Վարչապետը` Կոտայքում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ` Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։
Ձորաղբյուրն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ 2008-ից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։
Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 113 մլն դրամ, իսկ որպես պետական սուբվենցիա կառավարության կողմից հատկացվել է 20 մլն դրամ։ Գործադիրի ղեկավարը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել պայմաններին։
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Գառնիում, որտեղ տեղի է ունեցել համայնքի համար կենսական նշանակություն ունեցող «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարի բացումը, որի կառուցումը սկսվել էր 2008 թվականից։
Այցի ավարտին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը նշել է, որ եկող տարի ոռոգման համակարգում մեծ ծավալի աշխատանքներ կիրականացվեն։
«Մեր ենթակառուցվածքային ծրագրերը ենթադրում են, որ ճանապարհաշինարարությունը մեծ թափով կշարունակվի, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության առաջին քայլերը պետք է կատարվեն։ Մրցույթները հայտարարված են, և մենք հույս ունենք, որ նոր մշակույթ է ներդրվելու նաև ճանապարհաշինության ոլորտում։ Էներգետիկայի ոլորտում սկսվելու են իրականացվել մեծածավալ ծրագրեր, հոսանքի տեղափոխման համար ենթակառուցվածքներ կստեղծվեն»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, կարևորելով տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը` Տ. Սարգսյանը նշել է. «Ենթակառուցվածքները պետության ֆինանսավորման համար առաջնահերթություն են։ Մենք ավարտին կհասցնենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների իրականացման վերջին` երրորդ փուլն է սկսվում և ներդրումների ծավալն աղետի գոտում կհասնի մոտ 250 մլն դոլարի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել