HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սփյուռքում հայ մամուլը կդադարի գոյություն ունենալ

«Գլենդելում հինգ հազար տուն գյումրեցի է ապրում, էլ որտեղի՞ց անգլերեն սովորեմ,- Սարո Գյոդակյանը ժպտում է,- 12 տարի է` Ամերիկայում եմ, բայց դեռ չի եղել դեպք, որ լեզվի պատճառով ինձ խեղճացած զգամ: Խանութները` հայեր, օֆիսները` հայեր, տաքսիստները հայ են: Չկա մի տեղ, որտեղ հայ չլինի: Դե, իմ շրջապատում էլ հիմնականում գյումրեցիներ են»: Գլենդելում հրատարակվող հայալեզու «Համայնապատկեր» գրական-մշակութային ամսագրի ծնունդով գյումրեցի հիմնադիր խմբագիրն ասում է, որ Երեւանում ապրելիս ինքը երեւանաբնակ գյումրեցի էր, Լոս Անջելեսում էլ` գլենդելաբնակ: «Ուր ապրել եմ, ես ինձ միշտ գյումրեցի եմ համարել: Ես 20 տարում չդարձա երեւանցի, գլենդելցի առավել եւս չեմ դառնա: Ոչինչ չի փոխվել, այսինքն` մարդկային իմ տեսակը նույնն է մնացել, ուր էլ գնացել եմ: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ ժամանակին` 16 տարեկան հասակիս, երբ ստեղծագործում էի, Հովհաննես Շիրազն ինձ գրական անուն ընտրելիս կոչեց «Սարո Գյումրեցի», գուցե պատճառն իմ ծննդավայրի հետ անխզելի կապն է, դժվար է ասել, բայց ուր էլ գնամ, այս հողն ու ջուրն ինձ ձգում են, դա փաստ է»,- ասում է Սարո Գյոդակյանը: Ավանդապաշտ, հնագույն Գյոդակյան տոհմի ներկայացուցիչն է Սարո Գյումրեցին: Ավարտել է Գյումրիի Չարենցի անվան դպրոցը, հետո` մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետեւ` ասպիրանտուրա Երեւանում: 20 տարի ապրել եւ աշխատել է Երեւանում: 1998 թ. Գրողների միությունն առաջարկում է մեկնել գործուղման Ամերիկա: Ճակատագրական ճամփորդություն էր. գնաց ու... մնաց: «Իսկ ինչու՞ չուզեցիք վերադառնալ» հարցիս Սարոն ուղիղ պատասխանելու փոխարեն ասում է. «Ես ծանր տարիներին իմ հայրենիքում էի, չլքեցի, չգնացի: Երբ որոշեցի հաստատվել Ամերիկայում, Հայաստանն արդեն դուրս էր եկել ճգնաժամից, էնպես չի, որ փախել եմ»: Սարոն աշխատել է «Հայաստանի Հանրապետություն», «Պիոներ կանչ» թերթերում, «Արմենպրես» գործակալությունում, ղեկավարել «Բողբոջ» գրական ստուդիան: Լրագրողական գործունեության վերջին ակորդը հայրենիքում «Առավոտ» օրաթերթն էր: «Այդ թերթի հիմնադիրներից եմ ես: Հիմնեցինք 1994 թ. օգոստոսին Իգնատ Մամյանի, Հենրի Առուշանյանի հետ: Արամ Աբրահամյանը մի փոքր ավելի ուշ է միացել մեզ,- հիշում է Սարոն,- աշխատել եմ 4 տարի, որից հետո հաստատվել եմ արդեն Գլենդելում»: Սարոն իրեն բախտավոր մարդ է համարում: Կինը` Սոնան եւ երեք դուստրերը, որոնցից ամենակրտսերը ծնվել է Ամերիկայում, մշտապես կողքին են ու աջակից իր գործին: Ասում է` Ամերիկայում միակ դժվարությունը ժամանման առաջին ժամերն էին, երբ դիմավորող անձն այդպես էլ չեկավ, ու ինքը ստիպված 5 ժամ անցկացրեց սպասասրահում: «Ես էի ու 2 ճամպրուկներս: Ոչ լեզու գիտեի, ոչ գիտեի` ուր պիտի գնայի: Ինձ պետք է գային դիմավորեին, բայց չեկան: Ի վերջո, մի կերպ զանգել եմ Լոս Անջելեսում ապրող ընկերոջս, որ եկել ինձ տարել է այդտեղից,- 12 տարիների հեռվից արդեն ծիծաղով է հիշում կատարվածը Սարոն ու ավելացնում,- դա իմ միակ դժվարությունն է եղել օտար երկրում: Անգամ աշխատանքի հետ կապված խնդիրն ավելի արագ լուծվեց, քան ակնկալում էի: 6 ամիս եմ անգործ եղել: 1998-ի նոյեմբերին գնացի, 1999 թ. ապրիլին արդեն ամսագիրը հիմնեցի»: 1999 թ. ապրիլի 22-ին Կարո եւ Մարիա Ճրճրյանների օժանդակությամբ հիմնվում է «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսը: Սարո Գյոդակյանը, խոսելով սփյուռքում տպագիր մամուլի մասին, ցավով է արձանագրում, որ անցած 12 տարիների ընթացքում 14 անուն հայերեն հրատարակվող թերթ ու ամսագիր է փակվել: Իրենք սկսել են 50 օրինակից: «Երեք ամիս էր` տպագրվում էինք, ու ընդամենը 50 բաժանորդ ունեինք: Տեղս չէի գտնում, մտածում էի` այ մարդ, մի՞թե պիտի փակեմ` չբացած,- հիշում է Սարոն,- էդ ընթացքում ամսագրեր էին փակվում, ու ես, բնականաբար, մտածում էի, որ հերթը շուտով ինձ է հասնելու: 11 տարի առաջ երանի էի տալիս էն օրվան, որ 100 բաժանորդ կունենամ: Հիմա, փառք Աստծո, 1000 բաժանորդ ունենք, ասում եմ` երանի էն օրը, երբ բաժանորդների թիվը կհասնի 2000-ի»: 3000 տպաքանակով «Համայնապատկերն» առաքվում է Ամերիկայի 13 նահանգներ, նաեւ` Բեյրութ, Հալեպ, Թեհրան, Հոլանդիա, Ավստրալիա, Արգենտինա, Գերմանիա, Անգլիա, Իսրայել: «Փարիզում 4 բաժանորդ ունեմ, Կանադայում 8-ն են, անգամ Ճապոնիայում բաժանորդ ունենք` 1 հոգի,- ասում է ամսագրի խմբագիրը,- պրոպագանդում ենք հայ արվեստն ու մշակույթը: Ամեն շաբաթ նյութեր եմ ստանում Հայաստանից` փոստով, ծրարով ուղարկում են Երեւանից, Աբովյանից, Գյումրիից, Կոտայքից եւ այլն»: Հոկտեմբերի 12-ից 16-ը Արցախում կայացած համաժողովին սփյուռքի նախարարության «Սփյուռքի հայկական լավագույն լրատվամիջոց» մրցանակը հանձնվում է «Համայնապատկեր» ամսագրի խմբագրին: Հոկտեմբերի 23-ին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ էլ Սարո Գյոդակյանին քաղաքապետը պարգեւատրում է Ավետիք Իսահակյանի անվան «Պատվավոր վարպետ» ոսկե կրծքանշանով: «Այս պարգեւները, բնականաբար, մեր աշխատանքի արդյունքն են ու պիտի ձգտենք առավել ամրապնդել հայապահպան մեր գործունեությունը: Մենք շատ լավ ընթերցողներ ունենք, որ շատ անհամբեր են ու դեռ հաջորդ համարը չտպված զանգում են ինձ ու հարցնում, թե ինչ նյութեր են լինելու: Բայց դեպքեր էլ են եղել, որ, ասենք, դիմել եմ մեծահարուստ հայի` 4-5 հազար դոլարի չափով ֆինանսապես օժանդակելու համար, ասել է` եղբայր, փողը տալիս եմ, բայց ամսագիր մի ուղարկի: Զարմացել եմ. ասել է` դե, տանը հայերեն կարդացող չկա, երեխաներն էլ անգլախոս են,- ցավով նկատում է Սարո Գյումրեցին,- հնարավոր է` գա մի օր, որ հատկապես տպագիր մամուլը լրիվ մեռնի սփյուռքում: Մենք, օրինակ, մեր տեսակի մեջ միակն ենք մնացել, որպես ամսագիր, որ հրատարակվում է Ամերիկայում: Շատ դժվար է դրսում հայալեզու տպագիր մամուլ պահելը: Մարդիկ գերադասում են հեռուստացույց նայել: Աշխատանքից հոգնած գալիս են, պառկում են բազմոցին ու ամենահեշտը հեռուստացույցի ալիքները փոխելն է»: Ամերիկայում գյումրեցիք կարոտում են «չեչիլ» պանրի համին «Ամերիկայում ամենաշատը Գյումրին եմ կարոտում,- անկեղծանում է Սարո Գյումրեցին,- ամեն ինչ, ինչ կապ ունի իմ ծննդավայրի հետ: Ուտելիքներից ամենաշատը «չեչիլ» պանրի բացակայությունն է տխրեցնում: Մեզ մոտ ընդունված խաշը, «պոչով ապուրը», անգամ «քյալլեն» էնտեղ վայելում ենք: Բոլոր ուտելիքները հնարավոր է ճարել, բացի մեր տարածաշրջանին բնորոշ պանրատեսակից»: Սարոն ասում է, որ վերադառնալիս հետն անպայման «չեչիլ» պանիր է տանելու: Ու հենց տեղ հասնի, կանչելու է մոտիկներին, որ գոնե համտեսեն: «Դե գիտես, հնարավոր չէ շատ տանել: Դրա համար էլ նշխարքի պես մի բան է դառնում»: Կարոտից ու վերադարձից շատ չենք խոսում: Սարոն ասում է, որ այդ երկու զգացումներն էլ կան թե 5 տարի առաջ, թե 25 տարի առաջ գնացածների մոտ: Պարզապես դժվար է ասել, թե ով երբ իր մեջ ուժ կգտնի վերադառնալու: Իր համար առաջնայինն իր քաղաքի բարգավաճումն է: Երեք տարի առաջ էլ էր եկել ու հիմա բավական շատ փոփոխություններ է նկատել, սակայն տխրել է, որովհետեւ քանի գնում, գյումրեցու իր իմացած «թասիբով» տեսակը կարծես թե պակասում է: «Շատ կուզեի, որ քաղաքի վերականգնմանը զուգահեռ իմ իմացած գյումրեցու տեսակն էլ վերադառնար` հպարտ, աշխատող, ստեղծող: Երեւի դրա համար էլ է ժամանակ պետք, ինչպես հայրենադարձության համար, կամ ավելի ճիշտ կլինի ասել` պայմաններ, որ, ցավոք, դեռ չկան»,- զրույցն ամփոփում է Սարո Գյումրեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter