Վթարները շատացան, երբ ճանապարհն ասֆալտապատեցին
Ինչ շահագործման է հանձնվել Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի միջհամայնքային ճանապարհը, 10-ից ավելի վթար է արդեն գրանցվել: Համայնքապետ Սմբատ Երեմյանն ասում է, որ ճանապարհի ներկայիս լայնքը` 6,5 մետր, չափազանց նեղ է եւ անհարմար, բացի դրանից` կապված Տաթեւի ճոպանուղու հետ երթեւեկը կրկնակի ավելացել է: «Քանի որ ասֆալտապատ է, խոչընդոտներ էլ չկան, մեքենաների արագությունն էլ ավելացել է: Իսկ ճանապարհի երկու կողմերում, ինչպես տեսնում եք, բնակելի տներ են, դպրոցն է: Երեխաների համար ենք ավելի շատ անհանգստանում»,- ասում է Սմբատ Երեմյանը:
Մարդկային կորուստներ բարեբախտաբար չեն գրանցվել, սակայն ճանապարհը դարձել է վտանգավոր թե հետիոտնի, թե տրանսպորտի համար: Շինուհայրում կգերադասեին, որ մայթերը մի փոքր նեղ լինեին, դրա փոխարեն ճանապարհը լայնանար 2 մետրով: «Բայց ինչքան գիտեմ, համաշխարհային բանկը, որ ֆինանսավորել է ճանապարհաշինությունը, պահանջում է, որ ստանդարտների մոտ լինեն,- բացատրում է համայնքապետը,- տեսեք, գյուղ տեղ է, գյուղտեխնիկան, որ անցնում է, օրինակ շարքացանը, ողջ տրանսպորտային շարժը կանգնում է: Մենակ տեխնիկայի անցումն այդ ճանապարհով արդեն խնդիրներ է առաջացնում»:
Սմբատ Երեմյանին ու գյուղացիներին ասֆալտապատ ճանապարհը մի խնդրի առաջ էլ է կանգնեցրել: Թրթուրավոր տրակտորները փչացնում են ասֆալտը, եւ, որպեսզի տեխնիկան նորակառույց ճանապարհով չանցնի դաշտ մտնելու համար, համայնքապետը մտածում է դրանք կենտրոնացնել գյուղի ծայրամասում. ինչպես խորհրդային տարիներին էր ընդունված, ստեղծել գյուղտեխնիկայի պարկ: Այս ծրագիրը որքան էլ ողջունելի, նույնքան էլ դժվար իրականանալի խնդիրներց է, քանի որ տեխնիկան սեփականաշնորհված է:
«Փաստորեն մենք խնդիր ունենք ոչ միայն ասֆալտապատ ճանապարհը պահպանելու, այլեւ այն անվտանգ դարձնելու,- մտահոգվում է Սմբատ Երեմյանը,- եւ եթե առաջինի դեպքում դա հնարավոր է, երկրորդի դեպքում պարզապես ելք չենք տեսնում: Կառուցվել է այն, ինչ նախատեսվել է: Կարծում եմ` ի սկզբանե պետք է պրոբլեմը հաշվի առնեին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել