HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թափանցիկ աշխատաոճի առումով ամենավատ ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորի համայնքներում

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում իրականացվող «Հաշտվողականություն. հանրային մասնակցությունը տեղեկատվության միջոցով» ծրագիրի նպատակը տվյալ մարզերի համայնքային եւ դպրոցների կառավարման ոլորտներում հնարավորինս հրապարակայնություն եւ թափանցիկություն ապահովելն է: «Մանավանդ հանրային միջոցների օգտագործման վերաբերյալ տեղեկությունները, այսինքն տեղական բյուջեների եւ դպրոցների պարագայում պետական բյուջեից տրամադրվող գումարների ծախսումների վերաբերյալ պիտի այդ թափանցիկությունն ապահովվի,- պնդում է ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանը,- ծրագրի շրջանակներում կստեղծվի հատուկ կայք, որտեղ հրապարակվելու են այս մարզերի բոլոր համայնքների ավագանիների որոշումները, բյուջեները, դպրոցների բյուջեները, դպրոցների խորհուրդների եւ մանկավարժական խորհուրդների նիստերի արձանագրույթւոնները, որպեսզի հանրության համար դրանք մատչելի լինեն, բաց եւ հրապարակային: Մարդիկ պիտի հնարավորություն ուենան ծանոթանալ այդ տեղեկություններին, իրենց կարծիքը հայտնել, քննարկել»: Լեւոն Բարսեղյանն ասում է, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտումները հիմնականում չիմացության արդյունք են: Թեպետ մեկ մեծ խումբ էլ կա, որ շատ լավ իմանալով օրենքի պահանջը, գիտակցելով, որ իր տրամադրելիք տեղեկատվության մեջ առկա են կոռուպցիոն բնույթի փաստեր, եւ այդ տրամադրումը կվնասի իրեն, գերադասում է շրջանցել օրենքի պահանջը: Սյունիքի մարզում ծրագրային սեմինարներն այս անգամ կազմակերպվել էին Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու եւ հարակից համայնքների ղեկավարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Տաթեւ գյուղի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը, ով մասնակցում էր Գորիսում կարզմակերպված սեմինարին, ասում է, որ օրենքի պահանջներն իրականանալի են այնքանով, որ գյուղը փոքր է, ու որեւէ տեղեկատվություն տարածելու համար հատուկ ջանքեր չեն պահանջվում: Իրեն էլ երբ գյուղացիները դիմել են որեւէ հարցով, միշտ էլ պատասխանը ստացել են: Իսկ ահա ավագանու որոշումները գյուղապետարանի պատին փակցնելու կարիքը համայնքապետը չի տեսնում: «Ի՞նչ կարիք կա,-անկեղծորեն զարմանում է Տաթեւի համայնքապետը,- էդ ի՞նչ ենք որոշում, որ գյուղացիք հանկարծ չիմանան»: Իսկ ահա Շինուհայրի գյուղապետարանում այդ առումով թափանցիկությունն ապահովված է: Հայտարարությունների վահանակը միշտ թարմացվում է: «Բացի դրանից` համայնքային ժողովների միջոցով մենք միշտ մեր հանրությանը տեղյակ ենք պահում գյուղում իրականացվող կամ նախատեսվող ծրագրերի մասին: Եվ երբ էլ մեզանից որեւէ տեղեկատվություն են պահանջել, մենք միշտ էլ տրամադրել ենք»,-ասում է Շինուհայրի համայնքապետ Սմբատ Երեմյանը: Լեւոն Բարսեղյանի դիտարկումներով` օրենքի չիմացության եւ կիրառման առումով ամենացածր ցուցանիշները գրանցվել են Վայոց ձորի մարզում, որը ծրագրի ղեկավարը բացատրում է ՀԿ-ների պասիությամբ ու լրատվամիջոցների բացակայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter