
Շաբաթ օրը երևանյան մի շարք դպրոցների տնօրեններ հավաքել են ուսուցչական կոլեկտիվներին` հիմնականում տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին, և նրանց հրահանգել են աշակերտների ծնողներին ասել, որ իրենց երեխաներին անձամբ հանձնեն ուսուցիչներին, իսկ հետո էլ` դասերի վերջում, գան և անձամբ ուսուցիչների մոտից իրենց երեխաներին տուն տանեն:
Բանն այն է, որ օրերս միջադեպ է գրանցվել. Երևանի X դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկը դպրոցի բակից անհետացել է: Դպրոցի անունը ճշտել երեկ «ՉԻ»-ին չհաջողվեց:
Փոխարենը այս օրերին «ՉԻ»-ն ահազանգեր է ստացել, որ Երևանի դպրոցների բակերում շրջում են ինչ-որ մարդիկ, ովքեր մոտենում են երեխաներին և փորձում նրանց խոսեցնելով հեռացնել դպրոցի տարածքից: Այդ մարդիկ ներկայանում են որպես լրագրողներ, որոնք նախ զանազան հարցերի միջոցով կոնտակտի մեջ են մտնում աշակերտների հետ, շահում նրանց վստահությունը` ասելով, թե ուզում են, որ տեսախցիկի առջև աշակերտը պատասխանի իրենց հարցերին:
Ի դեպ, որոշ դպրոցների ուսուցիչներ երեկ արդեն հասցրել էին զգուշացնել ծնողներին, որ անձամբ ներկայանան դպրոց, երեխային հանձնեն բակում սպասող ուսուցչին, ապա գան և նրա մոտից տուն ուղեկցեն աշակերտին: Շատերի մեջ ուսուցիչների այս հայտարարությունը խուճապ է առաջացրել: Երեկ ահազանգողներից մի քանիսը ասացին, որ մոտակա շաբաթվա ընթացքում չեն պատրաստվում երեխաներին դպրոց տանել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել