HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերք Հայաստանի, կամ ինչո՞ւ է պետք լուծել Հայկական հարցը

Միջազգային իրավունքը, խոսելով պետությունների մասին, հաճախ է նրանց անձնավորում: Իրավունքի տեսանկյունից պետության հիմնական հատկանիշը նրա միջազգային իրավական ինքնությունն է (international legal personality) (ավելի հանգամանալից տես` B.A. Boczek, The A to Z of International Law, Toronto, 2010, pp. 37-144,

[Chapter II, International Legal Personality, States: Recognition, Jurisdiction, Responsibility, Succession.]), այսինքն` միջազգային քաղաքական դաշտում անհատականացված հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը: Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները շատ բանով նման են միջանձնական հարաբերություններին, քանզի ընդհանուր առմամբ պետության` կարգին պետության շահն ածանցվում է նրա անհատ քաղաքացիների հավաքական շահից: Անձնավորելով պետությանը` միջազգային իրավունքը քաղաքական և իրավական բազում երևույթներ նկարագրելիս գործածում է անձին վերաբերող բառապաշար: Օրինակ, միջազգային իրավունքի մեջ կա խոցված, վերք ստացած, վիրավորված պետություն (injured state) հասկացությունը: Եղեռնազարկ բանաստեղծ Դանիել Վարուժանն այդ երկրներին կկոչեր կարեվէր երկրներ: Հիշո՞ւմ եք նրա «Յիսուսի պես կարեվէր, Արշալոյսի մը երկունքէն բռնուած» տեղը: Քանի որ կարեվեր [կարեվէր] բառը բաղկացած է կարի=ուժեղ, խորը և վէր(ք) [ստացած] բառերից և միանգամայն արտահայտում է injured state-ի ընդգրկուն քաղաքական իմաստը, ուստի հայոց քաղաքական բառապաշարը հարստացնենք ևս մի դարձվածքով և այդ խոցած երկրները բնութագրենք որպես կարեվեր պետություններ: Միջազգային իրավունքը հստակ տալիս է կարեվեր պետության սահմանումը. «Կարեվեր պետությունն այն պետությունն է, որի իրավունքը խախտվել է մեկ այլ պետության կողմից` սեփական պարտավորությունների ոտնահարումից առաջացած միջազգայնորեն սխալ գործողության հետևանքով» (An injured state is a state whose right has been infringed through a breach of obligation by another state’s internationally wrongful act) (նույն տեղում, էջ 70): Երբ նայում ենք մեր ոչ վաղ անցյալին, ապա ակնհայտ է դառնում, որ 1920-1921թթ. բոլշևիկաքեմալական խարդավանքների հետևանքով Հայաստանի պետականության մարմնին հասցվել է խորը վերք. Թուրքիան, ոտնահարելով իր ստանձնած միջազգային պարատավորությունները, բոլշևիկների աջակցությամբ և Արևմուտքի թողտվությամբ խախտել է մեր իրավունքները և մեր պետությանը զրկել է պետականության կենսապահվման նվազագույն պաշարից: Այսինքն, մեր պետականությանը հասցված վերքը հանգեցրել է պետության կենսունակության որակական անկման: Պետք է հստակ տարբերակել պարզապես տարածքային կորուստը կենսունակության կորստից: Օրինակ` Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթումը տարածքի և հարստության կորուստ է, սակայն որակի կորուստ չէ: Կիպրոսը, կորցնելով իր տարածքի 37% տոկոսը, չի կորցրել աշխարհի հետ ազատորեն հաղորդակցվելու ունակությունը, ուստի պահպանել է զարգացման հնարավորությունը: Հայաստանի Հանրապետությունը, կորցնելով Կարսի մարզը (դեռ չեմ խոսում Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքների մասին), առնվազն կորցրել է աշխարհի հետ ազատորեն հարաբերվելու ունակությունը, սեփական մայրաքաղաքի պաշտպանունակությունը և Վրաստանի վրա համարժեք ազդեցության լծակը: Այս վիճակից ելքեր գտնելու համար պետք է սթափ նայել իրականությանը. ներկա սահմաններով, նման աշխարհաքաղաքական դիրքում և նման հարևանների առկայությամբ Հայատանի Հանրապետությունն ապագա չունի: Մեր պետականության մարմնին հասցված վերքերն անհամատեղելի են մեր պետության կյանքի հետ: Քանի դեռ այդ վերքերը չեն ապաքինվել, առավելագույնը ուշմիջնադարյան ռոմանտիզմ է հույս փայփայել, թե կարելի կլինի կառուցել ապահով և բարգավաճ երկիր: Եթե բանաստեղծ լինեի, կգրեի. «Մեր ափերի մեջ դեռ մղկտում են մեխի տեղերը, և մեր վերքերը դեռ շարունակում են արնահոսել»: Այստեղ ուզում եմ անել մի հույժ կարևոր շեշտադրում. Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և օրենքի գերակայությանն այլընտրանք չկա: Ավելին, ժամանակային առումով ես դրանք ամենաառաջնահերթն եմ համարում: Առանց դրանց` ոչինչ հնարավոր չէ անել, ընդհանրապես ոչինչ: Մեր պետականության ինքնին  գոյության համար ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը կենսականորեն անհրաժեշտ պայմաններ են: Սակայն բուն խնդիրն այն է, որ դրանք անհարաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Հայաստանին պետք է կենսունակության նվազագույն պաշար, այսինքն` այն, ինչ դարերով միջազգային հանրությունն անվանել է Հայկական հարցի լուծում: Ի վերջո ի՞նչ էր Հայկական հարցը. դա հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար նվազագույն կենասապայմանների ապահովում էր: Ներկա փուլում Հայկական հարցի լուծման դրսևորումը փոխվել է: Ներկայումս այն միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական  և բարոյական իրավունքերի վերականգնումն է: Փոխվել է դրսևորումը, սակայն չի փոխվել էությունը. Հայաստանի Հանրապետության գոյության համար անհրաժեշտ է կենսապահովման նվազագույն պաշար, որին հնարավոր է հասնել միմիայն Հայկական հարցի լուծման ճանապարհով: Մենք դա պետք է գիտակցենք, որ հստակորեն պատկերացնենք մեր անելիքը և խուսափենք հերթական սխալներն անելուց: Ի վերջո հայ-թուրքական հայրենակործան արձանագրությունները դեռ կախված են մեր գլխին:

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 9 նոյեմբերի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter