HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Քարը գցել է ծովը, չեն կարողանում հանել»

Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցի թիվ 11 առանձնատան բնակիչները հուսահատության մեջ են: Սեպտեմբերից դադարեցվել է 4 հոգանոց այս ընտանիքին ամսական 19 500 դրամ ընտանեկան նպաստի վճարումը: Հիմա ընտանիքի եկամուտը 73-ամյա Նվարդ Դոլինյանի ստացած 19 հազար 900 դրամ կենսաթոշակն ու նրա որդու` Սարգիս Զալինյանի հաշմանդամության 9600 դրամ թոշակն է:

«Ամեն ինչ սկսվեց այս տարվա մայիսի սկզբին, երբ մեզ զանգահարեց Նոյեմբերյանի անձնագրային խմբի ավագ տեսուչ Հայկ Մամյանը եւ ասաց, որ թյուրիմացություն է եղել, որ մեր տանը գրանցված են ուրիշ 3 անձինք»,-ասում է 34-ամյա Սարգիս Զալինյանը: Զալինյանները պարբերաբար Նոյեմբերյանի սոցիալական ծառայություն են ներկայացրել քաղաքապետարանից ընտանիքի կազմի վերաբերյալ ստացած տեղեկանք: Այդ տեղեկանքում միայն Զալինյան ընտանիքի 4 անձանց անուններն են նշված եղել: Նրանց տունը կառուցվել է 1970 թ., 1990-ին կառուցվել է երկրորդ հարկը: Պարզվել է, որ տանը, բացի Զալինյաններից, գրանցված են եղել եւս 3 անձ` Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Ռոզա Մեջլումյանը, Արտակ Անանյանը եւ Իջեւան քաղաքի նախկին բնակիչ Վոլոդյա Սահակյանը:

Առաջին երկուսը խիստ զարմացել են, որ իրենց տան փոխարեն գրանցված են Զալինյանների տանը, նրանք ներկայացել են Նոյեմբերյանի անձնագրային խմբի ավագ տեսուչ Հայկ Մամյանին եւ Զալինյանների տնից «դուրս գրվել»: Ավելի բարդ է 1955 թ. ծնված Վոլոդյա Սարգսի Սահակյանի հարցը, ով 1992-ից գրանցված է Տերյան 11 հասցեում: Սարգիս Զալինյանը գնացել է Իջեւանի անձնագրային բաժին, հանդիպել բաժնի պետ, փոխգնդապետ Մեդորա Չապուխյանին: Արխիվը նայելուց հետո պարզվել է, որ Վոլոդյա Սահակյանն ամուսնալուծված մարդ է, 1990 թ.-ից մշտապես բնակվում է ԱՄՆ-ում:

Զալինյանները զարմացած են, թե ինչու՞ իջեւանցին պիտի գրանցվեր իրենց տանը, ոչ հարազատ է, ոչ` ծանոթ: Սարգսի հայրը` զույգ ոտքերից հաշմանդամ Հրաչիկ Զալինյանը, մահացել է 1997 թ., իսկ տունը շարունակում է գրանցված մնալ վերջինիս մոր` 1978 թ. մահացած Մարգարիտա Զալինյանի անունով: Վոլոդյա Սահակյանի ներկայությունը պարտադիր է Զալինյանների տնից նրան «դուրս գրելու» համար, սակայն Սահակյանն օվկիանոսից այն կողմ է: Զալինյանների խոսքով` հարցի լուծման ելք է իրենց 32 տարի առաջ մահացած տատի` Մարգարիտայի անունով գրանցված տան ժառանգության նոտարական ձեւակերպումը եւ Վոլոդյա Սահակյանին գրանցումից հանելու համար դատարան դիմելը: Սակայն դա ծախսերի հետ է կապված, իսկ այս ընտանիքի եկամուտը թոշակներն են:

«Ասթմա ունեմ, ոտքերի երակների խցանում, աջ երիկամս չի աշխատում, լեղապարկս հիվանդ է, երիկամի անբավարարության դեմ մի սրվակը 5 հազար դրամ է, դեղատներից դրանք «նիսյայով» եմ վերցնում, այնքան երակային սրսկում են ինձ կատարել, որ երակներս մաշվել են, էլ սրսկելու տեղ չկա, պարտքերի մեջ ենք»,- արտասվելով պատմում է 73-ամյա Նվարդ Զալինյանը:

Այս ընտանիքը ոչ միայն փաստաբան վարձելու, դատարան դիմելու, այլեւ տան ժառանգությունը ձեւակերպելու եւ սեփականության իրավունքի վկայագիր հանելու փող չունի: Զալինյաններն անասուն չունեն, սոսկ 850 մ տնամերձ եւ 7000 մ անջրդի, 4-րդ կարգի հող ունեն, որ չեն մշակում: 34-ամյա Սարգիսը պատրաստ է ցանկացած աշխատանքի, սակայն Նոյեմբերյանում գործ չկա, մանավանդ` երկրորդ խմբի հաշմանդամի համար: Նրա կինը` 33-ամյա Կարինե Ստեփանյանը, նույնպես անգործ է: Նրանք 7 տարեկան դուստր ունեն: Կարինեն սահմանամերձ Ոսկեպարից է հարս եկել Նոյեմբերյան: Ամեն շաբաթ նրա ծնողները Ոսկեպարից մի պայուսակ ուտելիք են ուղարկում Նոյեմբերյան քաղաք` աղջկա տուն, որ այդ ընտանիքը գոյատեւի: Թեեւ Կարինեի ծնողներն էլ բարեկեցիկ կյանքով չեն ապրում, սակայն նրանք Զալինյանների ընտանիքին ֆինանսապես օգնել են` ձմռան նախաշեմին 4 խորանարդ մետր վառելափայտ գնելու:

Սարգիսն ու Կարինեն էլ փայտ գնելու հնարավորություն չունենալով` մոտակա սոճուտից 320 պարկ կոն են հավաքել: «Օրական 3 պարկ կոն ենք վառում, ձմռան խիստ ցրտերին միայն կսկսենք վառելափայտ վառել»,- ասում է Սարգիս Զալինյանը: Ֆինանսական խնդիրներից զատ, Զալինյանների տան ժառանգության ձեւակերպման գործում այլ խոչընդոտ էլ կա: Սարգիս Զալինյանի ամուսնացած քույրը, ով Էջմիածնում է ապրում, հրաժարվել է տան նկատմամբ սեփականության որեւէ իրավունքից: Իսկ Սարգսի` Օդեսայում բնակվող եղբայրը այնտեղ անձնագրի հետ կապված խնդիր ունի, նույնիսկ քաղաք չի կարողանում դուրս գալ, որ որեւէ կերպ հաստատի տան սեփականությունից հրաժարվելու իր որոշումը:

Այս չարչրկված հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար հանդիպեցինք Նոյեմբերյանի անձնագրային բաժնի ավագ տեսուչ Հայկ Մամյանի հետ (այդ պաշտոնը զբաղեցնում է 2000 թվականից): Նա ասաց, որ Նոյեմբերյան քաղաքում հասցեների շփոթման բազում դեպքեր կան, այդ թվում նաեւ` իրեն առնչվող: «Ես էլ բարեկամավանցի Շալիկի հետ նույն հասցեում եմ գրանցված»,- ասաց մայոր Մամյանը: Կառավարությունը 2005թ. դեկտեմբերի 19-ին ընդունել է թիվ 2387-Ն որոշումը, որը վերաբերում է համայնքներում հասցեների ճշտմանը: Սակայն, չգիտես ինչու, այդ որոշումից 5 տարի անց համայնքներում դեռեւս հասցեների ճշտումներ չեն արվել: 2010 թ. հուլիսի 27-ին Հայկ Մամյանը գրավոր դիմել է Նոյեմբերյանի եւ Այրումի քաղաքապետերին, Զորականի, Պտղավանի, Հաղթանակի, Արճիսի, Դեղձավանի, Կողբի, Դեբեդավանի, Ջուջեւանի, Լճկաձորի համայնքապետերին եւ զգուշացրել. «ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրի պահոցում հասցեները մեկ ձեւաչափով մուտքագրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը տեղեկացրել է, որ հասցեները չեն համապատասխանում ՀՀ Կառավարության 2387-Ն որոշման պահանջներին, ինչի կապակցությամբ ՀՀ մարզպետների կողմից հանձնարարվել է համայնքների ղեկավարներին` հասցեները ՀՀ Կառավարության 2387-Ն որոշմանը համապատասխանեցնելու մասին: Մինչ օրս Ձեր համայնքապետարանի կողմից ոչ մի աշխատանք չի ներկայացվել անձնագրային ծառայություն, ուստի խնդրվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ»:

Այս գրությունը 3 ամիս առաջ է ուղարկվել, սակայն Նոյեմբերյանի քաղաքապետարանը դեռեւս հասցեների ճշտման ցուցակ չի ներկայացր: Հայկ Մամյանն ասում է, որ չի կարող միայն Զալինյան ընտանիքի հետ կապված խնդիրը ներկայացնել իր վերադասին, այլ անձնագրերի եւ վիզաների վարչություն կներկայացնի Նոյեմբերյան քաղաքի հասցեների անճշտությունների ամբողջ ցուցակը: Սարգիս Զալինյանն էլ ցանկանում է իմանալ, թե ինչպես է արդեն 20 տարի ԱՄՆ-ում բնակվող Վոլոդյա Սահակյանը գրանցվել իրենց տանը, որի պատճառով իրենք զրկվել են ընտանեկան նպաստից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter