HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հսկիչ դրամարկղների կիրառման անհամատեղելիությունը փաստաբանական գործունեության հետ

Գեւորգ Գյոզալյան փաստաբան Ինչպես հայտնի է, Կառավարությունը փոփոխում է «Հսկիչ դրամարկղների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որով ուժը կորցրած է ճանաչում այդ օրենքի 2-րդ մասի «ժգ» կետը, ըստ որի հսկիչ-դրամարկղային մեքենա (այսուհետ` ՀԴՄ) կիրառելը փաստաբանների եւ նոտարների համար պարտադիր չէր: Այլ կերպ ասած, եթե այդ օրենքն ընդունվի, ապա փաստաբանները եւ նոտարները եւս պարտավոր կլինեն կիրառել ՀԴՄ, եւ այդ օրենքն իր ամբողջ ուժով կտարածվի նշված անձանց վրա: Ինքնին կարելի է փաստել, որ ՀԴՄ կիրառելը բխում է ձեռնարկատիրական հարաբերությունների անհրաժեշտությունից եւ վարչարարության արդյունավետության բարձրացումից` Կառավարության տեսանկյունից: Այս առումով Կառավարությունը օրենքի իր նախագծի հիմնավորման մեջ նշել է. «Նախագծի մշակումը պայմանավորված է հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկատվության տրամադրման եւ հասույթների լիարժեք հաշվառման նկատմամբ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ»: Քանի որ Հայաստանում փաստաբանությունը ոչ բարով համարվում է նաեւ ձեռնարկատիրական գործունեություն, ուստի Կառավարությունը ցանկանում է հսկել փաստաբանի` օրվա կտրվածքով ունեցած շարժը: Այս առումով, կարծես թե, ամեն ինչ նորմալ է: Բայց սա միայն առաջին հայացքից: Եվ այսպես, սկսենք նրանից, որ այսպես ասած շան գլուխը թաղված է ոչ թե բուն օրենսդրական փոփոխության նախագծի մեջ, այլ կոնկրետ տվյալ օրենքի: Օրենքի 7-րդ հոդվածի գ/ կետը, ի թիվս այլոց, սահմանում է. «Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հuկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են` ...uույն oրենքի 9-րդ հոդվածով նախատեuված հuկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատաuխան հuկիչ-դրամարկղային մեքենան եւ տրամադրել uույն պարբերությունում նշված փաuտաթղթերը»: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետը սահմանում է. «Հարկային մարմինները`... uտուգում են հuկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաuտաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավաuության շրջանակներում իրականացվող uտուգման նպատակներին»: Իսկ նույն Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է բավականին զգալի տուգանքներ, որի միջոցով լիովին հնարավոր է փաստաբանական գրասենյակը հասցնել սնանկացման եզրին: Փաստորեն, եթե տվյալ Օրենքը տարածվի փաստաբանական համայնքի վրա, ապա հարկային մարմինները կարող են բացառապես օրինական հիմքերով ցանկացած ժամանակ ներխուժել փաստաբանական գրասենյակ եւ պահանջել, որպեսզի փաստաբանը ներկայացնի, ասենք, տարվա, ամսվա, օրվա կտրվածքով կնքված բոլոր պայմանագրերը եւ փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել հաճախորդից գումար գանձելու, ինչպես նաեւ տալ բացատրություններ, տրամադրել տեղեկանքներ եւ այլն: Ցավոք սրտի, նախագիծ կազմողները հաշվի չեն առել մի նրբություն, ինչն առանձնահատուկ է դարձնում փաստաբանական գործունեությունը գործունեության այլ տեսակներից, ինչպիսիք են, օրինակ, մանրածախ առեւտուրը, վարսավիրի եւ կոշկակարի ծառայությունները եւ նմանատիպ այլ գործունեություններ: Տվյալ դեպքում մենք գործ ունենք «փաստաբանական գաղտնիք» կոչվող հասկացության հետ, որին պետական այրերի կողմից միջամտությունը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ արդարադատության իրականացման առումով: Փաստաբանական գաղտնիքը` որպես ֆունդամենտալ իրավունք Ինչպես հստակ սահմանված է եվրոպական մի շարք երկրների դատարանների որոշումներում, փաստաբանական գաղտնիքը ֆունդամենտալ իրավունք է եւ ունի նախապատվություն այն ծավալով, որով հարկային վարչարարությունը չի կարող իրականացվել «ամեն գնով»` ի հաշիվ փաստաբանական գաղտնիքի: Դատարանները հստակ սահմանում են, որ փաստաբանական գաղտնիքը ֆունդամենտալ իրավունք է, որը երաշխավորվում է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) եւ 8-րդ (Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածներով: Այս առումով ես կվկայակոչեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից միայն մեկը` Նիմիցն ընդդեմ Գերմանիայի գործով, որում Դատարանը մասնավորապես նշել էր. «...Կապված դրա հետ (փաստաբանական գաղտնիքի)` անհրաժեշտ է հիշեցնել, որ միջամտությունը փաստաբանի մասնագիտական գաղտնիքին կարող է հետեւանքներ ունենալ արդարադատության իրականացման գործում` դրանով իսկ խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Որպես լրացում` պետք է նշել, որ միջամտությունը փաստաբանական գաղտնիքին կարող է բացասական ներգործություն ունենալ ինչպես փաստաբանի հաճախորդի, այնպես էլ հասարակության վրա ընդհանրապես»: Իսկ գործը վերաբերում էր նրան, որ պատկան մարմինները ստուգումներ էին իրականացրել փաստաբանական գրասենյակում: Սրան մնում է գումարել նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները», որի 22.-րդ կետը սահմանում է. «Կառավարությունները ընդունում եւ ապահովում են իրավաբանների եւ նրանց հաճախորդների ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` նրանց մաuնագիտական առնչությունների շրջանակներում», իսկ 16-րդ կետի գ/ ենթակետը սահմանում է. «Կառավարություններն ապահովում են, որպեuզի իրավաբանները վարչական, տնտեuական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մաuնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատաuխան ցանկացած գործողության համար, ինչպեu նաեւ չենթարկվեն նման հետապնդման եւ պատժամիջոցների uպառնալիքների»: Ակնհայտ է, որ տվյալ նախագծի ընդունմամբ կանաչ լույս կվառվի հարկային ծառայողների համար` առանց որեւէ դժվարության մուտք գործել փաստաբանական գրասենյակներ եւ ՀԴՄ-ի անվան տակ ստուգել, թե կոնկրետ, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը որ փաստաբանական գրասենյակում է ստացել իրավաբանական խորհրդատվություն եւ ինչ հարցի վերաբերյալ: Սրանով մենք կթաղենք փաստաբանական գաղտնիքը որպես այդպիսին: Փաստաբանի գործունեության արդյունքը` որպես իրավական պետություն կառուցելու երաշխիք Ինչպես հայտնի է, փաստաբանական գործունեության գլխավոր հիմնասյուներից է նրա անկախությունը եւ կոնֆիդենցիալ բնույթը: Պարզ է, որ որքան շատ են վարչական լծակները փաստաբանների վրա, այնքան պետությունը, մեղմ ասած, ոչ իրավական է: Ավելին, փաստաբանական գործունեություն ծավալելու համար փաստաբանի համար կարեւոր է իր վստահորդի վստահությունը, որի բացակայության դեպքում ընդհանրապես անիմաստ է խոսել փաստաբանական ծառայությունների մասին: Տիգրան Սարգսյանի օրինակով ես ցույց տվեցի, որ փաստաբանական գաղտնիքը շատ հեշտությամբ կարող է դառնալ հանրության սեփականությունը, եւ այդ դեպքում հաճախորդը այլեւս չի վստահի փաստաբանին: Այս առումով հատկանշական է 23.01.2008 թ. Բելգիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված այն միտքը, ըստ որի փաստաբանական գաղտնիքը ֆունդամենտալ սկզբունք է, քանի որ փաստաբանական գործունեությունը եւ փաստաբանի կարգավիճակը առանձնահատկություն ունեն այլ մասնագիտությունների համեմատությամբ: Վկայակոչված որոշումը հստակ ընդգծում է, որ հաճախորդի շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է հաճախորդի վստահությունը իր փաստաբանի նկատմամբ, իսկ դա չի կարող ապահովվել առանց այն երաշխիքի, որ բոլոր փաստերը, որոնք հաճախորդը հայտնում է փաստաբանին, չեն կարող բացահայտվել երրորդ կողմի համար (իմ բերած օրինակում այդ փաստերը ակնհայտորեն բացահայտվում են երրորդ կողմի համար, ընդ որում` կատարյալ օրենսդրական ներդաշնակության մեջ): Արդյունքում Բելգիայի Սահմանադրական դատարանը սահմանեց, որ փաստաբանական գաղտնիքին վերաբերող ցանկացած միջամտություն պետք է լինի հիմնավորված եւ իրականացվի միայն բացառիկ դեպքերում: Պետք է փաստել նաեւ, որ այս ամենի զարգացման տեմպերը տանում են նրան, որ Եվրոպական դատարանի, ինչպես նաեւ եվրոպական երկրների Սահմանադրական դատարանների բազմաթիվ որոշումները հիմք են հանդիսանում ներպետական օրենսդրությունների այնպիսի կառուցման համար, ըստ որի նվազագույնի են հասցված փաստաբանական գործունեության նկատմամբ պետական միջամտությունը թե հարկային վարչարարության եւ թե փողերի լվացման պայքարի տեսանկյունից: Ինչպես արդեն իսկ նշել եմ, այս համոզմունքը հիմնված է այն բանի վրա, որ դատարանները հստակ սահմանում են, որ փաստաբանական գաղտնիքը ֆունդամենտալ իրավունք է, որը երաշխավորվում է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) եւ 8-րդ (Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածներով: Ամփոփում Այսպիսով, եթե վերլուծվող օրենքի նախագիծը դառնա օրենք, ապա համոզված եմ` մենք կթաղենք առանց այն էլ «վերակենդանացման բաժանմունքում» գտնվող փաստաբանական ինստիտուտը: Մի առիթով ես նշել էի, որ փաստաբանի գործունեությունից մենք պետք է ոչ թե պետության բյուջեն լցնենք, այլ իրավական պետություն կառուցենք: Նման պայմաններում, կարծում եմ, պետությունը ինքը պետք է որոշի` փաստաբանական գործունեությունը ծառայեցնի պետությունը իրավական դարձնելո՞ւն, թե՞ բյուջեն լցնելուն: Եթե առաջինը, ապա հույսեր կան, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կդառնա իրավական պետություն, իսկ եթե երկրորդը, ապա կպատասխանեմ Տիրոջ խոսքերով. «Այն քարը, որը անարգեցին շինողները, անկյունաքար եղավ, ով ընկնի այդ քարի վրա, կփշրվի, եւ ում վրա ընկնի այն, կճզմի նրան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter