HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Ու՞ր եք գնում, մի՞թե մեր ցավը մեզ հերիք չէ...»

2007 թ. երգահան Արմեն Մովսիսյանը հեռացավ Հայաստանից: Այժմ նա ապրում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Արմեն Մովսիսյանին համարում են «հեղինակային երգի վարպետ»: Նա հայտնի է իր «Վեր կաց, եղբայր», «Զինվորի երգը», «Քեզի, իմ սիրելիս» եւ այլ երգերով: 60 երգ ունի ձայնագրած, չձայնագրած` մոտ 100, Հայաստանում մի քանի տեսահոլովակ է նկարահանել, որոնք իրեն «նվիրել էին», այսինքն` նկարահանել են անվճար:

Երգահանը հրաժարվում է հարցազրույցներից, քանի որ առաջին հարցը գրեթե միշտ լինում է Հայաստանից հեռանալու մասին: Հեռանալու պատճառների մասին Ա. Մովսիսյանը բազմիցս խոսել է:

2 տարի առաջ խոսում էինք նոր ձայնասկավառակի եւ երգադարանի մասին, ավարտե՞լ եք արդեն:

Ժամանակս շատ սուղ է, դրանք եկող տարվան մնացին: Այժմ մի դպրոց եմ հիմնել` 50 աշակերտից բաղկացած, որոնց հայերեն երգ եւ կիթառ եմ սովորեցնում, ցավոք սրտի, Լոս Անջելեսում փորձում ենք երգերի միջոցով պահել հայերենը: Հուսով ենք` կստացվի: Այս դպրոցը դեռեւս անուն չունի, եկեք այդ մասին դեռեւս չխոսենք:

Դրսում ստեղածագործելը դժվար չէ՞:

Շատ բարդ է, հայ մարդու համար այստեղ ստեղծագործելը դժվար է, հայրենի հողում մեծ էներգիա ես ստանում ստեղծագործելու համար, բայց դրանից հետո կամաց-կամաց ամեն ինչ սկսում է մարել: Հիմա շատ ավելի կարոտի եւ ցավի նոտա կա:

Ի՞նչ եք կարծում` կիթառի դասերով հայը հայ կմնա՞:

Ես հասկացա, որ արյունը ջուր չի դառնում, մի բան մնում է գեներից: Իմ անձնական դիտարկումներով կարող եմ ասել, որ դասերի սկզբում երեխաները հայերեն չէին խոսում, երգի միջոցով փորձում եմ սովորեցնել հայերեն, արտասանելը սովորում են, լատինատառ հայերենով են հայերեն սովորում երբեմն, ինչքանով որ ստացվում է, բայց կարծում եմ` մի քիչ գոնե ստացվում է: Չնայած, ուշ թե շուտ, մի սերունդ ավել, մի սերունդ պակաս, սփյուռքը ուծանալու է, չեն օգնի անգամ Արմեն Մովսիսյանի երգերը: Ելք չկա, ելքը հայրենիք վերադառնալն է:

Դասախոսներիցս մեկն ասում է, որ Հայաստանում փոփոխություններ չլինելու պատճառը արտագաղթն է, որովհետեւ ակտիվ հատվածը լքում է Հայաստանը, այսինքն` լիցքը չի մնում երկրում, իսկ պարպված երկրում փոփոխություններ չեն կարող լինել:

Գիտեք, ես համաձայն եմ: Չգիտեմ` ինչն է խաթարված մեր մեջ, որ մենք գնացինք ասիական երրորդ աշխարհի երկիր սարքելու ճանապարհով, մենք չուզեցինք օրինականության դաշտի գերակայություն, ընկերախպերաբարեկամական հարաբերությունների, կաշառքի փոխարեն գերադասեինք պարկեշտությունը, ինչքան կարելի է:

«Ո՞ւր եք գնում, մի՞թե մեր ցավը մեզ հերիք չէ». ձեր «Արտագաղթ» երգում եք ասում: Չնայած խոսատացել էի չհարցնել, բայց հարցրի, իսկ ե՞րբ եք վերադառնալու Հայաստան:

Շատ ցավոտ հարց եք տալիս: Կամա թե ակամա, ես հասկացա, որ այն, ինչով զբաղվում եմ վերջին 15 տարում, ինձ չի կարող ապահովել գոնե հաց հանապազօրյայով, դաժան բան եմ ասում: Հայրենիքում ինձ այդպես էլ բախտ չվիճակվեց ունենալ գոնե մեկսենյականոց սեփական բնակարան: Այդ մասին հաճախ չի խոսվել, բայց իմ համեստ համերգային հոնորարները միշտ էլ մեծ վերապահումներով են բավականացրել ազնիվ հաց հանապազօրյային: Ես հասկացա, որ ես այդ խաղի մեջ չեմ: Ես չսովորեցի ձեռք մեկնել, չսովորեցի ափսեներից օգտվել, չսովորեցի դառնալ «պալատական երգիչ», փառք Աստծո... հայրենի հողը էներգիա է տալիս, բայց դատարկություն է:

ԱՄՆ-ում գտաք բարեկեցություն, իսկ մնացա՞ծը:

Ես բարեկեցություն ման չեմ եկել, ես Հայաստանում «բոմժի» կարգավիճակում էի: Ես «Մերսեդես 600-ի» մասին չեմ երազել, ես կիթառի մասին եմ երազել: Այստեղ ես այսօր ինձ կարող եմ թույլ տալ գնել այնպիսի կիթառ, որի մասին այդտեղ անգամ չէի էլ երազում: Այսօր ինձ պետք չէ գտնել հովանավորներ, ովքեր ինձ կօգնեն երգ ձայնագրել: Դա չի նշանակում, որ ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, ես հայ եմ, ես շատ հայ եմ ամերիկացի դառնալու համար: Բայց կյանքը երբեմն ստիպում է լինես հայրենիքիցդ մի քիչ հեռու, որպեսզի հետո ավելի մոտ լինես, բայց ես եմ մնացել, ես հայ եմ:

Ի՞նչ պետք է փոխվի, որ երգահան Արմեն Մովսիսյանը վերադառնա Հայաստան:

Ես ուզում եմ, որ Հայաստանում նորմալ վերաբերմունքի արժանանա ցանկացած քաղաքացի` անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական վիճակից, որ մեկը չունենա ամեն ինչ, իսկ մյուսն ապրի ծայրահեղ աղքատության մեջ: Չեմ ուզում տուրիստի կարգավիճակով գալ, տեսնել Գառնին, Գեղարդը, Սեւանում լողալ, գնալ: Ուզում եմ զգամ, որ մենք մեր հայրենիքում օտար չենք: Երեւի այդ ժամանակ էլ կգամ: Ես ուզում եմ վերադառնալիս կարողանամ ապահովել հաց հանապազօրյաս: Լոս-ում հավանում եմ օրենքի գերակայությունը: Մարդու ինքնազգացողության համար դա բավարար է, երբ տեսնում ես, որ դու էլ, քո հարեւանն էլ հավասար եք: Այստեղ ամեն կերպ օգնում են, որ ոտքի կանգնես, այստեղ ամեն ինչ շատ պարզեցված է հասարակ մարդու համար: Ես ուզում եմ անկախ լինել, ինքս իմ կյանքը ապահովել եւ ապրել իմ երկրում: Կյանքում չեմ ների ինձ, եթե ծախեմ ազատությունս, դավաճանեմ ինքս ինձ:

Բայց ինչ-որ բան պետք է անել, չէ՞, որ ունենանք Ձեր երազած երկիրը, իսկ ո՞վ պետք է անի:

Գիտեք թե այդ հարցը ինձ չե՞մ տվել: Ես այդ հարցի պատասխանը դեռեւս չգիտեմ, անկեղծ եմ ասում, ես ինքս ինձ հետ էլ եմ վեճի մեջ: Սա վերջնական լուծում չէ: Ես ելքը չեմ գտնում, ինձ էդ ճանապարհը տարել է փակուղի:

Իսկ պայքարելը ելք չէ՞:

Սա փակուղի է, բայց պետք է պայքարել, այն կհասցնի մի բանի: Պատերազմից պարտված Ճապոնիան այսօր տեսնում ենք, թե ինչպիսի երկիր է: Մենք պատերազմը նույնիսկ հաղթել ենք, էդ երկիրը ինչի՞ պիտի այսօր այդպիսի խնդիրների առաջ կանգնի: Գուցե նոր սերունդը կարողանա՞ փրկվել մեզանից, ինձնից ու նրանցից, ովքեր այսօր իշխանության մեջ են: Համակարգի միջոցով փոփոխությունները ես համարում եմ անհնար: Պայքարեք, պայքարել պետք է, եթե դա ինչ-որ մի բան փոխում է, հաստավիզը ավելի քիչ է հարստանում, բայց սրանց դեմ անզոր ես, սրանք եկել են արյուն թափելու հոգեբանությամբ: Ժողովուրդը ինքը պետք է հասունանա, որպեսզի երեկ չասի` Լեւոն հեռացիր, այսօր` պայքար, պայքար մինչեւ վերջ, պետք է մեկը, որը իր կենսագրությամբ չի կեղտոտվել, մաքուր է մնացել, պետք է գտնենք էդ մեկին, ով կղեկավարի: Համակարգային փոփոխություններ են պետք, կերան-գնացին, կերան-գնացին, դա պետք է փոխել, 5000 դրամով ձայն առնելը պետք է չլինի: Պետության մեջ իշխանավորները ոչ թե սեփական բարեկեցությունը պետք է ապահովեն, այլ ժողովրդինը:

Ակտիվորեն հետեւում եք հայաստանյան իրադարձություններին եւ մասնակցում եք տարբեր ակցիաների:

Այո, ճիշտ եք: Կապ չունի իմ անձնական վերաբերմունքը նախագահի նկատմամբ, իմ դրոշը, զինանշանը ինձ համար բացարձակ արժեքներ են: Հայաստանի հեռուստատեսություն չեմ նայում, առողջությունս եմ խնայում, ինտերնետային կայքերի միջոցով եմ տեղեկանում: Ոչ թե ես հուսալքվել եմ, այլ ուղղակի հասկացել եմ, որ երկրի ղեկավարը պետք է լինի այնպիսի մարդ, որ օրինակ ծառայի իր օրինական կեցվածքով, մինչեւ դա չլինի, ընտրությունները կլինեն թայֆաբազություն եւ խեղկատակություն: Երբ մեր սերնդին հարցնում էին` ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էինք` ինժեներ, զինվոր, տիեզերագնաց, բայց ոչ մեկը չէր երազում դառնալ առեւտրական, «նալոգվու» պետ, ո՞րն է ավելի արժեքավոր: Անկախության ժամանակ բոլորս խանդավառ էինք, որպես ուսանող էլ շատ ակտիվ եմ եղել, դա երիտասարդական ռոմանտիզմ էր, մենք հավատում էինք, որ ունենալու ենք արդար, մեր երազած երկիրը:

Ժողովրդի հոգեբանության մեջ փոփոխություններ առաջացնելու առումով մտավորականները անելիք չունե՞ն, նրանք չպե՞տք է մշտապես կապի մեջ լինեն ժողովրդի հետ:

Այսօր Հայաստանում լավ մտավորական խավ կա, որոնց հասարակությունը չի ճանաչում, նրանք անում են իրենց գործը եւ քաշվում մի կողմ, հեռուստատեսությամբ նրանք չեն երեւում, ժողովուրդն էլ նրանց չի ճանաչում:

Այն ժամանակ երազել եք կիթառ ունենալ, արդեն ունեք, իսկ հիմա ինչի՞ մասին եք երազում:

Որ ասեմ Գլենդեյլի սարերում տուն (ծիծաղում է): Ուզում եմ հայրենիք վերադառնալ, տանիք առնել գլխիս վրա, էլ չապրել բոմժի պես, կարողանալ ապահովել հաց հանապազօրյաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter