Փաստաբաններն անընդունելի են համարում ՀԴՄ-ներ տեղադրելը
Այսօր Երևանում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչների համատեղ քննարկումը (ակումբի շրջանակներում), որին հրավիրված էին նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: Քննարկման առարկան ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` Օրենք) նախագծի այն դրույթն է, որի համաձայն` նոտարները և փաստաբանները նույնպես պետք է ՀԴՄ-ներ տեղադրեն և կիրառեն:
Ելույթ ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը` հայտնելով, որ նշված օրենքի նախագիծը փաստաբանների համար ընդունելի չէ երեք պատճառով:
1. Չի լուծում Օրենքով նախատեսվող նպատակը.
2004թ. ընդունված Օրենքը փաստաբաններին և նոտարներին չէր պարտադրել ՀԴՄ-ներ տեղադրել` չնայած նրան, որ նպատակ ուներ վերահսկել հասույթները:
Դա տրամաբանական էր, քանի որ նոտարների գործարքները արտացոլվում են սեղանամատյաններում, իսկ փաստաբաններն էլ ցանկացած գործարք իրականացնելիս պետք է պայմանագիր կնքեն:
Օրենքի փոփոխությունը որևէ հիմնավորում չի պարունակում, թե ինչու պետք է օրենսդրի դիրքորոշումը հիմա փոխվի:
2. Օրենքի փոփոխությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանի անկախությունը.
Փաստաբանների վրա տարածվում են այնպիսի առանցքային արժեքներ, ինչպիսիք են անկախությունը, կոնֆլիկտների բացակայությունը, ազնվությունը և մասնագիտական գաղտնիքի պահպանումը:
Հարկային մարմինը Օրենքի 11-րդ հոդվածի ուժով իրավասու է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքում 150.000 ՀՀ դրամ տուգանք նշանակել տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ կրկնելու դեպքում` լրացուցիչ տուգանել 300.000 ՀՀ դրամի չափով և նրա գործությունն այդ մասով կասեցնել 5 օրով: Երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը դառնում է 600.000 ՀՀ դրամ, իսկ կասեցման ժամկետը` 10 օր:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հարկային մարմինը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, ՀԴՄ-ների կիրառման կանոնները ստուգելու հարցում անսահմանափակ քանակով ստուգումներ կատարելու իրավասություն ունի, այն փաստաբանները, որոնք պետական մարմինների հակառակորդների շահերն են պաշտպանում, կարող են հեշտությամբ պրոբլեմներ ունենալ: Վերջիներիս գործունեությունը կարող է կասեցվել, ինչով նրանց վստահորդները կզրկվեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:
3. Օրենքի փոփոխությունը կարող է խախտել փաստաբանական գաղտնիքի իրավունքը.
Փաստաբաններին անհանգստացնում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով հարկային մարմնին տրված լիազորությունների կիրառումը փաստաբանների նկատմամբ: Նշված հոդվածի «գ» կետի համաձայն` հարկային մարմինները ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը` անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին:
Հետևաբար, հարկային մարմնին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով տրված անսահմանափակ քանակով ստուգումներ կատարելու հնարավորությունը (այլ դեպքերում, որպես կանոն թույլատրվում է տարին մեկ անգամ ստուգում կատարել) հաշվի առնելու դեպքում, գործ կունենանք պետական մարմնի կողմից փաստաբանից իր վստահորդների մասին ցանկացած ժամանակ տեղեկատվություն պահանջելու բացասական երևույթի հետ:
Արա Զոհրաբյանը նաև դատապարտեց վարչական մարմինների այն գործելակերպը, երբ նախապես չեն հարցնում փաստաբանների պալատի դիրքորոշումը` փաստաբաններին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ:
ՀՀ նոտարիատի պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանը, միանալով փաստաբանների պալատի ներկյացուցիչների փաստարկներին, հավելեց, որ ՀԴՄ-ների կիրառման դեպքում իրենք ստիպված են լինելու քաղաքացիներին պետական տուրք վճարելու համար ուղարկել բանկեր, ինչը լրացուցիչ հերթեր և դժգոհություններ է առաջացնելու:
ՀՀ փաստաբանների պալատ
ք.Երևան
10.12.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել