HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերեվարված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր

Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված՝ 27.02.1990թ). գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին:

Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների  տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը, նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից: 2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով: Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ. Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝  ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին  դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հայտնում է, որ նախաքննության, դատաբժշկական փորձաքննության ընթացքում հետազոտության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter