«Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում»
«Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը նախաձեռնել են հինգ արվեստագետ-համադրողներ` Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը: Ցուցահանդեսում ներկայացված է արդի և ժամանակակից 39 արվեստագետի ավելի քան 50 աշխատանք:
Ցուցահանդեսն ուղեկցվում է կատալոգով, որի առաջաբանը գրել է մշակութաբան Հրաչ Բայադյանը: Հետազոտելով Մարտիրոս Սարյանի աշխատանքները` նա անդրադաձել է հայ արվեստի մեջ մարդկային մարմնի և բնանկարի փոխհարաբերություններին: Կատալոգում ընդգրկված են նաև համադրողների տեքստերը, որոնք տարբեր տեսանկյուններից դիտարկում են մարմին-մշակույթ-հասարակություն-արվեստ փոխհարաբերությունները: Առանձին մասով ներկայացված է նաև Արտաշես Էմինի մերկերի հավաքածուն, որում տեղ են գտել 20-րդ դարի հայ հռչակավոր արվեստագետների` Վարդգես Սուրենյանցի, Ռուբեն Նաքյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի և շատ ուրիշների գծանկարները: Համադրողներին միավորել է կերպարվեստում կենտրոնական տեղ գրավող հարցերից մեկը` մարմինը: Կերպարվեստն` իբրև առանձին արվեստի տեսակ, իր սկզբնավորման պահից մշակել է կանոններ, որոնք վերաբերել են մարդու մարմնի պատկերմանն ու ընկալմանը: Դասական արվեստը ռեալիստական աշխարհընկալման շնորհիվ առավել մոտեցրեց մարմնի պատկերման գիտական և հուզական մոտեցումները: «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը փորձ է` ներկայացնելու պատկերային (ֆիգուրատիվ) արվեստի կարևոր դերը հայկական կերպարվեստի մեջ: Կերպարվեստի պրոֆեսիոնալ կրթությունն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հիմնվում է մերկ մարմնի ուսումնասիրության վրա, որն էլ հնարավորություն է ընձեռում նկարիչներին նոր կերպ դիտարկել մերկությունը: Ցուցահանդեսը, ընդգրկելով ինչպես արդեն դասական, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողներին, շեշտում է պատկերային արվեստի ընդհանրական համայնապատկերը և թեմայի ավանդականությունը: «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել է «Ակադեմիա» պատկերասրահը Մշակույթի նախարարության հովանավորությամբ և Նկարիչների միության աջակցությամբ: Ցուցահանդեսը բացվելու է նոյեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, և տևելու է մինչև նոյեմբերի 25-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել