
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանով ազատվել է աշխատանքից և անցել կադրերի տրամադրության տակ: Շիրինյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրեն հայտնի չեն ազատման պատճառները, և որ ինքը ոստիկանապետի հրամանները չի քննարկում:
«ՀԺ»-ի տեղեկություններով` Սարգսյանը նրան ազատել է սխալ «խորհրդի» համար` կապված ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայտնի պատմության հետ: 2009-ի փետրվարին Մարիամի դեմ գործ սարքվեց սուտ մատնության մեղադրանքով: Սարգսյանը ասուլիսում նրան անվանել էր հանցագործ, հետո նույնը կրկնել էր Շիրինյանը:
Մարիամի դեմ մեղադրանքները հերքվել են, և այժմ նա դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ` որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ: Սարգսյանն էլ այս հարցում մեղադրում է Շիրինյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել