HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանահայ համայնքը վերականգնում է Նռնաձոր համայնքը

2007 թ.-ից սկսած իրանահայ համայնքի հովանավորությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում: Այս գործունեության շրջանակներում ս/թ նոյեմբերի 4-ին Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի հովանավորությամբ հիմնադրամը համայնքի շահագործմանը հանձնեց նորակառույց ջրամատակարարման համակարգը, որը թվով վեցերորդ ծրագիրն է այս գյուղում: Համակարն ունի 4,3 կմ երկարությամբ ջրատար, 2 ջրամբար, պոմպակայան եւ ջրամատակարարման ներքին ցանց, որի միջոցով ջուրը հասցվել է գյուղի 50 տնտեսություններին: «Բազմաթիվ խնդիրներ ունեցող այս գյուղում ապրելով` դուք պաշտպանում ու ամրացնում եք հայրենիքի սահմանները, եւ դա այսօր ինքնին հերոսություն է: Շարունակեք ապրել ձեր հողում ու շենացրեք այն»,- ողջույնի իր խոսքում ասաց Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Աիդա Ավանեսյանը: Ներկաներից շնորհավորանքի խոսքեր ասացին ԱԺ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, համայնքի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը, դպրոցի տնօրեն Սուսաննա Գրիգորյանը, իրանահայ բարերարները եւ հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը, ով մասնավորապես նշեց. «Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի կարգախոսն է` ջուրը կյանք է: Սա պարզ ճշմարտություն է, եւ համայնքի բնականոն զարգացումն անհնար է առանց ջրի: Շատ ուրախ ենք, որ Նռնաձորում այս կենսական խնդիրն այլեւս լուծված է»: «Առաջ շատ դժվար էր, հիմա, փառք Աստծո, ջուր ունեցանք: Գյուղի ճամփեն էլ վերանորոգվեր, շատ լավ կլիներ»,- ցանկություն հայտնեց գյուղի բնակչուհի Նունե Գալստյանը, ով իր հինգ զավակների հետ մասնակցում էր միջոցառմանը: Միջոցառման ավարտին Իրանի մեր հայրենակիցները դպրոցական պայուսակներ նվիրեցին գյուղի 34 աշակերտներին եւ խոստացան հաջորդ այցին գրքեր նվիրել Նռնաձորի եւ հարեւան գյուղերի դպրոցական գրադարաններին: Թեհրանի հայոց թեմի հոգածության շնորհիվ գյուղի կենտրոնական փողոցները լուսավորված են, համայնքն ունի տրակտոր, դպրոցականները արտաքին աշխարհի հետ կապը պահպանում են նորաբաց համակարգչային դասասենյակի միջոցով: Իսկ իրանահայ բարերարներ տեր եւ տիկին Արզումանյանների միջոցներով, ի հիշատակ Խաժակ Արզումանյանի, կահավորվել եւ ցանկապատվել է Նռնաձորի դպրոցը: Սյունիքի մարզում ընթացքում են Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգումը եւ Գորիսի նորակառույց «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կահավորումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter