Քաչալացնում են մեր սարերը, այս դեպքում` Ծաղկաձորը
Մարիամ Սուխուդյանի հաղորդումը հանցագործության մասին
Ծաղկաձորում մասնակցում էի բնապահպանական լիդերության ճամբարի: Վերջին օրն էր երեկ, որոշեցի մի քիչ զբոսնել ավարտից հետո: Արդեն մութ էր, հեռվից սկսվեցին լսվել «դրուժբայի» ձայներ: Արդեն հստակ լսվում էր և երևում, թե որտեղ են կրկին ոտնձգություններ անում բնության նկատմամբ:
«Վալլետա» հյուրանոցի հենց տերերը փորձում էին ազատվել երբեմնի ձիգ, սլացիկ, փարթամ սոճիներից, խանգարում են ծառերը, ուզում են տարածքը մեծացնել, նոր փողաբեր կառույցներ տնկել կանաչ տարածքի փոխարեն:
Մոտենալուն պես հանեցի տեսախցիկս: Հինգ տղամարդ պարանով կապել էին խեղճ ծառին ու փորձում էին վայր ընկնելու ուղղությունը որոշել: Տարեց Մանվելն էր` հավանաբար, հոթելի տերը, կռացած հատումն էր իրականացնում:
Մեզ` ինձ ու ընկերուհուս` Աննային, տեսնելուն պես հարձակվեցին: «Բա` խցիկդ հեռու պահիր, ի՞նչ էս նկարում, հը, ո՞վ ա թողել»: Հրեցին, փորձում էին խլել տեսախցիկս` խուսափելով ընկնել տեսախցիկի ֆիքսած պատկերի մեջ:
Երբ տոնս բարձրացրի և իրենց կարգի հրավիրեցի, պահանջեցի ցույց տալ այն ծառհատման թույլտվությունը, որը, իրենց ասելով, տվել է բնապահպանության նախարարությունը:
Ձեռքերը դողում էին, թերթում էր փաստաթղթերի մի ողջ փաթեթ, որում, իհարկե, բացակայում էր թույլտվությունը: Այս հանցավոր բանդային միացավ ևս մի ավտոմեքենա` փորձելով պարզել, թե մենք ովքեր ենք, որտեղից հայտնվեցինք ու ինչպես կարող են մեզ հետ իրենց հարցերը լուծել:
Քանի որ գիշեր էր (բնապահպանության նախարարությունը չի աշխատում 6-ից հետո), քաղաքացիական ներուժն էր, որ կարող էր մի բան փոխել այդ իրավիճակում:
Վերադառնալով հյուրանոց` տեղեկացրինք ճամբարի բոլոր մասնակիցներին և շտապ բոլորով ուղևորվեցինք դեպքի վայր:
Մոտ քսան հոգով` զինված խցիկներով, արագ, հավասար քայլերով ներխուժեցինք իրենց տարածք:
Ավաղ, ծառն արդեն վերջնականապես հատված էր ու թաքցված:
Փոխարենը մեկ այլ շոուի ականատես եղանք. հայտնվել էին ոստիկաններ ու իբր արձանագրում էին տեղի ունեցածը:
Ոչ ոք ահազանգ չէր տվել նրանց, այդ ինչպե՞ս, որտեղի՞ց, օդի՞ց իմացան ու հայտնվեցին... Դժվար չէր կռահել:
Վստահ կարող եմ ասել` կրկին գործում էր իրավապահների աջակցությամբ անտառհատների հանցավոր գործարք:
Իրար պաս տալով` քաչալացնում են մեր սարերը, այս դեպքում` Ծաղկաձորը, որից միայն տկլոր ձոր է մնացել` լքված, անտեր, միայնակ մի ձոր:
Մենք չենք հավատում երեկվա ոստիկաններին, համարում ենք, որ համագործակցում են «Վալլետայի» տերերի հետ, և պահանջում ենք անկախ հետաքննություն անել ու պատժել մեղավորներին:
Հետևելու ենք…
Խնդրում եմ, հարգելի մամուլ, իրավապաշտպաններ, քաղաքացիներ, ահազանգեք տարբեր ուղղություններով, Կոտայքի մարզի ոստիկանություն, բնապահպանության նախարարության տեսչություն: Տեղյակ պահեք, որ այնտեղ, հենց այս պահին, եթե շարունակվի անպատժելիության մթնոլորտը, կվերացվեն մեր վերջին թթվածնաբեր անտառները:
Երեկ արդեն իսկ հայտնաբերեցինք ավելի քան 10 ծառ, իսկ դա նշանակում է, որ կատարվածն ավելին է, քան վարչական տույժի ենթակա արարքը, այսինքն` այն արդեն որակվում է որպես քրեորեն պատժելի արարք:
Ձեր միջոցով հայտնում ենք հաղորդում հանցագործության մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել