Օլիգարխներն ընտրություններից առաջ «կրճատում» են ֆինանսական եկամուտները
Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, պատգամավորներն այնքան ավելի զգուշավոր են դառնում եւ ամեն կերպ փորձում են իրենց «ապահովագրել» լրագրողների կամ ընդդիմախոսների հնարավոր «հարձակումներից»:
Այս գումարման Ազգային ժողովի պատգամավորների աքիլեսյան գարշապարը բիզնեսն ու ֆինանսական եկամուտներն են, որը եւ ընտրություններից առաջ բարեհաջող թաքցրել են օլիգարխ երեսփոխանները:
Լրագրողներին հասանելի իրավական փաստաթուղթը, որից պարզ են դառնում պատգամավորների դրամական եկամուտները, գույքի եւ եկամուտների հայտարարագիրն է: Իհարկե, քչերն են հավատում, որ պատգամավորները կամ բարձրաստիճան պաշտոնյաները կուրորեն հարգում են օրենքի տառը եւ հայտարարագրում իրենց ամբողջ ունեցվածքը: Այնուամենայնիվ, եղածն էլ բավարար է` հայտարարագիր ներկայացնող պաշտոնյայի ոչ միայն գրպանի պարունակության, այլեւ բարոյական հատկանիշների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին դեռեւս հուլիսի 21-ին 5 կետից բաղկացած հարցում էինք ուղարկել, որպեսզի վերջինս անձամբ տեղեկացնի իր ունեցվածքի մասին: ԱԺ նախագահին «օգնելու» համար նշել էինք նաեւ մոտ երկու տասնյակ գործարանների ու ձեռնարկությունների անուններ, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, իրեն են պատկանում: Օրինակ` Մխչյան համայնքում 53,24 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, Երեւան քաղաքում մոտ մեկ տասնյակ անշարժ գույք եւ այդքան էլ ավտոմեքենաներ:
1500 հա խաղողի այգի Արտաշատում, ավելի քան 10 գազալցակայան Երեւանի սահմաններից դուրս, «Արարատցեմենտի» բաժնետոմսերի 1/3-ը, Երեւանից դուրս եկող մայրուղիներում` խաղատներ, բենզալցակայաններ Հայաստանի ամբողջ տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը ձեռք է բերել 2007-ին 7 մլն դոլար արժեքով:
Ինչպես նաեւ` Արտաշատի տրիկոտաժի եւ մեխանիկական գործարանները, թիվ 5 ավտոպարկ տրեստը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի գաստրոնոմը, Արտաշատի հյուրանոցը եւ դրանում գտնվող ռեստորանը, Մխչյան գյուղի մեխանիկական գործարանը եւ ավտոձեռնարկություն նույն գյուղում, բետոնի գործարան, 200 հա հող Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում, հանգստյան տուն Ծաղկաձորում եւ 5 հա հող, երկու բազմահարկ շենք Երեւանի Հանրապետության փողոցում, տուն Սեւանա լճի հարեւանությամբ, 2500քմ տարածք Երեւանի Հաղթանակ այգու հարեւանությամբ եւ այլն:
Թեեւ Աժ նախագահին հարցերն ուղարկել էինք գրավոր, սակայն օրերս` 2 ամիս անց, ԱԺ-ից տեղեկացրին, որ ցանկում նշված ձեռնարկությունների մի մասը Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ կապ չունի, իսկ թե ո՞ր մասն է առնչվում` խորհուրդ տվեցին ուսումնասիրել նրա հայտարարագիրը:
Նշենք, որ լրագրողներին տրվում է հայտարարագրի հիման վրա կազմված տեղեկանք, որը չի արտացոլում ոչ տարվա կտրվածքով նրա ֆինանսական շարժը, ոչ էլ ունեցվածքի մասին կոնկրետ տեղեկություններ է պարունակում: Այս մասին տեղեկացրել ենք նաեւ Հովիկ Աբրահամյանին` նրան ուղարկելով 2009 թ. լրացրած իր հայտարարագրի տեղեկանքը:
Խորհրդարանի խոսնակն անդրդվելի է: Նա այդպես էլ պաշտոնապես չպատասխանեց մեր գրավոր հարցմանը:
Մինչդեռ հայտնի է, որ նրան պատկանում են նաեւ հանքերի շահագործման լիցենզիաներ: Մասնավորապես` 2010 թ. հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Հ. Աբրահամյանին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն: «Արգամիկ» ՍՊԸ-ի անունով նա ստացել է Վայոց Ձորի Ելփին գյուղի պղնձի եւ մոլիբդենի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, ինչպես նաեւ մի շարք այլ լիցենզիաներ: Այս ամենով հանդերձ` ԱԺ նախագահը 2010 թ. ավելի քիչ է հայտարարագրել, քան 2009-ին:
2009 թ. Հ. Աբրահամյանը հայտարարագրել էր 29 մլն 499 հազ.760 դրամ, իսկ 2010-ին` 25 մլն 515 հազ. 220 դրամ: Հավանաբար, պակաս հայտարարագրված 4 մլն դրամը նախորդ տարվա եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքն է, ինչն էլ վնաս է հասցրել Հովիկ Աբրահամյանի գյուղատնտեսական տնտեսություններին: ԱԺ նախագահի տիկնոջ` Ջուլիետա Աբրահամյանի անունով միայն Արարատի մարզի Նարեկ գյուղում ձեւակերպված է գյուղատնտեսական նշանակության մոտ 90 հա հող: Վիճակագրական ծառայությունը եւս փաստում է, որ նախորդ տարի անկում է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում:
«Շքերթը» շարունակվում է
Ֆինանսական եկամուտների զգալի «կորուստ» է ունեցել նաեւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: 2010 թ. նրա եկամուտը նվազել է ոչ թե միանիշ միլիոնով, այլ 42 անգամ: Եթե 2009-ին օլիգարխ պատգամավորը հայտարարագրել էր 439 մլն 513 հազ. 440 դրամ, ապա 2010-ին` ընդամենը 10 մլն 448 հազ 580 դրամ: Իսկ 2008-ին պատգամավորը հայտարարագրել էր 316 մլն 145 հազ. 910 դրամ:
Սամվել Ալեքսանյանը թեեւ իրեն «սնանկ» է ճանաչել, սակայն վերջերս գնել է Երեւանի Մաշտոցի պողոտայում գործող «Փակ շուկան»:
Սամվել Ալեքսանյանը չի թաքցնում, որ վերընտրվելու ցանկություն ունի: Հավանաբար, քիչ դրամ հայտարարագրելով` փորձում է ընտրողի աչքին որպես հալալ քրտինքով վաստակած ու «չոր» աշխատավարձով ապրող պատգամավոր երեւալ:
Զգուշավորություն է ցուցաբերել նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր, «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը: 2010 թ. նա հայտարարագրել է 18 մլն 659 հազ. 580 դրամ` 2009-ի 311 մլն 262 հազ. 090 դրամի փոխարեն: Այդ տարի պատգամավոր Ափոյանը նաեւ երեք հողամաս էր ձեռք բերել: Միգուցե գործարար պատգամավորն այս անգամ էլ է ցանկանում պատգամավորական տեղերից մեկը զբաղեցնել:
Ինչպես միշտ, Գագիկ Ծառուկյանի խնամին` ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, 2010 թ. էլ է իրեն համարել «աղքատ»: Նա հայտարարագրել է միայն իր աշխատավարձը` 3 մլն 108 հազ. 580 դրամ` 2009-ի 3 մլն 143 հազ. 440 դրամի փոխարեն:
Հ.Գ. Առաջիկայում կանդրադառնանք այլ պատգամավորների եկամուտներին եւս:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել