HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մարտի 1»-ի դեպքերը դեռ բացահայտված չեն

Նման կարծիք են կազմել պատգամավորները Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի` 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի դիտարկման եզրակացությանը: «2008թ. մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ մոնիտորինգային հանձնաժողովի գործունեությունը վկայում է, որ իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու և քաղաքացու տարրական իրավունքները և գնում են ժողովրդավարությանը հակառակ ուղղությամբ»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա, անդրադառնալով հանձնաժողովի հրապարակած դիտարկմանը, նշեց, որ այդ զեկույցին, բացի աղավաղված լինելուց, ուրիշ գնահատական տալ չի կարելի: «Ի՞նչ է արվել այս ժամանակահատվածում: Ոչինչ, բացառությամբ մի քանի տեխնիկական բնույթի հարցերի: Խնդիրներին տրվել են ձևական պատասխաններ: Ձեր իրականացրած մոնիտորինգն ու բարեփոխումները հակաժողովրդավարական, հակասոցիալական են»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա, դիմելով հանձնաժողովին, հայտարարեց, թե մեծ հաշվով մեր երկրում դեռ չի հաստատվել Սահմանադրությունը հարգելու ավանդույթը, ավելին, իր գործողություններով հանձնաժողովն արհամարհում է մայր օրենքը: Պատգամավորն առաջարկեց ստեղծել անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի մարտի 1-2-ից հետո երկրում ստեղծված իավիճակը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնպես կարծում է, որ մարտի 1-2-ի հետևանքները դեռ վերացված չեն, բացահայտված չեն նաև ողբերգության պատճառները: «Պետությունը գնահատական չի տվել ոչ պատճառներին, ոչ կատարողներին: Եթե հանրապետության երեք նախագահները` որպես կարևորագույն դերակատարներ, հարցաքննված չեն, 10 անձանց սպանությունները բացահայտված չեն, ի՞նչ մոնիտորինգ եք անում: Եթե 11 մարդ դեռ իր քաղաքական հայացքների համար բանտերում է, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter