
«Առավոտի» տեղեկություններով` առաջիկա օրերին աշխատանքից կազատվեն ՊՆ մի շարք գեներալներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետախուզությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը, որը գեներալ-մայորների և գեներալ-լեյտենանտների դեպքում զինվորական ծառայության համար սահմանային 65 տարին լրանալու հիմքով սպառել է զինվորական ծառայության մեջ գտնվելու և ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնելու բոլոր օրինական հնարավորությունները:
«Առավոտին» հասած որոշ տեղեկությունների համաձայն` գեներալական կազմի որոշ ներկայացուցիչներ էլ կան, որոնց սահմանային տարիքը լրացել է, սակայն շարունակում են ծառայել և բարձր պաշտոններ զբաղեցնել:
Խոսքը Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի (ՀՀ նախագահի ռազմական տեսչության պետի 1-ին տեղակալ), գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական), գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարկիսյանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական) մասին է:
Գուրգեն Դալիբալթայանը և Մուրազ Սարկիսյանը զինվորական հաստիքներ են զբաղեցնում և առանց պայմանագրի աշխատավարձ են ստանում: Չնայած չի բացառվում, որ պայմանագիր նույնպես ունենան, ինչը նույնպես բացահայտ ապօրինություն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել