HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտառոց երևույթ. համալսարան է, բայց բուհ չէ և չունի լիցենզիա

Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը արդեն 5 տարի է՝ գործունեություն է ծավալում առանց լիցենզիայի։ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր կայացած ասուլիսում այս համալսարանի իրականացրած գործունեությունն ապօրինի որակեց, իսկ երևույթը՝ «արտառոց»։

Նա հայտարարեց, որ ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն՝ սա կոչվում է ապօրինի ձեռնարկատիրություն, այսինքն՝ առանց պետական գրանցման կամ առանձնահատուկ թույլտվությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելը քրեական արարք է և կարող է պատժվել օրենքի ողջ խստությամբ։ Այս հաստատության լիցենզիա ունենալ-չունենալը մինչ օրս դուրս է մնացել թե ՀՀ կրթության և գիտության նախարարության, թե պետեկամուտների կոմիտեի, թե իրավապահների ուշադրությունից, չնայած վերոնշյալ համալսարանը զանգվածային լրատվության և այլ տեսակի միջոցներով մշտապես գովազդել և ընդունելության հայտարարություն է հրապարակել։ Իշխան Զաքարյանը արդարացրեց ԿԳՆ-ին՝ ասելով, որ խնդիրը դուրս է ԿԳՆ-ի իրավասությունների շրջանակներից։ Սրանով պետք է զբաղվեին պետեկամուտների կոմիտեն և իրավապահ մարմինները, իսկ թե ինչու չեն զբաղվել, Իշխան Զաքարյանը չկարողացավ ասել։ «Նախ իրենք իրավունք չունեին մեզ մոտ ուսումնասիրություն կատարել, որովհետև մենք բարձրագույն կրթություն չենք իրականացնում, բայց մենք հարգեցինք իրենց այցը՝ ներկայացրեցինք ամբողջ մեր կրթական հայեցակարգը և ներկայացրեցինք պարզաբանումներ, թե ինչու չենք լիցենզավորվում, և ոչ թե չենք լիցենազավորվում, այլ ցանկություն չունենք լիցեզնավորվելու»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի տնօրեն Արմեն Նալբանդյանը։ Նա հաստատեց, որ իրենք աշխատում են առանց լիցենզիայի, որովհետև իրականացնում են ոչ ֆորմալ կրթություն։  Տնօրենը բացատրեց, որ ոչ ֆորմալ կրթությունը ենթադրում է այն, որ իրենք չեն դասավանդում կրթության ակադեմիական պետական չափորոշիչներով, որտեղ կա համապատասխան առարկաների ցանկ, որոնց մեծամասնությունը իրենք ավելորդ են համարում, և քանի որ ժամանակը սուղ է, չեն ընդգրկել այդ առարկաները, փոխարենը դասավանդում են առավել կարևոր առարկաներ։ Արմեն Նալբանդյանի կարծիքով, քանի որ 5 օրվա ընթացքում ուսանողին չի կարելի 8 ժամից ավելի ծանրաբեռնել, պարտադիր համարվող առարկաների ցանկի հետ մեկտեղ հնարավոր չէ իրականացնել այնպիսի կարևոր առարկաների ուսուցում, որոնք ձևավորում են մտածողություն և արժեքային համակարգ, օրինակ՝ տրամաբանություն, իմաստաբանություն, աշխարհընկալում, մտքի էկոլոգիա և այլն։ Այդ իսկ պատճառով իրենք որոշել են ոչ ֆորմալ կրթություն իրականացնել և դասավանդել այն առարկաները, որոնք առավել կարևոր են համարում։ «Մենք բուհ չենք, ՍՊԸ ենք, իրականացնում ենք ոչ թե բարձրագույն, այլ բարձրակարգ կրթություն»,- ասում է տնօերնը։ Արմեն Նալբանդյանի խոսքով՝ իրենք գրանցված են պետռեգիստրում և հարկայինում, վճարում են հարկերը, իսկ ՎՊ-ն ոչ մի օրինակական հիմք չի ունեցել դա խախտում համարել, որովհետև գոյություն ունի ոչ ֆորմալ կրթության հայեցակարգ՝ հաստատված կառավարության կողմից, որը լիցենզավորման ենթակա չէ։ «Բոլոր պաշտոնյաները չեն, որ օրենքին տիրապետում են և ունեն համապատասխան մակարդակ, որ հասկանան՝ ինչ է նշանակում չլիցենզավորվել։ Օրինակի համար խանութներ կան, որ չեն լիցենզավորվում, բայց հարկատու են»,- հիմնավորում է տնօրենը։ ԿԳՆ-ից ևս ասել են, որ նշված համալսարանը պետք է լիցենզիա ստանա, սակայն տնօրենը հիմնավորել է, որ իրենք լիցենզավորված կրթություն իրականացնել չեն ցանկանում։ Համալսարանը շրջանավարտներին տալիս է համալսարանական վկայական, ոչ թե պետական նմուշի դիպլոմ։ Այս հաստատությունում սովորում է 9-10-րդ դասարաններ ավարտած 13  ուսանող և ստուդիական համակարգում մշակութային կրթություն ստացող այլ երեխաներ, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ 30 ուսանող։ Արդեն կան շրջանավարտներ, որոնք, տնօրենի հավաստմամբ, աշխատում են։ «Փաստորեն, մենք տալիս ենք կրթություն, ոչ թե պետական նմուշի դիպլոմ»,- արդարացրեց Արմեն Նալբանդյանը։ Տնօրենը նշեց, որ առայժմ իրենք վնասով են աշխատում, վճարում են միայն ԱԱՀ, դեռևս ներդրումներ են կատարում։ Արմեն Նալբանդյանը հույս ունի, որ շահույթ դեռ ստանալու է, իսկ դեռևս «հարևանների ու բարեկամների» գրպաններից պարտք անելով է աշխատում։ «Եղել են նաև հովանավորներ, օրինակ՝ Սերժ Սարգսյանը մեզ հովանավորել է համերգի ժամանակ, Արամ Խաչատրյանի անվան դահլիճի ծախսը վերցրել է իր վրա»,- չի թաքցնում Արմեն Նալբանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter