Ոչ պետական կրթական որոշ հաստատություններ չեն պահպանում լիցենզիայի պահանջները
Վերահսկիչ պալատը կրթության և գիտության համակարգում ուսումնասիրել է լիցենզիայի տրամադրման կարգն ու պահանջների պահպանությունը և պարզել, որ մի շարք կրթական հաստատություններ գործունեություն են ծավալում թերություններով, երբեմն՝ ապօրինի։ Ընտրանքային կարգով ուսումնասիրվել են ոչ պետական բուհեր, որոշ պետական բուհեր, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։
Որպեսզի բուհը լիցենզիա ստանա պարտավոր է պահպանել 5 կարևոր պայման. Առաջինը՝ տարածքը. յուրաքանչյուր ուսանողին պետք է հասանելի լինի 8.02 քմ տարածք։ Երկրորդ՝ պրոֆեսորադասախոսական կազմում առնվազն 50 տոկոսը պետք է լինեն տվյալ բուհի հիմնական դասախոսները, երրորդ՝ տվյալ բուհի պրոֆեսորադասախոսական կազմում առնվազն 50 տոկոս գիտական աստիճան կամ կոչում ունեցող դասախաոսներ պետք է լինեն, չորրորդ՝ բուհում առաստաղի բարձրությունը պետք է լինի 3 մ։ «Պատկերացրեք՝ 2-մետրանոց լսարանում հայտնվի 2 մ հասակ ունեցող ուսանող»,- օրինակ է բերում Իշխան Զաքարյանը։ Հինգերորդ՝ պարտադիր պետք է լինի գրադարան և մարզադահլիճ։
Այս պայմանները խախտել են Երևանի Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարանը։ Այս համալսարանը 8,2 քմ-ի փոխարեն ունի 4.26 քմ տարածք, առաստաղի բարձրությունը 3 մ-ի փոխարեն 2,60 սմ է։ Գրադարանը բացակայում է, իսկ մարզադահլիճի վարձակալության պայմանագիրը չունի նոտարական վավերացում, ինչը նշանակում է, որ այն պետական գրանցում չի ստացել։ Այսինքն՝ եթե բուհը դահլիճ չունի, կարող է վարձակալել, բայց այդ գործարքը նոտարական վավերացում և գրանցում պետք է ունենա։
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան յուրաքանչյուր ուսանողի համար 8,2 քմ-ի փոխարեն 7,8 քմ տարածք ունի, գիտական աստիճան ունեցող 50 տոկոսի փոխարեն՝ 45,5 տոկոս։
ՎՊ-ն եզրակացրել է, որ կրթական գործունեությունը առանձին դեպքերում իրականացվում է ՀՀ օրենքների պահանջների խախտումներով, ինչը հիմք է տալիս տվյալ հաստատությունների լիցենզիաների կասեցման համար։
ՎՊ-ն եզրակացրել է նաև, որ պետական ուսումնական հաստատությունները չեն հավատարմագրվել՝ խախտելով «Կրթության մասին» ՀՀ օրենքը։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթաց ՀՀ-ում փաստացի չի իրականացվել։ Հաստատված չեն կրթության ապահովման չափանիշներն ու չափորոշիչները։ Ոչ պետական բուհերի տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները ԿԳՆ լիցենզավորման վարչության կողմից հաշվարկված չեն ՀՀ տարածքում գործող շիննորմերով, չի ապահովվել կառավարության որոշմամբ սահմանված կարգը։
Ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում, Լ. Օրբելու անվան համալսարանում, «Գալիք» համալսարանում, Կովկասի ինստիտուտում, Երևանի էկոլոգիայի, տնտեսագիտության, իրավունքի հայկական ինստիտուտում, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայում, Գեղեցիկ արվեստների ազգային ինստիտուտում, «Ուրարտու» համալսարանում, «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում, «Ռոսլին» արվեստի ինստիտուտում, Ա. Շիրակացու միջազգային հարաբերությունների ինստիտուտում, Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտում, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում, Արտաշատի «Արտաշատ» համալսարանում։
Ինչպես տեղեկացրել է ԿԳ-ն, ստուգումների արդյունքում ամբողջությամբ կասեցվել է Արտաշատի «Արտաշատ» համալսարանի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով տրված գործունեության լիցենզիան, մասնակի՝ Երևանի էկոլոգիայի, տնտեսագիտության, իրավունքի հայկական ինստիտուտում՝ ֆինանսներ, իրավագիտություն, օտար լեզու և գրականություն ուսուցման ծրագրերը, Երևանի «Գալիք» համալսարանում՝ իրավագիտություն, կառավարում, օտար լեզու և գրականություն ուղղությունները, մյուսները՝ զգուշացվել են վերացնել թերությունները։
Եվս 7 բուհերում հիմա ընթանում են նմանատիպ ստուգումներ և ավարտից հետո ՎՊ-ին կտրամադրվի ամփոփ տեղեկատվություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել