Ֆրոնտալ մերկություն
Արման Գրիգորյան
«Ֆրոնտալ մերկություն» նախագծին ուղեկցող տեքստն ուզում եմ սկսել՝ ներկայացնելով բժիշկ, ակադեմիկոս Իվան Նեումիվակինի հիշողություններից մի դրվագ, որը տեղ է գտել 2007 թ. տպագրված իր «Առողջության էնդոէկոլոգիա» գրքում:
Մի անգամ` արդեն խորհրդային երկրի փլուզումից հետո, երբ Իվան Նեումիվակինն իր կնոջ հետ հանգստանալիս է լինում Բադեն-Բադեն քաղաքում, նրանք այցելում են արևելյան բաղնիք, որտեղ պարզվում է, որ կանայք և տղամարդիկ շոգեհարվում կամ լողավազանում լողում են միասին և ամբողջովին մերկ: Ահա թե ինչ է գրում Նեումիվակինը. «Նույնիսկ ես` բժիշկս, զարմանալի զգացողություն ունեցա՝ տեսնելով, որ կողքիս գտնվում են մարդիկ, որոնք ազատ են ոչ միայն հոգով, այլև մարմնով: Բոլորը՝ և տղամարդիկ, և կանայք, պահում էին իրենց շատ բնական: Իմ և կնոջս ուշադրությունը գրավեց այն, որ գործնականորեն բոլորի փորերը ձիգ էին, իսկ մարմինները՝ մարզված: Մերկ մարդկանց համար սա բնական ցանկություն է՝ երևալ բարետես: Արդյոք այդպես չե՞ն պահում իրենց հատկապես տղամարդիկ՝ ձգելով իրենց կախված փորերը ծովափին գեղեցիկ կին տեսնելիս: Երբ հաջորդ օրը մեր զարմանքի մասին պատմեցինք մեր գերմանացի ընկերներին, միայն քաղաքավարությունը նրանց թույլ չտվեց ասելու մեզ, որ զարմանքի պատճառն այն է, որ մենք վայրենիների երկրից ենք, ուր կոմունիստական բարդույթավորվածությունը խցկում էին մեր գլխի մեջ պուրիտանական դաստիարակության միջոցով»: Այն հասարակությունները, որոնք հանրայնորեն ցուցադրում և գնահատում են մարդու մերկ մարմինը, իբրև կանոն լինում են առաջադեմ, հանդուրժող և հարուստ: Ունենում են զարգացած արվեստ, գիտություն, բժշկություն, գեղեցիկ ու հարմարավետ քաղաքներ և գյուղեր: Դա այդպես էր և անտիկ աշխարհում, և այսօր: Կերպարվեստում կրթությունը հիմնվում է մարդկային մերկ մարմնին երկար նայելու (մերկ կերպարանքը նույն դիրքի մեջ ուսումնասիրել մինչև 50 և ավելի ժամ) փորձառության վրա. դրանով արվեստագետը սովորում է տեսնել շրջապատող աշխարհը և ինքն իրեն: Դեռ Վերածնության դարաշրջանից մեզ հասած այս մոտեցումը պարունակում է մեծ լավատեսություն, կենսասիրություն, խթանում երևակայությունը և մարդկանց դարձնում նախաձեռնող: Հատկանիշներ, որոնց կարիքը զգացվում է նաև այսօր: Հայաստանում կերպարվեստը բուռն զարգացում ունեցավ խորհրդային տարիներին: Տարբեր երկրներում մասնագիտական տարբեր աստիճանի կրթություն ստացած հայազգի արվեստագետները շտապում էին գալ հայրենիք, որը մարտահրավեր էր նետել ամբողջ աշխարհին` նպատակադրվելով կառուցել պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենաառաջադեմ և ամենաերջանիկ հասարակությունը: Դեռ 19-րդ դարի կեսերից կերպարվեստը, այլ արվեստների համեմատությամբ, վերածվեց առաջատար մտքեր և նորարար ձևեր ստեղծող լոկոմոտիվի: Մոդեռնիզմը սկսվում է գրականությունը վիպապաշտությունից ազատագրելու ջանքով և շարունակվում կերպարվեստն ու երաժշտությունը գրական-գեղարվեստական տեքստերի ձևավորողի դերից ձերբազատելով: Հնարավոր է, որ դա կապված էր լուսանկարչության գյուտի ու տարածման հետ, բայց կերպարվեստի առաջատար դիրքերում հայտնվելը անկասկած նաև տեսողության փոփոխությունից առաջացած աշխարհայացքային փոփոխության խորհրդանիշ էր: Մերկ մարմինը կերպարվեստում և մերկ մարմինը բանաստեղծության կամ գրականության մեջ անհամեմատելի բաներ են: Իսկ մերկությունը անհատականացման կարևոր փուլն է, դա այդպես էր ժողովրդավարության արշալույսին` հունահռոմեական էպոխայում, այդպես էր Վերածնության դարաշրջանում և, բնականաբար, այդ իդեալների շարունակությունը հանդիսացող Նոր դարաշրջանում: Նկարչությունն ու քանդակագործությունն իրենց կրթական համակարգերը հիմնում են այս ժառանգության վրա: Բայց կերպարվեստի պատմությունը դեռ մինչև Մոդեռնիզմի սկիզբը շարունակում էր մնալ եվրոպական ազգերի մենաշնորհը, և միայն ազգային-ազատագրական շարժումների տարածումը աշխարհով մեկ անհատականացման հնարավորություն ստեղծեց նաև կայսրությունների գավառներում հայտնված ազգերի համար: Ազատագրական ցանկացած պայքար անհատականացման պայքար է, անտեսվածները և մերժվածները հնարավորություն են ստանում պահպանել և զարգացնել իրենց ինքնությունը, լինել իրենք իրենց նման, չճնշվել այն պատճառով, որ իրենց մարմնի կազմությունը չի համապատասխանում գերիշխող մշակույթի, ասենք՝ «հունահռոմեական» կամ «հոլիվուդյան» չափանիշներին և այլն: Սա հեղափոխական մի մեծ պրոցես էր արվեստի մեջ, որն ընթանում էր զուգահեռ կամ նույնիսկ առաջ ընկնում քաղաքական հեղափոխություններից: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի մշակութային և քաղաքական հեղափոխությունները ոչ եվրոպական ազգերին հնարավորություն էին տալիս չթաքնվել, այլ բաց և հպարտ կեցվածքով տեր դառնալ իրենց նյութական հարստությանը, որն աշխատանքային գործիքներից, բնական հարստությունից, անշարժ գույքից ու ֆինանսական հոսքերից առավել ազատագրված քաղաքացու սեփական մարմինն է: Անցյալ դարի սկզբին նրանք, ովքեր կառուցում էին Խորհրդային Հայաստանը, համենայն դեպս՝ մինչև ստալինյան հետապնդումները, շատ դրական և գիտական վերաբերմունք ունեին մարմնի ու մերկության հանդեպ, չկար այսօրվա բարդույթավորվածությունը, որը` իբրև վախի, աքսորի և աղքատության հիշողություն, սկսեց մեզ ուղեկցել հետստալինյան և «լճացման» տարիներից: Վերլուծաբանները մինչև հիմա ընդհանուր տեսակետ չունեն` արդյոք մերկության արգելքը կամ, այսպես ասենք, մերկ մարմնի պատկերումը նվազագույնի հասցնելը Ստալինի զուտ անձնական հոգեխեղումների արդյո՞ւնք էր, թե՞ անդեմ բյուրոկրատական ապարատի միջոցով համատարած հսկողության ձգտող բոլոր համակարգերի հատկանիշը: Կերպարվեստի կրթությունը Սովետական Միությունում դասական, ակադեմիական ավանդույթով շարունակում էր մերկ մարմնի ուսումնասիրությունները, բայց այդպես էլ հասկանալի չէր, թե կրթությունը ստանալուց հետո նկարիչը իրավունք կստանա՞ իր նկարներում պատկերել մերկ կերպարանքներ և ցուցադրել դրանք: Հանրային տարածքներում ավելի հաճախ հանդիպում էին վերարկուներով, շինելներով կամ պարզապես դեկորատիվ կոտրատվող ռիթմերով թաքցված ու պարուրված կերպարներ, որոնք միայն դեմքի լուսանկարչական հեռավոր նմանությամբ էին անհատականացվում, եթե նվիրված էին լինում որոշակի մարդու: Իհարկե, «Պերեստրոյկան» առաջին հերթին խոսքի ազատություն էր, որի կարիքը կերպարվեստը շատ էր զգում: Հնարավորություն ստեղծվեց բացահայտել ու վերանայել արվեստի պատմության բազմաթիվ անտեսված, արգելված, միտումնավոր խեղաթյուրված ու կամային ձևով մեկնաբանված բազմաթիվ փաստեր, արվեստի գործեր, նոր տեսանկյունից դիտել շատ ու շատ արվեստագետների... և այս գործընթացը շարունակվում է մինչև այսօր: Այժմ մի քանի խոսք այն ընդհանուր գաղափարի մասին, որը դրված է «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագիրը կրող ցուցադրության մեջ, որի շրջանակներում է իրականացվում «Ֆրոնտալ մերկություն» նախագիծը: Մեր համար կարևոր է, որ «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի բոլոր համադրողները, որոնք չորսն են` Արարատ Սարգսյան, Արևիկ Արևշատյան, Դավիթ Կարեյան և Ես, արվեստագետներ են: Երբ Հայաստանի Հանրապետությունն անկախացավ, առաջին փոփոխությունը կերպարվեստի ոլորտում, ի տարբերություն նախորդ սովետական հաստատությունների ցուցահանդեսային փորձառության, համադրողների կողմից ցուցահանդեսներ կազմակերպելու գործունեությունն էր, որն ակնհայտորեն փոխեց արվեստի հասարակական ընկալումը: Համադրողների մեծ մասը իհարկե հենց իրենք արվեստագետներն էին, բայց դա չխանգարեց, որ համադրողի կերպարն ընկալվեր իբրև Ժամանակակից Արվեստի հիմնական գործող անձ: Համադրողի գործի նման գերագնահատման պատճառը, իմ խորին համոզմամբ, այն պարզ ու ակնհայտ փաստն էր, որ այդ ցուցահանդեսները, ի տարբերություն խորհրդային տարիների «ցուցահանդես-հաշվետվությունների», ավելի հետաքրքիր գաղափարներ ու ամբողջական հավաքածուներ էին ներկայացնում: Եվ ուրեմն «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը արվեստագետ-համադրողների ավանդույթի շարունակությունն է. բոլոր չորս համադրող-արվեստագետները վերջին քսան տարում կազմակերպել են բազմաթիվ ցուցահանդեսներ՝ հաճախ իրենք էլ մասնակցելով դրանց: Քանի որ «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» նախագծի մեջ «Ֆրոնտալ մերկություն» բաժնի համադրողը Ես եմ, և Ես նաև մասնակցում եմ այդ հատվածում, աշխատանքների նկարագրությունը սկսեմ իմ երկու գործից: Դրանք վերնագրված են «Կոնստրուկտիվիստական էքստերիեր» և «Անկախ հասարակություն», երկուսն էլ կատարված են 2010 թ.: Կոնստրուկտիվիզմը ճարտարապետության և դիզայնի ոճ է, որը երկրագնդի որևէ կետում միանշանակորեն զուգահեռվում է Նորի Աշխարհի հետ: Արդեն մոտավորապես հարյուր տարի է անցել այդ ոճի սկզբնավորումից, բայց այն չի ընկալվում որպես հին ու երևի դեռ այնքան ժամանակ կընկալվի իբրև Նորի խորհրդանիշ, որքան կպահանջվի իրականություն դարձնելու համար այն իդեալները, որոնք ընկած են այդ՝ արդեն վաղուց համաշխարհային դարձած ոճի հիմքում: Այդ իդեալներն են Հավասարությունը, Ազատությունը և Համերաշխությունը: Հասկանալի է, որ այս գաղափարների վրա հիմնվող արվեստի ուղղությունը պետք է իր կողմնակիցներն ու իրականացնողներն ունենար 1917 թ. կոմունիզմի կառուցումը իբրև նպատակ հայտարարած նախկին Ռուսական կայսրության անկախություն հռչակած գավառներում, որոնցից մեկն էլ Հայաստանն էր: Բազմաթիվ հայ ճարտարապետներ նախագծում և կառուցում էին կոնստրուկտիվիստական ոճով. մինչև այսօր էլ կարելի է Երևանում տեսնել այդ շենքերը: Ես իմ «Կոնստրուկտիվիստական էքստերիեր» աշխատանքում անդրադառնում եմ այդ ավանդույթին ու շեշտում, որ ապագայի հասարակության կառուցումը նպատակ ուներ մարդուն ազատել շահագործող աշխատանքից, բյուրոկրատական վերահսկումից, աշխարհը դարձնել բաց ու թափանցիկ: Մերկ մարդիկ ազատ են, հավասար և ցուցադրում են իրենց համերաշխությունը՝ դեն նետելով դասակարգերի, խտրականության և վերահսկման խորհրդանիշ հանդիսացող զգեստները: Ապագայի հասարակություն կառուցող մարդիկ հեծանիվ են քշում ավտոմեքենաների պաշտամունք ունեցող այսօրվա Երևանում: Նրանք անցյալից են, բայց ապրում են ապագայում: Իսկ «Անկախ հասարակություն» աշխատանքում պատկերված է սուպերմարկետների ճնշման տակ արդեն քիչ-քիչ անհետացող սիգարետի կրպակ, որը շրջապատված է մերկ մարդկանցով: Այդ կրպակները ազատ շուկայական տնտեսության խորհրդանիշներ էին 90-ական թվականներին, բայց նաև անհատականացման խորհրդանիշներ` հաճախ ծածկված տրանսնացիոնալ «բրենդների» գովազդներով` հիմնականում ծխախոտի, կոնֆետների և զովացուցիչ ըմպելիքների ազդագրերով: Կրպակների տերերը, եթե չէին կարողանում ճարել բնօրինակ ազդագրեր, իրենք էին իրենց ձեռքով նկարում դրանք: Այն կրպակը, որը Ես պատկերել եմ իմ նկարում, հիմա արդեն փակվել է՝ չդիմանալով մի քանի մետր իրենից հեռու հայտնված սուպերմարկետի հետ մրցակցությանը: Մերկ մարդիկ մեր անկախությունը խորհրդանշող քաղաքացիներն են, որոնք իրենց շատ հարմարավետ են զգում՝ առևտուր անելով այդ փոքրիկ կրպակից: Այս մարդիկ նրանք են, ովքեր չեն անիծում անկախությունը՝ անվանելով այն «մութ ու ցուրտ տարիներ»: Նրանք հերոսներ են, որոնք գիտակցում են, որ իրենց մարմինն իրենց սեփականությունն է, որոնց համար անցյալը ոչ թե ևս մեկ առիթ է` սգալու ու նվնվալու, այլ վառ պահվող հիշողություն՝ այսօր ավելի վստահ ապրելու համար: Հաջորդ աշխատանքը, որը ուզում եմ ներկայացնել, կոչվում է «Entartete», 2010 թ., հեղինակը Տիգրան Խաչատրյանն է: Լուսանկարչության և կինոյի ազդեցությունը կերպարվեստի վրա այնքան մեծ է եղել (ու շարունակում է այդպիսին մնալ), որ միայն զարմանալ կարելի է, թե ինչու մեր արվեստի հաստատությունները գերադասում են խրախուսել միայն այն գեղանկարչական ֆանտազիաները, որոնք տեղափոխում են մեզ դեպի մինչլուսանկարչական աշխարհը: Շարժման պատկերումը կերպարվեստի կարևոր տարրերից մեկն է, իսկ արվեստի մի ամբողջ ուղղություն, որը մեծ տարածում է ունեցել նաև մեզանում, իր սկզբունքներն ամբողջովին հիմնում էր արվեստի մեջ արագության ընդգծման և կարևորության վրա: Տիգրան Խաչատրյանը իր «Entartete» աշխատանքում վերաիմաստավորում է մեր ֆուտուրիստական ուտոպիաներով հագեցած անցյալը. նա օգտագործել է Étienne-Jules Marey-ի ֆոտոների վերախաղարկումը` իբրև հիշելու գործողություն: Étienne-Jules Marey-ն մինչև կինոյի գյուտը լուսանկարների միջոցով ստանում էր շարժվող պատկերներ: Ինչպես հայտնի է, սովետական քարոզչությունը հաճախ ասոցացվում է Վ. Ի. Լենինի հայտնի «Մեզ համար արվեստներից ամենակարևորը կինոն է» արտահայտության հետ, որը Տիգրան Խաչատրյանի գործում նացիստական Գերմանիայում բացված «Entartete»/«Դեգեներատիվ Արվեստ»/1937 ցուցահանդեսի վերնագրի հետ նույնական հնչողությամբ վերածվում է հզոր դիմադրության` դեռ արդյունաբերական դարաշրջանից մեզ կաշկանդող ամբողջատիրական մտածողության դեմ: Հիշողության հետ է կապված նաև Կարեն Ալեքյանի կոնցեպտուալ աշխատանքը՝ կազմված տեքստից, որը նաև գործի վերնագիրն է, և մի հին լուսանկարից՝ պահվող Մոսֆիլմի արխիվում: 20-ականների անհայտ արվեստագետի այս լուսանկարը երջանիկ հասարակության կառուցման կորած վկայությունն է: Կարեն Ալեքյանի աշխատանքը կոչվում է «Պատկերը, որը դուք այժմ դիտում եք, արդյունքն է առաջադեմ արժեքային համակարգի, իսկ բացահայտ մերկությունը` անթերի լիարժեքության»: Սոցիալիզմը նույնացնելով ստալինիզմի հետ՝ մենք կատարում ենք ոչնչով չարդարացված ոտնձգություն մեր հիշողության հանդեպ, իսկ հեղինակը մեզ վերադարձնում է նախաստալինյան Սովետական Միություն, ուր դեռ կային սեփականատերեր, անձնական և կոլեկտիվ սեփականություն: Ռազմաբյուրոկրատական համակարգի կողմից սեփականատերերի ֆիզիկական բնաջնջումը դեռ չէր հռչակվել սոցիալիզմի հաղթանակ` վարկաբեկելով սոցիալիզմն ու կոմունիզմը և անդառնալիորեն հեռանալով մարքսիզմից: Լուսանկարում Նոր տնտեսական քաղաքականություն (Նէպ) իրականացնող երկիրն է, ուր կոլեկտիվ տնտեսությունները ազատ մրցակցության մեջ են անհատ տնտեսվարողների հետ` ցուցադրելով իրենց առավելությունները` կոլեկտիվ աշխատանքի բերկրանքն ու ազատությունը:
Այս նույն զգացողությունը կա նաև Ազատ Սարգսյանի «Azatapolitanas» փերֆորմանսի մեջ, ուր արվեստագետը կանգնած է դահլիճի կենտրոնում, իսկ նրա մերկ մարմնի մազածածկույթին ամրացված սպիտակ գլանափաթեթները խճուղիների նման տարածվում են շուրջբոլորը՝ արևի ճառագայթների պես լուսավորելով խավարը: Այն լրատվական խավարը, որը շաղախված է քաղաքական ու տնտեսական շահավետությունից և դեռ շրջապատում է ստեղծագործող անհատներին: Այս փերֆորմանսը Ազատ Սարգսյանը իրականացրել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի 25-րդ միջազգային բիենալեի շրջանակներում 2002 թ.: Շատ համահունչ է այս մտքերին նաև Շուշան Պետրոսյանի «Մարմնի ապստամբությունը» վիդեոաշխատանքը` կատարված 2010 թ.: Մարմինը դիմադրում է ինքն իրեն, թույլ չի տալիս, որ մազերը դուրս գան մաշկի մակերես, նրանք շրջվում են ներս՝ բորբոքելով ու ցավ պատճառելով արվեստագետին: Ստեղծագործող անհատին անհրաժեշտ են կամք և համարձակություն` պայքարելու համար իր մարմնի դեմ, որը փախչում է հասարակությունից: Դեպի դուրս բացվելու փոխարեն արտիստի մարմինը կծկվում է ինքն իր մեջ, ինչպես Սվետլանա Անտոնյան Օկեանի սքանչելի «Հոգմապար» լուսանկարչական փերֆորմանսի մեջ: «Հոգմապար»-ը պարի տեսակ է, որը պարում են միայնակ` փնտրելով ու շատ ամուր գրկախառնվելով պարային զուգընկերոջ հետ, որը նույնպես դու ես, քո այն մասը, որը մերժում է հասարակությունը: Եթե Շուշան Պետրոսյանի աշխատանքում մարմինն է մերժում աշխարհը, ապա Սվետլանա Անտոնյան Օկիանի աշխատանքում աշխարհն է մերժել արվեստագետի մարմնի մի մասը կամ, կարելի է ասել, մերժվել է նրա մարմնի ուղիղ կեսը, և «կյանքի պարը» ողբերգական պտույտների է վերածվել հյուրասենյակի մանրահատակին` գրկախառնված բացակայող զուգընկերոջ հետ, որը արվեստագետի «ալտեր էգոն» է:
Հաջորդ աշխատանքը, որն ուզում եմ ներկայացնել, Կարեն Բարսեղյանի «Կրակայրիչներ» պենոպլաստե քանդակներն են: Մեկ և երկու մետրանոց հինգ կտորից բաղկացած այս քանդակները առավելագույնս նմանեցրած են զանգվածային մշակույթից բոլորիս լավ ծանոթ մերկ կանանց ու «կուլտուրիստ» տղամարդկանց լուսանկարներով զարդարված էժանագին կրակայրիչներին: Ինչպես կասեր Կլեմենտ Գրինբերգը, Ռեպինի և «պերեդվիժնիկների» բախտը բերել էր, որ Սովետական Միությունը փակ երկիր էր. ժողովրդական զանգվածները դիտում, նույնիսկ իրենց տանը կախում էին նրանց գեղանկարչական աշխատանքների վերատպությունները, բայց հենց հայտնվեցին «գլամուրային» «կիչ»-մշակույթի նմուշները՝ տպագրված լայն սպառման առարկաների վրա, գեղանկարչությունը դարձավ արվեստ հասկացող մարդկանց «գիտական լեզու», որով նրանք շփվում են միմյանց հետ և հասարակությունից էլ ոչինչ չեն պահանջում` բացառությամբ մեկ բանի, որ կերպարվեստի տարրական օրենքները չիմացողներն իրենց հանգիստ թողնեն: Կարեն Բարսեղյանի «Կրակայրիչները» խոսակցություն է բարձր արվեստի մասին, մեր անցյալի, թանգարանների և արվեստի շուկայի մասին: Կարեն Բարսեղյանի բոլոր աշխատանքներին հատուկ է լավատեսությունը, իսկ հատկապես «Կրակայրիչները» աչքի է ընկնում դեպի ապագան նայող մարդու ոգևորությամբ, արժեքները փոխող ու նոր արժեքներ հաստատող արվեստագետի ուրախությամբ: Նման մի ուրախություն կա նաև Վահագն Ղուկասյանի կտավներում, որոնցից մեկը հատուկ արված է «Ֆրոնտալ մերկություն» նախագծի համար և պատկերում է ինձ` «Ֆրոնտալ մերկություն» նախագծի համադրողիս, ճակատային մերկությամբ: Արվեստը ոչ թե տեսություն է, այլ ուղիղ գործողություն: Վահագն Ղուկասյանը, լինելով գեղանկարիչ, իրեն բոլորովին հարմարավետ չի զգում տեսությունների և տեսականացումների ակադեմիական աշխարհում: «Ֆրոնտալ մերկություն» նախագծի համադրող Արման Գրիգորյանի դիմանկարը» աշխատանքն արվեստագետի կողմից մեկ ուրիշ արվեստագետի պատկերման և գնահատման մի յուրօրինակ փորձ է, ինչպես և Սվետլաննա Անտոնյան Օկիանի կատարած Հայաստանի այսօրվա լավագույն արձակագիրներից մեկի՝ Լուսինե Վայաչյանի մերկ դիմանկարը: Այս դիմանկարներն իսկապես նորություն են հայ արվեստում: Մեզանում արվեստագետները մերկ ինքնադիմանկարներ արել էին, բայց Ռոդենին, որը Բալզակին մերկ էր պատկերել, հետևել են միայն Վահագն Ղուկասյանը և Սվետլանա Անտոնյան Օկիանը: Նրանք երիտասարդ են, և սա նրանց առաջին, բայց կարևոր ներդրումն է մեր արվեստում, որն արժանի է նկատվելու և գնահատվելու:
«Ֆրոնտալ մերկություն» նախագիծը Հայաստանի կերպարվեստում մի յուրահատուկ քայլ է, այն նպատակ է հետապնդում հստակորեն տարբերվել արվեստի մնացած տեսակներից` ցուցադրելով առանձնահատուկ մի ասպեկտ՝ մարմնի մերկությունը, որի շնորհիվ կերպարվեստը գտնում է իր սոցիալական առաջադեմ դերը և ի տարբերություն մարդկային գործունեության բազմաթիվ այլ դրսևորումների` շարունակում է մնալ կյանքի ավանգարդում:
Տեքստում զետեղված պատկերները` 1. Արման Գրիգորյան 2. Կարեն Բարսեղյան 3. Օկեան (Սվետլանա Անտոնյան) 4. Կարեն Բարսեղյան
Մեկնաբանել