HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկաթուղայինները բողոքում են, իսկ պատգամավորը «ճշտի համար կանգնելու է»

Նոյեմբերի 8-ին Սանահինի երկաթուղային դեպոյի ակումբում կայացավ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հանդիպումը դեպոյի ավելի քան 200 աշխատողի հետ: Հանդիպման շարժառիթը Սանահինի լոկոմոտիվային դեպոն, շրջադարձային դեպոյի կարգավիճակով, Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի կազմում ներգրավելու մասին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի 189/Ն հրամանի շուրջ Սանահինում դեպոյականների մասսայական դժգոհություններն էին: Թեև նախատեսված հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, սակայն նրա փոխարեն հանդիպմանը ներկայացել էր մարզպետի  տեղակալ Արսեն Դարբինյանը: Հավաքվածներին հիմնախնդիրը ներկայացրեց Սանահինի լոկոմոտիվային դեպոյի փոխտնօրեն Սաշիկ Ասատրյանը: «Պետք է ասեմ, որ ոչ միայն մենք, այլ ամբողջ երկաթուղու աշխատողներն անընդհատ գտնվում ենք ստրեսային իրավիճակում: Պրն Շայդուլինը իր պաշտոնավարման երկրորդ ամսից հետո սկսեց աշխատողների աշխատանքային պայմանագրով վավերացված իրավունքների ոտնահարումը: Չվճարվեցին աշխատողների հավելավճարները: Արգելվեց փաստացի աշխատած, բայց հավելավճար կազմող գումարների վճարումը: ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունները օգտագործելով` նրա հրահանգով սկսվեց աշխատողների գիշերային ժամերի վճարների և աշխատանքի վտանգավորության հավելավճարների տարիֆների կրճատումները, չնայած բոլորս գիտենք, որ խստացող օրենքը հետադարձ ուժ չունի: Շայդուլինը իրավիճակից դուրս գալու համար պարտավոր էր կամ աշխատողների հետ կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որտեղ պետք է արտացոլվեին նոր փոփոխությունները, կամ մարդիկ պետք է ստանային իրենց փաստացի կատարած աշխատանքի վարձատրությունը, որը նրա կողմից չի կատարվել»,- նշեց Սաշիկ Ասատրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ցանկացած դժգոհության Շայդուլինը պատասխանում է. ««Սա է, կամ կստանաք, կամ դրանից էլ կզրկվեք և կգնաք կրճատման»: Պրն Շայդուլինին գուցե թվում է, թե ինքը իսկապես գործ ունի ֆորպոստի բնակիչների հետ, կամ որ ավելի վատ է, նա հայկական երկաթուղին համարում է իր հայրական վոտչինան, կամ ուսուլը` թաթարերեն ասած»,- ասաց Ս. Ասատրյանը: Վերջինս խնդրեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի աջակցությունը, որպես երկրի հյուսիսային սահմանների համար ստրատեգիական նշանակության օբյեկտ, ելնելով ՀՀ պաշտպանության խնդիրներից, Սանահինի լոկոմոտիվային դեպոն մտցնել ՀՀ kառավարության ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկում: Մեքենավար Արտուշ Պետրոսյանն իր կարճ ելույթում ասաց. «Մեր գլխի տակ փափուկ բալիշ դնելով` իրա թատերական դերը խաղալով պրն Շայդուլինը որոշել էր, որ Սանահին կայարանում ռեմոնտնի ցեխ ա բացելու: Էդ ռեմոնտնի ցեխը մինչև էսօր չկա: Խոստացել էր մեզ մոտ լոկոմոտիվների վերանորոգման կայարան ստեղծի, կոմպրեսորային կայան ստեղծի: Ու մինչև էսօր էլ մենք նրա ասածներին, ոչ մի բանի էլ չենք հավատում»: ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Սանահինի երկաթուղայիններին խոստացավ, որ իր հնարավորությունների չափով օգտակար կլինի նրանց. «Ես ձեր իրավիճակը շատ լավ հասկանում եմ, ես հասկանում եմ` ինչ է նշանակում լուծարել ինչ-որ որոշակի արտադրամաս, չգիտեմ, ինչ-որ մի ցեխ: Ես ինքս եկել եմ, որպեսզի կարողանամ լսել ձեզ, հասկանամ իրավիճակը և որտեղ պետք է հարցը բարձրացնեմ: Մի մտածեք, որ մենք ձեր թշնամին ենք, ես ինքս ձեր թշնամին չեմ, ես ձեր կողքին կանգնելու եմ մինչև վերջ: Չմտածեք, որ եկել եմ այստեղ փափուկ բարձ դնելու ձեր գլխի տակ, հետո թողնեմ գնամ: Ճշտի համար կանգնելու եմ, ճիշտ եմ ասում»: Կարեն Սարիբեկյանը երկաթուղայիններին խնդրեց վտանգավոր բաներ չանել. «Էնենց չլինի, որ լարվածությունը մեծանա: ՀՀ-ի համար սա ոնց որ դարպասներից մեկն ա, ոչ թե հենց մեկն ա, հենց կոնկրետ դարպաս ա: Մինչև հարցի լուծումը տեսնենք, ոնց ենք գտնում: Իսկ էն հարցերը, որ դուք ունեք, ես ուղղակի խնդրում եմ մանրամասն, հատիկ- հատիկ, տող-տող գրեք, թե դրա հետևանքը ինչ կարա ըլի: Եթե դեպոն, խոսքի օրինակ, փակվում ա, ինչքան մարդ ա, ասենք, գործից դուրս մնալու: Ես չգիտեմ, հրամանի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց, համենայնդեպս, խնդրում եմ, ինչ որ կա դուք թղթին վերածեք ու թղթով ասեք: Ես էլ էդ թղթի հիման վրա կառաջնորդվեմ, տեսնեմ` ինչ եմ կարողանում անել»,- խորհուրդ տվեց պատգամավորը: Մեքենավար Սեյրան Խեչիկյանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Ս. Հարությունյանից պահանջեց. «Պրն Հարությունյան, ես Ձեզ դիմում եմ, երկու օր առաջ դուք այստեղ մեզ հետ հանդիպման էիք, խնդրում եմ լիարժեք ներկայացրեք, որ ամբողջ ժողովուրդն իմանա` ինչ նորություն եք բերել»: Վերջինս ամեն կերպ փորձում էր համոզել երկաթուղայիններին ընդունել 189/Ն հրամանի հետ կապված իր գործնական ծրագիրը, թե «շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս Սանահինի հանգույցում ինչքան մարդ պետք է մնա, ինչքան մարդ պետք է տեղափոխվի»: Դեպոյականները չընդունեցին գլխավոր ինժեների առաջարկությունները. «Ձեր առաջարկություններին մենք չենք աջակցելու: Մենք ոնց կանք, ընենց էլ պտի մնանք, ես խոսում եմ կոլեկտիվի անունից, բոլոր սանահինցիների կողմից»,- ասաց Սեյրան Խեչիկյանը: Դահլիճը բուռն ծափահարություններով արձագանքեց մեքենավարին: «Պայքար, պայքար մինչև վերջ»,- դահլիճից կոչ արեց Սեյրան Խեչիկյանը: «Առա~ջ, Սանահին»,- դահլիճից գոռացին այլ դեպոյականներ: Երկաթուղայինները  երկար ժամանակ չէին հանդարտվում: Դահլիճը փորձեց հանդարտացնել ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ով էլ ասաց. «Ստեղծված իրավիճակը բոլորիս մեղքն է, միայն պրն Շայդուլինի մեղքը չէ: Ես համարում եմ, որ իմ մեղքն էլ ա: Սա 120 տարվա պատմություն ունեցող դեպո է, սա երեկ մյուս օրը ստեղծված խանութ չի, բան չի: Սա մեր ազգի ստրատեգիական նազնաչենի ունեցող բան ա: Ես ուզում եմ ասել, որ դուք գնաք, էս ամեն ինչը ներկայացնեք ձեր ղեկավարին, իրեն բացատրեք, որ իր հրամանը ժողովրդի կողմից չի ընդունվել ու չի էլ կարա ընդունվի: Էս մարդիկ ուրիշ պահանջ չունեն, ուզում են աշխատել իրենց չարչարանքով: Ուղղակի էս մարդիկ էդ աշխատանքով են ապրում, էս քարերի մեջ ի՞նչ անեն էս մարդիկ: Ինչ եմ խնդրում Ձեզ, էս ինչ որ տեսնում եք, էդ մարդուն ներկայացրեք»: Կարեն Սարիբեկյանը Սանահինի երկաթուղայիններին խոստացավ ինքն էլ իր հերթին Լոռու մարզպետի հետ իրենց անելիքները ներկայացնել ՀՀ կառավարությանն ու երկրի նախագահին: Վերջում ԱԺ պատգամավորը խնդրեց դեպոյականներին  հանկարծ անմիտ քայլեր չանել. «Դա մեր երկրի համար ճակատագրական բան կլինի»: Դրանով էլ հանդիպումն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter