Կենտրոնական բանկը արձագանքում է
«Հետքի» նախորդ համարներից մեկում հրապարակել էինք մի հոդված, որտեղ ներկայացվել էր, թե ինչպես է «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյանը իր իսկ հրամանով իրեն սպասարկող ավտոմեքենային հատկացնում օրական 25 լ բենզին` շաբաթ եւ կիրակի օրերը ներառյալ:
Լյուդվիգ Սարգսյանին սպասարկում է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա: Այս ավտոմեքենան, ըստ մասնագետների, քաղաքում 100 կմ-ի վրա ծախսում է 10 լ բենզին: Իսկ դա նշանակում է, որ Երեւանում տնօրենը ամեն օր պետք է երթեւեկի նվազագույնը 250 կմ: «Հայինկասացիա»-ի միակ բաժնետերը Կենտրոնական բանկն է (ԿԲ), իսկ դա նշանակում է, որ ընկերությունը հաշվետու է միայն ԿԲ-ին: ԿԲ-ին խնդրել էինք մեկնաբանել հրապարակված փաստերը: Ստորեւ` պաշտոնական մեկնաբանությունն ամբողջությամբ: Արձագանքելով «Հայինկասացիա» ՓԲԸ-ի վերաբերյալ «Հետք» ինտերնետային թերթի հոկտեմբերի 25-ի ««Հայինկասացիա»-ի տնօրենը օրն անցկացնում է մեքենայի մեջ» հրապարակմանը` հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է «Հայինկասացիա»-ի տարեկան բյուջեն, համաձայն սահմանված ընթացակարգերի, որը ենթադրում է անհրաժեշտ հիմնավորումներ եւ հաշվարկներ: Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաների համար նախատեսված կոնկրետ սահմանաչափերին, ապա դրանք միանձնյա կերպով հաստատվում են «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր տնօրենի կողմից: Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն ՀՀ մարզերում ունի տարածաշրջանային կենտրոններ, որտեղ հաճախակի այցելություններ են կատարվում աշխատակիցների, այդ թվում նաեւ ղեկավար անձնակազմի կողմից: Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ կարվի ուսումնասիրություն, որի արդյունքները կքննարկվեն առաջիկայում գումարվելիք «Հայինկասացիա» ՓԲԸ խորհրդի նիստի ընթացքում»,- նշված է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության պարզաբանման մեջ: Հուսով ենք, որ վերոհիշյալ խորհրդի նիստում քննարկվելու է հատկապես այն հարցը, թե ինչ է անում մարզերում «Հայինկասացիա»-ի տնօրենը շաբաթ եւ կիրակի օրերին: Ավելացնենք նաեւ, որ մարզեր գործուղվելու դեպքում պետք է լինեն այլ հրամաններ, իսկ «Հետք»-ի ներկայացրած փաստերը դրանց չեն առնչվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել