Պահանջում են անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին
Լոս Անջելեսի «Հայ քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքների պաշտպանություն» ընկերակցությունը հայտարարություն է տարածել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ իրականացված ոտնձգության առնչությամբ:«Քաղական պատանդ (քաղբանտարկյալ), Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունները Նիկոլին և մյուսներին պահում են բանտերում՝ որպես պատանդներ:
Մեր ընկերակցության, ինչպես նաև հարյուրավոր իրավապաշտպան, հասարակական-քաղաքական կազմակերպությունների պահանջները` դադարեցնելու քաղաքական հետապնդումները Հայաստանում և ազատ արձակելու բոլոր քաղաքական բանտարկյալներին, առ այսօր չեն իրականացվել:
Հակառակը, իշխանությունները շարունակում են քաղաքական հետապնդումները ինքնուրույնություն դրսևորող ցանակացած լրագրողի, քաղաքական կազմակերպության և այլ քաղաքացիների նկատմամբ՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններն ու միջոցները:
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվածը ապացույցն է այն բանի, որ գործող իշխանությունները, այսպես կոչված, արդարադատություն իրականացնելիս առաջնորդվում են ոչ թե օրենքներով,այլ հանցավոր աշխարհի կանոններով:
Իշխանությունների կողմից օրենքի և օրինականության դեմ կատարվող ոտնձգությունները հիմնականում ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման դեմ, ոչնչացնում են մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների երաշխավորումը, խոչընդոտում են ժողովրդավարական և իրավական պետության կայացման գործընթացներին:
Նկատի ունենալով, որ քաղաքական հետապնդումների իրականացումը, անարադարադատության բոլոր դրսևորումները իրականացնում են քաղաքական իշխանությունները` հայտարարում ենք, որ իրականցվող ոտնձգությունների ամբողջ պատասխանատվությունը կրում են Հայաստանի քաղաքական իշխանությունները:
Պահանջում ենք`
ա) անմիջապես դադարեցնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքների և դրանց հետ կապված նրա լրագրողական և հասարակական գործունեության դադարեցումը պահանջող կամ ծրագրվող բոլոր գործողությունները։
բ) հետաքննել կատարված ոտնձգությունները և անցկացնել անկախ հետաքննություն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:
գ) Անհապաղ ազատ արձակել քաղաքական պատանդ Նիկոլ Փաշինյանին»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել