«Ֆրանկֆուրտեր Ալգեմայնեն» անդրադառնում է Երևանի Ուսանողական այգուն
Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգը» (FAZ) հունվարի 4-ի համարի 3-րդ էջում ընդարձակ հոդված է տպագրել Երևանի քաղաքաշինական հիմնախնդիրների մասին։ Հոդվածը վերնագրված է «Երևան 21»՝ զուգահեռներ անցկացնելով վիճելի «Շտուտգարտ 21» նախագծի հետ։ Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի, ինչպես նաև ընդհանրապես անկանոն քաղաքաշինության հիմնախնդիրներին` հեղինակը գրում է նաև Երևանի այգիների և մասնավորապես Ուսանողական այգու խնդրի մասին։
«Ֆրանկֆուրտեր Ալգեմայնեն» օրական 380.000 տպաքանակով Գերմանիայի ամենակարդացվող օրաթերթն է։ Ստորև ներկայացնում ենք հատված հայերեն թարգմանությամբ։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
faz.net
«Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգ», 04.01.2011 (հատված)
Ո՞վ է Երևանի տերը
Հայաստանի մայրաքաղաքը տարիներ առաջ հին ու վեհաշուք տեսք ուներ, սակայն կառավարությունն օտարումների և շքեղ նորակառույցների շինարարության արդյունքում ոչնչացվեց հին քաղաքը։ Դժգոհող քաղաքացիները միավորվում են։
Երևան 21
... Քաղաքացիական հասարակությունը թափ է հավաքում։ «Մենք ենք այս քաղաքի տերը»՝ այսպես է կոչվում բնապահպանական մի նախաձեռնություն, որը սկսել է ուշադիր հետևել քաղաքաշինական նոր նախագծերի իրականացմանը։ Երևանի այս բնակիչները ցանկանում են թույլ չտալ, որ իրենց քաղաքն անսանձ շինարարության և արդիականացման արդյունքում կամայականությունների զոհ դառնա։
Օրինակ, նրանք չեն ցանկանում, որ զբոսայգիներից մեկում կառուցվի առևտրի կենտրոն` ստորգետնյա ավտոկայանատեղիով։ Նրանք նաև դեմ են սիրված ամառային կինոթատրոնի տեղում անցյալում քանդված եկեղեցին վերականգնելուն։
Նրանք կյանքի որակ են պահանջում և դրա տակ բոլորովին այլ բան են հասկանում, քան քաղաքային իշխանությունները։ Ամռանը հարյուրավոր մարդիկ բողոքի են դուրս եկել քաղաքապետարանի կողմից սրճարաններով կառուցապատվող հանրային այգիների կերպարանափոխման դեմ։
Մի գիշեր` մայիսին, Սոնա Մելիքյանը (անունը փոխված է) վրդովմունքից փչովի ներկերով նկարազարդել է համալսարանի մոտ գտնվող կանաչ տարածքում շինհրապարակի ցանկապատը. «Սիրեք բնությունը՝ ձեր մորը»։ Այստեղ երկհարկանի սրճարան է կառուցվում։ Հիմա միայն «բնություն» բառն են թողել։ 27-ամյա ակտիվիստը պայքարում է քաղաքապետարանի կողմից սակավաթիվ կանաչ տարածների ոչնչացման դեմ։
Սակայն դատարանը մերժել է Մելիքյանի հայցը՝ իրավունքների խախտում չարձանագրելով։ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը 20.000 ստորագրություն է հավաքել շինարարության դեմ, իսկ ֆեյսբուքում համերաշխություն է հայտնում 3.800 աջակից։
«Սա այլևս այգի չէ»,- ասում է Մելիքյանն ու ցավով նայում ծռմռված ծառերին, որոնց մոտենում են կառուցվող պատերը։ Նա ինքն իր մեջ բացատրություն է փնտրում նման արհամարհանքի համար. «Հայերը ծառերի նկատմամբ սեր ու հարգանք չունեն»։ Հայաստանը «քարերի երկիր» է կոչվում։
Քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը քաղաքացիական շարժումներից որոշ սպասումներ ունի. «Այս ուժերը կարող են այլընտրանք լինել գործող կուսակցություններին»։ Նրան մտահոգում է երկրում տիրող ցածր իրավական գիտակցությունը։ «Մենք ունենք լավ օրենքներ, որոնք, սակայն, չեն գործում։ Քաղաքացիները չգիտեն իրենց իրավունքները, այլապես ի վիճակի են հասնել դրանց կիրառմանը»։ ..
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել