HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Պայքար հողմաղացների դեմ. վարչապետի հակակոռուպցիոն «հարձակումը»

Նոյեմբեր ամիսը իշխանությունն սկսեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու վճռականությամբ: Սկզբից երկրի նախագահը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում դժգոհեց մաքսային ծառայությունների աշխատանքի որակից ու անցակետերում սպասարկման անմխիթար վիճակից:

Իսկ հաջորդ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ մի տպավորիչ ելույթով` ոչ այն է ազդված Կառավարության գործունեությունից նախագահի փաստացի հնչեցրած դժգոհությունից, ոչ այն է` իր վերահսկողության ծառայության վերջին բացահայտումները հրապարակելու մղումից ելնելով: Վարչապետի ելույթն ավելի հասցեական էր, վերաբերում էր կոնկրետ խնդիրների, կոնկրետ գերատեսչությունների և այդ խախտումների ու կոռուպցիոն դրսևորումների հետ առնչություն ունեցող կոնկրետ պաշտոնատար անձանց:

Նման բան ՀՀ կառավարության պատմության մեջ կատարվել էր ընդամենը մեկ անգամ` 2010-ի փետրվար-մարտին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու պատճառաբանությամբ, նախ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին, ապա և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկու քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատեց: Այս անգամ, սակայն, վարչապետի «հարձակումն» ավելի տոտալ բնույթ է կրում: Եվ չնայած այդ ամենին` Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարությունները շատ ավելի տեղիք տվեցին մտահոգությունների և առաջ քաշեցին նոր հարցադրումներ, քան փարատեցին դրանք կամ հույսեր ներշնչեցին: Եվ ահա թե ինչու: 1. Խոսելով թունաքիմիկատների առևտրի ընթացքում գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման և բուսասանիտարիայի վարչությունների սխալների ու թերությունների մասին` վարչապետն անուղղակիորեն հաստատում է, որ նույնիսկ խախտումներ կամ առնվազն աչքակապություն է եղել նաև հենց գյուղատնտեսության նախարարության իրականացրած առաջին ստուգումների ժամանակ: Որովհետև գնալով գյուղնախարարության իրականացրած ստուգումների հետքերով` վարչապետի վերահսկողական ծառայությունը մեկի փոխարեն, ինչպես ներկայացվել էր առաջին ստուգման արդյունքում, խախտում էր հայտնաբերել «բոլոր օբյեկտներում», որոնք, ուշադրություն դարձնենք` «չեն արձանագրվել»: Եվ ահա ստացվում է, որ թունաքիմիկատների առքուվաճարքի ոլորտում հայտնաբերված թերությունների համար կարելի է ազատել լիցենզավորման վարչության և բուսասանիտարիայի տեսչության պետերին, իսկ ստուգման ժամանակ խախտումները չարձանագրելու հանգամանքը կարելի է անտեսել: Հետաքրքրական կլիներ իմանալ` վարչապետի վերահսկողական ծառայությունը հարցրե՞լ է ՀՀ գյուղատնտեսության նախարարին, թե բոլոր օբյեկտներում խախտումներ լինելու պարագայում ինչու է ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում արձանագրվել, իսկ մյուսները, ինչպես նշում է վարչապետը, ուղղակի «չեն արձանագրվել»: 2. Խոսելով գյուղացիներին անտոկոս վարկերի տրամադրման ոլորտում առկա խնդիրների մասին` վարչապետն ուղղակիորեն հայտարարում է, որ գյուղացիներին հատկացվող այդ գումարներն անհայտացել են. «Անթույլատրելի է, որ մենք ունենք հատկացված ֆինանսական միջոցներ, և այդ փողը չի հասնում գյուղացիներին»,-պարզ ու հասկանալի ասում է վարչապետը: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ոչ թե ինչ-որ վարչական կամ ընթացակարգային խախտման, այլ քրեական բնույթ ունեցող հանցագործության, որովհետև վարչապետի ասածը այլ բան, քան պետական միջոցների յուրացման դրսևորում, դժվար է համարել: Իսկ դրա համար ոչ թե կառուցվածքային կամ կադրային փոփոխություններ են իրականացնում, ինչպես հանձնարարում է վարչապետը, այլ գործերը հանձնում են դատախազությանը և քրեական հետապնդում սկսում: Այն, որ նման բան չի արվում, արդեն մտորումների տեղիք է տալիս: 3. Կարիք կա առանձնահատուկ անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարարին տրված հանձնարարականին: Տիգրան Սարգսյանն ասում է. «10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ»։ Չափազանց գեղեցիկ է հնչում: Սակայն ստացվում է, որ աշխատակազմի ղեկավարն ու փոխնախարարներն են պատասխանատու, որ ողջ առողջապահության համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ, և ուրեմն նրանք էլ պետք է պատասխան տան: Բայց խնդիրը միայն սա չէ: Ինչպես հայտնի է, նախարարի տեղակալները հայեցողական պաշտոններ են, որոնք համալրվում են ըստ կոալիցիոն ներքին պայմանավորվածությունների: Եվ ահա ստացվում է, որ նախարարը վարչապետին պետք է առաջարկի փոխել այդ մեղավոր փոխնախարարներին և նրանց փոխարեն նշանակել «հրեշտակների»: Բայց դա անելու համար առողջապահության նախարարը պետք է հիմնավորի, որ ահա այս կամ այս փոխնախարարը այս կամ այս հարցում թերացել է, ու դրա արդյունքում է, որ, օրինակ, պետպատվերի շրջանակներում իրականացվող բժշկական ծառայության համար օրինակ, Սյունիքի մարզի այսինչ պոլիկլինիկայում այսինչ բժիշկն այսքան գումար է վերցրել հիվանդից: Ուղղակի անհնար է պատկերացնել, թե դա ինչպես է անելու նախարարը, որովհետև նրանից կոնկրետ փաստեր են պահանջելու կոալիցիոն այն կուսակցությունները, որոնք փոխնախարարի պորտֆել ունեն այս նախարարությունում: Իսկ եթե վարչապետը կոնկրետ տեղեկություններ ունի կոնկրետ անձանց կոռուպցիոն գործունեության կամ անգործության մասին, ապա ստացվում է, որ դրանք բացահայտելու խնդիրը նա դնում է նախարարի վրա: Հակառակ դեպքում ոչ ոք չէր խանգարում առանց ինչ-որ հանձնարարականների` մարդկանց ազատել զբաղեցրած պաշտոններից կամ կախված խախտման բնույթից` էլ ավելի հեռուն գնալ ու կոնկրետ մեղադրանք առաջադրել: 4. «Գյուղատնտեսության նախարարն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, և ես հանձնարարում եմ ձեզ, պարոն նախարար, որ այսօր լուծեք նաև բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»,-հայտարարում է վարչապետը` անգամ ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ ուղղակի խոսում է օրենքի բացահայտ խախտման մասին: Խնդիրն այն է, որ նախարարը չի կարող միանձնյա աշխատանքից ազատել աշխատակազմի որևէ վարչության կամ տեսչության պետի` այն պարզ պատճարով, որ վերջիններս քաղաքացիական ծառայողներ են, և նրանց, ըստ համապատասխան օրենքի, ազատել կարելի է ծառայողական քննություն իրականացնելու արդյունքում: Ուշադրություն դարձնենք` վարչապետը չի խոսում վարչության պետի` աշխատանքից ինքնակամ ազատվելու մասին, այլ շեշտում է, որ նախարարն է նրան ազատել պաշտոնից: Եթե նման ծառայողական քննություն անցկացված լիներ, ապա վարչապետը կարող էր հղում անել դրա արդյունքներին, ինչը տեղի չունեցավ: Ավելին, նա ուղղակիորեն հանձնարարում է գյուղնախարարին «այսօր լուծել նաև» բուսասանիտարական տեսչության պետի հարցերը` ակնհայտ իմանալով, որ դա ոչ այսօրվա, ոչ էլ վաղվա խնդիր չի կարող լինել, եթե տեսչության պետն ինքը հրաժարական չտա: Այսինքն` խոսքը կամ հրաժարական պարտադրելու, կամ օրենքի խախտման մասին է: Տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան այդ քաղաքացիական ծառայողների մեղավորությանը կամ անմեղությանն է վերաբերվում, որքան քաղաքացիական ծառայության համակարգի նկատմամբ ունեցած վերաբերմունքի: 5. Ի դեպ, նույնը վերաբերում է նաև ֆինանսների, կրթության և գիտության և հատկապես առողջապահության նախարարներին տրված հանձնարարականներին: Ըստ դրանց` 10 օրվա ընթացքում նախարարները առաջարկություններ պետք է ներկայացնեն, թե ինչպես իրականացնել կառուցվածքային փոփոխություններ` առկա խնդիրը և (որքան էլ տարօրինակ հնչի) կոռուպցիան վերացնելու համար, ինչպես նաև պետք է տան կադրային լուծումներ: Հարց է առաջանում` ինչի՞ համար են կատարվելու կառուցվածքային այդ փոփոխությունները: Արդյոք ֆինանսների նախարարության աշխատակազմի տվյալ վարչության կամ բաժնի կառուցվա՞ծքն է պատճառը, որ գյուղացիներին հատկացված գումարները տեղ չեն հասել: Ասենք` եթե այդ ստորաբաժանումն ունենա ոչ թե 10 աշխատակից, այլ` 7, կամ ոչ թե 4 գլխավոր մասնագետ, այլ` 2, այդ գումարները սկսելո՞ւ են հասնել գյուղացիներին: Այս հարցերը որևէ տրամաբանական բացատրություն չունեն և չեն կարող ունենալ, եթե կառուցվածքային փոփոխությունները կադրային լուծումներն ավելի դյուրին դարձնելու և քաղծառայության բարդ ընթացակարգերը շրջանցելու խնդիր չեն հետապնդում: 6. Իսկապես, յուրօրինակ մոտեցում է ցուցաբերվում կոռուպցիայի դեմ պայքարին: Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարում է «10 օրվա ընթացքում ներկայացնել պարզ և հասկանալի գործողությունների ծրագիր, որպեսզի մենք այլևս չհանդուրժենք կոռուպցիոն երևույթները կրթական համակարգում»: Ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությունն առաջնորդվում է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրով», որով կոնկրետ միջոցառումներ են նախատեսված նաև կրթության ոլորտի համար: Եվ հիմա ստացվում է, որ այդ ծրագիրն իրեն չի արդարացնում: Վարչապետը, փաստորեն, խոստովանում է, որ Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը ձախողվել է, և որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոց` որդեգրվում է լոկալ գործողությունների տարբերակը: Այսինքն` կրթության և գիտության նախարարությունն իր համար, առողջապահության նախարարությունն իր համար, և ընդհանրապես բոլոր ոլորտները համակարգող պետական կառավարման մարմիններն ամենքն իրենց համար սկսելու են առանձին-առանձին  ներկայացնել տվյալ ոլորտներում կոռուպցիան արմատախիլ անելու «պարզ և հասկանալի գործողությունների ծրագիր»: Այս ամենն իսկապես մտահոգիչ է, որովհետև հասկանալի չէ` ինչն է իրական շարժառիթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter