HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Արդեն 17 օր է` հացադուլի մեջ է

Խուլիգանության համար դատապարտված և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արմեն Պետրոսյանը 2010-ի հոկտեմբերի 20-ից հացադուլ է հայտարարել: Սրանով բանտարկյալն իր բողոքն է արտահայտում ՔԿՀ-ում տեղի ունեցող ապօրինությունների և իրեն առաջադրված նոր մեղադրանքի դեմ, և, իր հայտարարությամբ, գնալու է մինչև վերջ, մինչև ճշմարտությունը բացահայտվի: Արմեն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքային գործունեությունը խանգարելու և ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Ասվում է, որ դատապարտյալը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Արմեն Պետրոսյանը չի ընդունում այս մեղադրանքը և դեպքը ներկայացնում է հետևյալ կերպ. սեպտեմբերի 4-ին ինքը կնոջ և մանկահասակ երեխայի հետ եղել է երկարատև տեսակցությունների սենյակում: Այդ օրը ՔԿՀ-ի պետի տեղակալն իրեն օղի է տվել, ընդ որում օղին կալանավայրում խստիվ արգելված է: Ինքը փորձել է այն` համոզվելու համար, թե իրոք օղի՞ է: Քիչ անց ՔԿՀ-ի աշխատակիցները դռան հետևում սկսել են խոսել, որ արդեն ժամանակն է, պետք է ազատվեն իրենից, և փորձել են ներս մտնել (տեսակցության սենյակի դուռը բացվում է միայն ներսում գտնվողների ցանկությամբ): Դատապարտյալը թույլ չի տվել, որ դուռը բացեն: Բայց 7-8 աշխատակիցներ ներս են մտել և, բանտարկյալի ասելով, ՔԿՀ-ի պետի տեղակալի մասնակցությամբ իրեն ծեծի են ենթարկել կնոջ և երեխայի ներկայությամբ, հայհոյել են, սպառնացել: Դատապարտյալի խոսքը հաստատում են նաև կինը, կողքի սենյակում երկարատև տեսակցություն ունեցող մեկ այլ դատապարտյալ ու վերջինի կինը, ուրիշ դատապարտյալներ ևս, որոնք լսել են, թե ինչպես են Արմենին հայհոյել, իսկ Արմենն ասել է` մի ծեծեք, երեխան կվախենա: Ըստ Արմեն Պետրոսյանի` այս ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ ՔԿՀ-ի պետի տեղակալը` այն նույն անձը, ով իրեն օղի է տվել, իր ծողներից 500 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել իր ռեժիմը մեղմացնելու համար: Պահանջած գումարը ստանալուց հետո, սակայն, չի կատարել պայմանը: Արմենի հարազատները պահանջել են վերադարձնել գումարը: Նա էլ, միտք չունենալով այն վերադարձնել, այս սադրանքին է դիմել. օղի է բերել տվել, հետո էլ ուղարկել աշխատակիցներին, թե գնացեք տեսեք, որ խմած է: Հակառակ կողմն էլ` ՔԿՀ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները, հակառակ ցուցմունքն են տալիս, որ բանտարկյալն է խանգարել կարգուկանոնը և հիմնարկի աշխատակից Արամ Միքայելյանի նկատմամբ բռնություն գործադրել: Կաշառքի վերաբերյալ դատախազություն ուղարկվել է հաղորդում, որն էլ, ըստ ենթակայության, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայությանը: Արմեն Պետրոսյանի շահերի պաշտպանությունն ստանձնած ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան Ռուբեն Հակոբյանը իր պաշտպանյալի ասածներին չհավատալու հիմքեր չունի: Նրա խոսքով` Արմեն Պետրոսյանի ասածն արդեն ապացույց է, նրա ծնողների ասածներն ապացույց են: Իսկ հակառակը հիմնավորող ապացույցներ ձեռք կբերվեն, թե ոչ` կպարզի քննությամբ: Փաստաբանն առարկություն է ներկայացրել այն բանի դեմ, որ քրգործի մյուս մասը քննվում է Լոռու մարզի քննչական բաժնում: Ըստ նրա` դրանով խախտվել են քննչական ենթակայության կանոնները. քանի որ, ըստ իր պաշտպանյալի ցուցմունքի, ապօրինություններ են կատարվել պաշտոնատար անձանց կողմից, ուստի նախաքննական մարմինը չի կարող զբաղվել այս գործով: Այն պետք է քննվի Հատուկ քննչական ծառայությունում: Այս փուլում այլ էական խախտումներ փաստաբանը չի նկատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter