Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը համապետական ընտրություններով, թե՝ ոչ
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից հրավիրված սեմինար «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով, ընդդիմադիր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հրապարկախոսների, փորձագետների և նախկին քաղբանտարկյալների մասնակցությամբ։
Ելույթով հանդես եկավ օրվա բանախոսը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը։
Ասելիքս կփորձեմ շարադրել հետևյալ հաջորդականությամբ:
Նախ, սկզբից կներկայացնեմ այն գործընթացը, թե ինչպես վարչախմբին հաջողվեց 10-12 տարվա ընթացքում ձևավորել քրեաօլիգարխ համակարգ, որը կարողացավ քաղաքական պրոցեսներից դուրս մղել քաղաքական սուբյեկտներին:
Այնուհետև, կանդրադառնամ ներքաղաքական իրավիճակի գնահատականին, այդ իրավիճակի վրա ազդող հիմնական գործոններին, իսկ վերջում՝ հնարավոր զարգացումներին:
1998թ. մեզ բոլորիս հայտնի գործող անձինք, հասարակությանը դուրս մղելով քաղաքական գործընթացներից, կարողացան կեղծել ընտրությունների արդյունքները, և ուզուրպացնել իշխանությունը :
Արդեն 1999թ.-ի ԱԺ ընտրություններից հետո հայտնի զույգը համոզվեց, որ չունի հասարակության աջակցությունը, նախաձեռնեցին հավաքագրել և որպես հենարան ձևավորել հայաստանցու այն տեսակին, որը, մարդկությանը հայտնի, հայկական տականքի նոր տարատեսակն է :
Իշխող զույգը կարողացավ հմտորեն օգտագործել սրանց. հնարավորություն տվեցին ցանկացած ճանապարհով փող աշխատելու, այնուհետև՝ հավաքած կոմպրոմատներով նրանց օգտագործել ըստ անհրաժեշտության :
«Մարդկային» այդ տեսակը տարեցտարի ավելի կազմակերպվեց, դարձավ իրավիճակի տնօրինողը և իշխող կլանի հիմնական հենարանը:
Արդյունքում, այդ ոհմակն օգտագործվեց ոչ միայն ընտրությունները կեղծելու ու ժողովրդի դեմ որպես մահակ, այլև՝ աստիճանաբար այդ տեսակը ներքաշվեց պետական համակարգ :
Փաստացի վերոնշված տեսակը դարձավ իշխող կլանի հիմնական սպասարկուն, ինչը հնարավորություն ընձեռեց հայտնի զույգին յուրացնել ամբողջ իշխանությունը իր բոլոր թևերով :
Վերջին տարիներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո ժողովուրդը ըմբոստանում է և առանց վախենալու իր վրդովմունքն է արտահայտում ընտրակեղծիքների դեմ, վարչախումբը նոր նախաձեռնություն հանդես բերեց՝ հավաքագրել և օգտագործել եվրոպական տեսքով ու նիստուկացով, կարիերիստ երիտասարդներին:
Ըստ իս, այս ջահելները շատ ավելի վտանգավոր են, քան քրեաօլիգարխ համակարգի սափրագլուխները, որովհետև, եթե վերջինները միայն հրաման կատարող են, ապա անհայրենիք, կոսմոպոլիտ երիտասարդներն ինչ-որ պահի կարող են ինքնուրույն որոշումներ ընդունել, և շատ շուտով ականատես կլինենք չափված-ձևված, նույնիսկ հաճելի տեսքով երիտասարդության, որոնք էլ ավելի արդյունավետ ու անտեսանելի, առանց աղմուկի կկեղծեն ընտրությունները:
Ի տարբերություն ընդդիմությանը, որն իր քայլերի հիմքում դնում է ազգային ու պետական շահը, իշխող վարչախմբի հիմնական նպատակը փող աշխատելն է, ինչը հնարավոր է միայն իշխանությունը պահելու ճանապարհով:
Եվ այդ խնդիրը լուծելու համար վարչախումբը կեղծել ու շարունակում է կեղծել բոլոր մակարդակի ընտրությունները, մասնավորապես՝ 2003թ. նախագահական ու ԱԺ-ի, 2005թ. սահմանադրական հանրաքվեն, 2007թ. ԱԺ, 2008թ. նախագահական, 2009թ. Երևանի ավագանու և 2010թ. ԱԺ թիվ 10 ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունները:
Կարելի է եզրակացնել, որ ավազակապետական համակարգը համապետական ընտրություններով, առավելևս՝ հերթական, իշխանությունը չի զիջելու, եթե այդ ընտրության պատվիրատուն հասարակությունը չի հանդիսանալու:
Փորձենք հասկանալ, թե հասարակությունը երբ կարող է հանդես գալ, որպես ընտրության պահանջատեր ու պատվիրատու:
Դա հնարավոր է միմիայն քաղաքական ընդդիմության ղեկավարությամբ:
Ընդդիմության քայլերը պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ վարչախմբին պարտադրվի հրաժարական տալ, և անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:
Միայն ու միայն արտահերթ նախագահական ընտրություններ, որովհետև չի բացառվում, որ վարչախումբն իրավիճակը լիցքաթափելու նպատակով գնա արտահերթ ԱԺ-ի ընտրություններին, որի դեպքում ռեժիմը փորձելու է վերստին գործի դնել ընտրակեղծիքների համակարգը, և հնարավոր հասարակության անտարբերության պայմաններում նրանց հաջողվի կրկին թվանկարչությամբ հրապարակեն ընտրությունների իրենց ցանկալի արդյունքները:
Հիմա անրադառնամ այն գործոններին, որոնք ըստ իս Հայաստանում կարող են բերել իրավիճակի փոփոխությանը:
Ես կցանկանայի հատկապես անրադառնալ հասարակության հոգեվիճակին, թե քաղաքական հնարավոր զարգացումների դեպքում, ինչպիսի դրսևորումներ կարող է հանդես բերել:
Այն, որ մեր ժողովուրդը հիմնականում դժգոհ է վերջին 10-12 տարիներին Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգից, բոլորիս է հայտնի, նաև հայտնի է, որ այդ համակարգը շարունակում է սանձարձակորեն թալանել ժոդովրդին:
Հույս ունենալով, որ այդ համակարգն ինքնիրեն ներքին հակասությունների արդյունքում կարող է փլուզվել կամ էվոլուցիոն ճանապարհով վերափոխվել ու դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, գրեթե բացառված է:
Չնայած այս ամենը հասկանում է նաև ժողովրդի քաղաքացիական որակներ կրող զանգվածը, որը պետք է դառնա հասարակության առաջնորդողը, այնուամենայնիվ, կա լուրջ մտավախություն, թե մեր հասարակությունն անհրաժեշտ պահին արդյոք կարձագանքի ընդդիմության համապատաասխան քայլերին և կոչին՝ ուղղված վարչախմբին պարտադրվող հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրությունների պահանջին:
Պետք է խոստովանեմ, որ նախկինում, եթե այդ հարցում վստահ էի, որ անհրաժեշտ պահին ժողովուրդը դուրս կգա հրապարակ, ապա վերջերս ունեմ մտավախություն, ասվածը հիմնավորում է նաև ավազակապետության սպասարկող կուսակցությունների շարքերը վերջերս բիրիքով համալրելու փաստերը, ինչից կարելի է հետևություն անել, որ կա անվստահության մթնոլորտ իշխանափոխություն իրականացնելու հարցում:
Լրջագույն խնդիր է նաև մեր հասարակության ակտիվ մասի արտագաղթը, ըստ էության հիմնականում հեռանում են ստեղծված վիճակի հետ չհամակերպվող զանգվածը:
Հաջորդ գործոնը՝ արտաքինն է, որի ազդեցությունը վերջին տարիներին էական մեծացել է: Պատճառը՝ գործող վարչախումբի խոցելիությունն է և առաջին հերթին ՝ լեգիտիմության բացակայությունն է:
Արտաքին գործոնի ազդեցությունը բացատրվում է գերտերությունների շահերով, ինչպես տարածաշրջանային ազդեցության մեծացմամբ, այնպես էլ հակամարտությունների լուծման իրենց ցանկալի սցենարով, ինչին վարչախումբը դիմակայելու ռեսուրս չունի, որովհետև իշխանություններն իր բոլոր լծակները, հնարավորությունները ու ժամանակը ծախսում է աթոռները պահելու համար:
Մաթեմատիկական ձևակերպմամբ՝ արտաքին գործոնի ազդեցությունը հակադարձ համեմատական է ներքին գործոնից, այսինքն՝ որքան հասարակությունը քաղաքացիական հասունություն է հանդես բերում, այնքան իրավիճակի վրա ներազդելու նրա հնարավորությունը մեծանում է, ապա այդ դեպքում փոքրանում է արտաքին գործոնի չափաբաժինը:
Վարչավումբը գիտակցաբար, թե անգիտակցաբար ազգային ու պետական շահերը ստորադասեց անձնական ու կլանային շահերին, որի արդյունքում իրենք դարձան արտաքին ուժերի պատանդը, իսկ երկիրը՝ անչափ խոցելի:
Այնուամենայնիվ, այս բոլորով հանդերձ, ընդդիմությունն էլ ավելի արդյունավետ պետք է աշխատի ժողովրդի հետ, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ պահին հասարակությանը համախմբել և, որ ամենակարևորն է, այդ պահը պետք է հասունացնի ընդդիմությունը:
Հակառակ պարագայում, որքան ժամանակը ձգվի, այնքան կդժվարանա ավազապետական համակարգից համապետական ընտրություններով ազատվելու հնարավորությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել