Գույքահարկի կատարողականը` 89,3 տոկոս
Այսօր տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ, որում ներկայացվել եւ ի գիտություն է ընդունվել ընթացիկ տարվա 9 ամսվա համայնքային բյուջեների կատարողականի մասին հաշվետվությունը: Ընդամենը եկամուտների մասով կատարողականը կազմել է 91,6 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 64,3 տոկոս է կամ 23,4 մլրդ դրամ, սեփական եկամուտների կատարողականը 86,3 տոկոս է, աճը` 12,6 տոկոս կամ 1,7 մլրդ դրամ:
Գույքահարկի կատարողականը կազմել է 89,3 տոկոս` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 16,2 տոկոսով կամ 931 մլն դրամով: Հողի հարկի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 2,6 տոկոս նվազում. կատարողականը կազմել է 82 տոկոս: Հատկապես հավաքագրման մակարդակը ցածր է Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ դժվարությունները չեն կարող հարկային պարտավորությունների չկատարման պատճառ լինել: Նա ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանին հանձնարարել է մարզպետների ուշադրությունը հրավիրել այդ ցուցանիշների վրա, որպեսզի վերջիններս աշխատանքներ տանեն դրանք բարելավելու ուղղությամբ:
Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ 2011թ. համայնքներին հատկացվող դոտացիաների խնդրին` անհիմն համարելով դոտացիաների նվազման մասին հայտարությունները: Նա նկատել է, որ 2011թ-ին ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված դոտացիայի ընդամենը գումարը կազմել է համախմբված բյուջեի մոտ 4,6 տոկոսը (32,5 մլրդ դրամ)` նախորդ տարիների 4 տոկոսի համեմատ: Փոխվարչապետը հիշեցրել է, որ դոտացիայի հաշվարկման ժամանակ օգտագործվում են համայնքների կողմից մարզպետարաններ ներկայացված հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային ցուցանիշները, հաշվարկման հիմք է հանդիսանում նաեւ ազգային վիճակագրական ծառայության կողմից ֆինանսների նախարարությանը տրամադրած բնակչության թվաքանակը:
Վերոնշյալ գործոններով պայմանավորված` մի շարք համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները նվազել են, մյուսներինը` ավելացել: 2011թ-ի համար բոլոր մարզերում դոտացիայի ծավալներն ավելացել են, բացի Արմավիրի մարզից եւ Երեւան քաղաքից:
Նիստում քննարկվել է նաեւ ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի նախագիծը: Ըստ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի` փոխվարչապետը հանձնարարել է լրամշակել փաստաթուղթը, կոլեգիայի անդամներին եւս կոչ է արվել ներկայացնել առաջարկություններ նախագծի վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել