
Սանահինի դեպոն լուծարվում է. աշխատանքից կզրկվի շուրջ 250 աշխատող
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը նոյեմբերի 4-ի 189/Ն հրամանով Սանահինի լոկոմոտիվային դեպոն դեկտեմբերի 1-ից միացրել է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյին` Հայաստանի երկաթուղում բեռնափոխադրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Շ.Շայդուլինը հրամանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի շարժական կազմի ծառայության ղեկավար Ռ.Ստեփանյանին և Սանահինի լոկոմոտիվային դեպոյի պետ Հակոբ Ճուղուրյանին հանձնարարել է մինչև նոյեմբերի 20-ը Սանահինի դեպոյում գույքագրել հիմնական միջոցները` այն Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի հաշվեկշռում գրանցելու նպատակով: Այսպիսով, 120-ամյա ճանապարհ անցած և Հայաստանի երկաթուղու պատմության մեջ հայտնի Սանահինի դեպոն լուծարվում է, ինչի հետևանքով, ինչպես տեղեկացնում է դեպոյի ղեկավար Հակոբ Ճուղուրյանը, աշխատանքից կզրկվի շուրջ 250 աշխատող:
Նոյեմբերի 5-ին, ի պատասխան Շ.Շայդուլինի թիվ 189/Ն հրամանի, անցկացվել է հանրահավաք, որին մասնակցել են Սանահինի դեպոյի երկաթուղայինները, նրանց ընտանիքների անդամներն ու երկաթուղային թաղամասի բնակիչները` թվով 600 մարդ: Հանրահավաքում դեպոյականները ստեղծել են 5 հոգուց կազմված գործադուլային կոմիտե: Նրանք բաց քվեարկությամբ դեպոյի աշխատողներ Արարատ Մայիլյանին, Ռոբերտ Դալլաքյանին, Համլետ Թամազյանին, Մարտուն Մազմանյանին և Ալեքսանդր Մատինյանին ընտրել են գործադուլային կոմիտեի անդամներ: Հանրահավաքը գործադուլային կոմիտեին լիազորել է արտահայտել և բոլոր օղակներում ներկայացնել Սանահինի երկաթուղայինների շահերը, հայտարարել նախազգուշական գործադուլ, կազմակերպել պիկետներ, որոշել գործադուլների անցկացման ժամանակը և տևողությունը, հանդես գալ «Հարավկովկասյան երկաթուղիներում» համընդհանուր գործադուլ կազմակերպելու կոչով: Հոկտեմբերի 8-ին` ժամը 15:00-ին, դեպոյականների գործադուլային կոմիտեն հրավիրել է 2-րդ հանրահավաքը, որին պետք է մասնակցեն նաև թիվ 31 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը և Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Երկաթուղայինները դժգոհեցին ոչ միայն դեպոն լուծարելու վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հրամանից, այլև երկաթուղին կառավարելու հարցում տնօրենի մոտեցումներից: Երկաթուղայիններն ասացին, որ տնօրեն Շայդուլինը իր 189/Ն հրամանը տվել է, քանի որ Սանահինի դեպոյի աշխատողները դժգոհել են աշխատավարձի չափից, և տնօրենը, որպես պատասխան, որոշել է այդ հրամանով պատժել դժգոհողներին: Վերջիններս կարծում են, որ հրամանը Շայդուլինը տվել է նախագահ Սերժ Սարգսյանի` Այրում-Բագրատաշեն կատարած այցի հաջորդ օրը` նոյեմբերի 4-ին, որպեսզի երկաթուղայինները նախագահի` տարածաշրջան կատարած այցի ընթացքում բողոքի որևէ ակցիա չկազմակերպեն: «Այսօր մեր անհանգստության պատճառն այն է, որ առանց մեր կոլեկտիվի հետ խորհրդակցելու` մեր ղեկավարությունը հրաման է իջեցրել մեր դեպոն Գյումրիի դեպոյին միացնելու մասին: Հետևանքների մասին մեզ չեն ասում, հետևանքները մեր պատկերացումներով նրանք են, որ լինելու են կրճատումներ: Կոնկրետ ոչ մի հարց էլ մեզ համար չի պարզաբանվել»,- ասաց մեքենավար Գագիկ Աթաբեկյանը: Մեքենավար Յուրիկ Մատինյանը հայտնեց, որ իրենք դժգոհ են երկաթուղու կառավարումից. աշխատավարձը գնալով կրճատվում է: «Կրճատել են գիշերային ժամավարձը. 50 տոկոսից դարձրել են 30 տոկոս, ասում են` Աշխատանքային օրենսգրքի համաձայն` 30 տոկոս է հասնում, վնասակարության համար 50 տոկոս էինք ստանում, դարձրել են 30 տոկոս: Մեզ ասում է` վերանորոգման ցեխում կաշխատեք, բայց էնտեղ ցեխ գոյություն չունի: Շրջադարձային դառնալուց հետո էլ պարտադիր պետք է աշխատողներ կրճատվեն, որովհետև ասում են` գնացքներ չկան, 17 էլեկտրավոզի, 8 հատ էլ ջերմաքարշի մեքենավարներ կան, որոնք անխտիր պետք է կրճատվեն: Դեպոյի շարժակազմը վերանում է»,- ասաց Յուրիկ Մատինյանը: Մեքենավար Սեյրան Խեչիկյանը կարծում է, որ հրամանը կհանգեցնի ոչ միայն դեպոյի, այլև Սանահին երկաթուղային թաղամասի կործանմանը: Նրա կարծիքով` եթե դեպոն փակվի, Ալավերդու ապրանքաշրջանառությունը կպակասի 15 մլն դրամով: «Երկրաշարժի և Ղարաբաղի պատերազմի ժամանակ մենք ենք աշխատել, 30 ժամ ենք աշխատել, թե 40 ժամ` մենք չենք տրտնջացել: Մենք ամեն ինչ հասցրել ենք ժողովրդին: Մեր մեքենավարներից Աշոտ Ֆիդանյանը ականի պայթունից այսօր 2-րդ խմբի հաշմանդամ է: Ղարաբաղի կռվի ժամանակ մենք հաց ենք տեղափոխել Ղարաբաղ, զենք ենք տեղափոխել, մարդիկ էնտեղ կռվել են: Սա պ. Շայդուլինը չի կարող հասկանալ, բայց մեր կառավարությունը պարտավոր է հասկանալ, թե ինչ սխրանքներ են կատարել և դեռ ինչերի են ընդունակ Սանահինի դեպոյականները: Եթե դեպոն փակվեց, Սանահինում ջահելություն չի մնալու, դուրս են գալու երկրից, գնալու են ուրիշ երկրում ապաստան խնդրեն»,- ասաց Սեյրան Խեչիկյանը: Մեքենավար Լալայանը նոյեմբերի 6-ին` «Հարավկովկասյան երկաթուղիների» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկել: «Առաջարկել եմ` մենք սպասարկենք Սադախլո-Այրում-Վանաձոր տեղամասը, Գյումրիի բրիգադը սպասարկի Վանաձոր-Մասիս տեղամասը, Երևանի բրիգադը սպասարկի Արարատ-Վարդենիս տեղամասը. բոլորս էլ ունենանք հավասար աշխատատեղեր: Պ. Շայդուլինը արհեստական ձևով ուզում է թուլացնել մեր երկրի հյուսիսային սահմանը: Եթե մի բան պատահի, Գյումրիից էդ մեքենավարը մինչև կգա կհասնի մեր սահմանին, ես կես ժամ հետ սահմանում կլինեմ: Երկրի կառավարությունը սա պետք է հաշվի առնի: Շայդուլինի ինչի՞ն է պետք մեր սահմանը»,- ասաց մեքենավար Լալայանը: Մեքենավար Սամվել Թանթուշյանը հայտնեց, որ նախկինում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն իր հումքը բարձում էր Սանահինի դեպոյի վագոնները և արտահանում, իսկ հիմա, երկաթուղու ծառայության գները բարձրանալու պատճառով, կոմբինատն իր բեռը ավտոմեքենաներով է տեղափոխում: Մեքենավար Սամվել Հակոբյանի խոսքերով` եթե ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ Սանահինի դեպոյում հարյուրավոր մարդկանց զրկում են աշխատանքից, ապա ինչո՞ւ են «Հարավկովկասյան երկաթուղիների» վարչական աշխատողները հազարավոր դոլարների աշխատավարձ ստանում: «Մեր տեղեկանալով` Շայդուլինի աշխատավարձը կազմում է 17 հազար դոլար, իսկ վարչական մյուս աշխատողներինը` 6-7 հազար դոլար: Վարչական շենքում աշխատում է 270 մարդ, չի՞ կարելի նրանց 170-ին կրճատել: Շայդուլինն ունի 4 տեղակալ, ո՞ւմ է պետք էս 4 տեղակալը, թող սրանց աշխատավարձերը իջեցնեն, թող պ. Շայդուլինն իր աշխատավարձը իջեցնի 7 հազար դոլար, 10 հազար դոլարը էկոնոմիա անի»,- ասաց մեքենավար Սեյրան Խեչիկյանը: Սանահինի երկաթուղայիններն ինտերնետից հանել էին ռուսաստանյան մամուլի քննադատական հրապարակումներն այն մասին, թե ինչպես է Շայդուլինը Սվերդլովսկի երկաթուղին ղեկավարելու տարիներին (2004-2007թթ.) ձախողել այդ երկաթուղու աշխատանքները: Ռուսական մամուլում մասնավորապես նշվում է երկաթուղային ճանապարհների անբավարար վերահսկման և ղեկավար կադրերի տեղաբաշխման մասին: Սանահինի երկաթուղայինները համարում են, որ Շայդուլինը ձախողում է նաև Հայաստանի երկաթուղու աշխատանքները:
Մեկնաբանել