Եթե «ոտքդ խերով» չի, ճոպանուղի մի նստիր
«Տաթևի թևեր» ճոպանուղու Հալիձորի կայանին չհասած` նկատեցի մի խումբ տղամարդկանց, որ լուսանկարվում էին ճոպանուղու համայնապատկերին: Հարցրի, ասացին, որ եկել են ԱՄՆ-ից, մեկն էլ` Ուկրաինայից: Գնում են Արցախ, բայց քանի որ լսել էին Տաթևի ճոպանուղու մասին, ուզել էին իրենց աչքերով տեսնել, գոնե մեկ անգամ էլ նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին:
«Բայց ափսոս, որ չնստեցինք, ասին` ժամանակավորապես չի աշխատում, ինչ-որ ձմեռացման են պատրաստվում,- ասաց տղամարդկանցից մեկը:- Փաստորեն, շաբաթից ավելի է, չի աշխատում, բայց այդ մասին տեղեկություն չեն տարածում: Ասենք, մենք ենք ու Արցախ չէինք գնում, այլ հատուկ մի 6 ժամ ճանապարհ էինք կտրում ճոպանուղի նստելու համար, կնշանակի պիտի գայիք, դատարկաձեռն հե՞տ գնայինք»:
Գորիսում գործող «Անդրանիկ» հյուրատան տնօրեն Սևադա Մալինցյանն էլ հաստատեց, որ վերջին մի քանի օրերին ինքն ունեցել է բավական շատ հյուրեր, որոնք Գորիս են հասել հատուկ ճոպանուղի նստելու, Տաթևի վանք այցելելու համար, սակայն տեղեկանալով, որ չի գործում` ստիպված են եղել մեկնել:
«Մի 2 օր առաջ տուրիստներ էին եկել: Առաջին օրը գնացին հասան Հալիձոր, հետ եկան, թե չի աշխատում: Որոշեցին մնալ` մտածելով, թե հաջորդ օրը կաշխատի ճոպանուղին: Դե, հաջորդ օրն էլ փաստորեն նույն պատմությունը կրկնվեց, հետո երեկոյան, երբ «Հայլուրով» իմացան, որ ևս 4 օր ձգձգվելու են վերանորոգման աշխատանքները, որոշեցին տուն վերադառնալ,- պատմեց Սևադա Մալինցյանը:- Փաստորեն, էսքան ժամանակ չէր աշխատում, ոչ մի հայտարարություն չէին տարածում. մարդիկ գալիս, հետ էին գնում»:
Հոկտեմբերի 24-ին ճոպանուղու վագոն-խցիկ մտնելիս հավանաբար ինչ-որ մեկը զլացել էր ասել հայի տուն առաջին անգամ ոտք դնելիս «ոտքս խերով լինի» ամենագործածական արտահայտությունը: Ու չգիտես` «անխեր» ոտքի պատճառո՞վ էր, թե՞ տեխնիկական անսարքության, որ խցիկն այդ օրն օդում կախված մնաց 40 րոպե` ապակեպատ փակ տարածության մեջ բանտելով նաև Սյունիքի մարզպետին:
Շինուհայր գյուղում պատմեցին, որ «նշանավոր» դեպքին հաջորդած մի քանի օրերին ճոպանուղին աշխատել է: Տեղեկությունը հաստատեցին նա հալիձորցիները: «Էնքան մարդ կար, չեք պատկերացնի, էլ տուրիստներ, էլ կողքի բոլոր գյուղերի գյուղացիները, որ գիտեին` իրենց համար երթևեկությունն անվճար է: Օրվա մեջ երևի մի 20 անգամ էդ խցիկները գնում-գալիս էին. դե, իմ տան վրայով են անցնում, տեսնում էինք»,- անկեղծացավ հալիձորցի Արմենը:
Շինուհայրի համայնքապետ Սմբատ Երեմյանն ասաց, որ հոկտեմբերի 24-ից հետո ճոպանուղու մոտ մեծ հերթեր են գոյացել: «Վեց գյուղի բնակչությունը մեծով ու փոքրով հերթ էին կանգնած: Դե, քանի որ ձրի է իրանց համար, որոշել էին անմիջապես օգտվել արտոնությունից: Էնքան արին, որ ստիպված լիմիտ դրեցին. ամեն գյուղից օրվա մեջ 20 հոգուց ավելի մարդ չպետք է երթեկի»,- պատմեց Սմբատ Երեմյանն, ով դեռ չէր օգտվել ճոպանուղով անվճար երթևեկելու իր իրավունքից:
Գորիսեցիները ճոպանուղու չաշխատելը մեկնաբանեցին իրենց տարածաշրջանին բնորոշ եղանակային պայմաններով. Հալիձորից Տաթև ձգվող հատվածում մշտական քամիներ ու մառախուղ են լինում: Նաև կատակեցին, թե «մոռացել են քաչալ կալոսները շիպավոյի փոխեն ու հիմա հավանաբար դա են անում»:
Ամեն դեպքում, ճոպանուղու գործարկման ժամանակավոր դադարեցման նպատակը ոչ միայն ձմեռացմանը նախապատրաստվելն է, այլև առաջացած թերությունները վերացնելը, որ այլևս չկանխատեսված դադարներ չլինեն ճանապարհի կեսին: Ըստ խոսակցությունների` 40 րոպե օդում կախված ուղևորների մեջ եղել են մարդիկ, ովքեր մատնվել են խուճապի, գրանցվել է ինքնազգացողության վատացում: Հայտնի է, որ կլաուստրոֆոբիայով տառապող մարդիկ այդ դեպքերում դառնում են անկառավարելի ու կարող են անկանխատեսելի արարքներ անել:
Եվս մեկ դիտարկում` կապված ճոպանուղու հետ: Դա նկատել էի, այնուհետև սեփական մաշկի վրա զգացի դեռս հոկտեմբերի 16-ին` բացման օրը, երբ վագոն-խցիկից դուրս գալուն պես ընկանք փոթորկող քամու և անձրի տակ: Պատսպարվելու համար մեզանից մի քանիսը ստիպված վազեցին ղեկավարման սրահ, որտեղ բնականաբար, օտար մարդկանց մուտքը չի թույլատրվում, սակայն այդ օրն երևի բացառություն էր, քանի որ ճոպանուղու աշխատակիցներն էլ չգիտեին` ինչպես վարվել թրջվող հյուրերի հետ: Ճոպանուղու երկու կայաններում էլ բացակայում են սպասասրահները, որտեղ մարդիկ կարող են պատսպարվել քամուց, անձրից, արևից, իսկ եթե ձմռանն էլ աշխատի, նաև` ձյունից:
Հալիձորի կայան տանող ուղիով ձգվող ժապավենները ենթադրել էին տալիս, որ նախորդ մի քանի օրերին առաջացած հերթերը կարգավորելու նպատակով են: Իսկ ե՞րբ է լուծվելու սպասասրահի խնդիրը. Գորիսի տարածաշրջանում շուտով սկսվելու է անձրևների շրջանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել