միջոցով: «Մադնեուլի» ԲԸ-ն ռուսական «Պրոմինվեստ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Հիմնական սեփականատերերն են Սերգեյ Գեներալովը եւ Սիման Պովերենկինը: Գեներալովը Ռուսաստանի էներգետիկայի նախկին նախարարն է եւ Դումայի նախկին պատգամավոր: Սակայն այս բաժնետերերը հետագայում դուրս են մնացել: Եւ այսօր էլ հայտնի չէ, թե ովքեր են ընկերության իրական բաժնետերերը: