HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը այցելել է Գեղարքունիքի և Լոռու մարզեր

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Լոռու մարզեր: Գեղարքունիքի մարզում նախագահը ծանոթացել է Սևան-Լճաշեն ճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ 2010 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ նշված ճանապարհահատվածում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ և հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաև ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ: Նախագահի հանձնարարությամբ միջոցներ կտրամադրվեն ճանապարհի դիտարկվող հատվածի ասֆալտապատման համար, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում արդեն 2011թ. գարնան սկզբին ճանապարհը կասֆալտապատվի: Նաև հանձնարարվել է մինչ այդ ապահովել ճանապարհի անցանելիությունը: Այնուհետև Սերժ Սարգսյանին ներկայացվել են ջրածածկ և ճահճացած տարածքներում Սևանա լճի մաքրման աշխատանքներ կատարելու համար նախատեսված «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի տեխնիկական հնարավորություններն ու մաքրման ենթակա տարածքների քարտեզները: Հանրապետության ղեկավարը հանձնարարություններ է տվել նաև լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված: Ավարտելով աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում` Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի: Նա նախ այցելել է Ստեփանավան, որտեղ ներկա է եղել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին` «Քաղաքի օր» տոնակատարությանը, Անդրանիկ Մարգարյանի անունը կրող հիմնանորոգված մշակույթի պալատի և նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը: Այնուհետև նախագահը մեկնել է Արմանիսի լեռնահարստացման համալիր, որտեղ այցելել է «Սագամար» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի հարևանությամբ գտնվող սպասարկման համալիր: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտել հանքի շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները: Ընկերության վարչական մասնաշենքում Սերժ Սարգսյանին ներկայացվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկության` «Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆևաՌուս» ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը: Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Սպիտակ քաղաքում, որտեղ «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում մասնակցել է 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի և բանալիների հանձնման արարողությանը: Սերժ Սարգսյանը շրջել է թաղամասում, ծանոթացել նորակառույցների բնակարանային պայմաններին, թաղամասի հետագա կառուցապատման նախագծերին ու շինարարական աշխատանքների կազմակերպման հետագա ծրագրերին: Երկրի ղեկավարն այցելել է նաև շահառու ընտանիքներին, շնորհավորել բնակարան ստանալու կապակցությամբ և նրանց հետ զրուցել թաղամասի ծրագրերի ու բնակիչներին հետաքրքրող հարցերի մասին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը եղևնի է տնկել «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter