HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ստեփանակերտի օդանավակայանը հնարավոր է սկսի գործել Նոր տարվա նախօրեին

Չնայած Ստեփանակերտի օդանավակայանի տերմինալը հագեցած է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, օդանավակայանի վազքուղում շարունակվում են շինարարական և տեխնիկական սարքավորումների տեղադրման ու մոնտաժման աշխատանքները:

Վազքուղու լայնացման աշխատանքներին կից ավելացել են նաև հողային աշխատանքներ, որոնք կստարվում են վազքուղու դիմացի մի քանի բլուրների վրա:

Ըստ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի` պատճառը ժամանակին ադրբեջանցիների կողմից վազքուղու ոչ ճիշտ կառուցումն է. վազքուղու առջևի և հետևի մասում թռիչքին խանգարում են լեռները:

«Մենք երկու տարբերակ ունեինք. անվտանգ թռիչքին խանգարող լեռների գագաթները հարթեցնել, մեզ անհրաժեշտ բարձրության հասցնել, կամ էլ վազքուղին դեպի ձախ 10 աստիճան թեքել: Վազքուղու ուղղությունը փոխելը ավելի աշխատատար ու ծախսատար էր»,- ասում է Դ.Ադբաշյանը:

Օդանավակայանը ներկա դրությամբ ունի մոտ 80 աշխատող, որոնց մեծամասնությունը շինարարության մեջ է ընդգրկված: Աշխատողների միջին աշխատավարձը 80-100 հազար դրամ է: Անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է հատուկ դասընթացներ և թեստավորում:

Նախնական հաշվարկների համաձայն` պլանավորվում է ձեռք բերել կանադական արտադրության CRJ 100\200 (Canadian Regional Jet) մեկ օդանավ, հետագայում դրանք կավելանան: Օդանավակայանը կկարողանա ժամում 50 ուղևոր ընդունել:

Ինչ վերաբերում է տոմսերի գնին, ապա Դ.Ադբաշյանն ասաց, որ իրենք դրա վերաբերյալ պատրաստվում են բանակցություններ վարել «Զվարթնոց» օդանավակայանի հետ:

«Դժվար կլինի, եթե ստիպված լինենք նրանց համոզել: Իսկ եթե մեր առաջարկն ընդունեն, ապա հարցեր չեն լինի: Նախնական գինը 12-20 հազար դրամ է, իսկ այդ տարբերությունը` մոտ 40 տոկոսը, «Զվարթնոց»-ն է վերցնելու: Այդ գումարը պետք է ծախսվի մեր ուղևորների սպասարկման վրա: Ուզում ենք նաև, որ հատուկ Ստեփանակերտից ժամանածների համար լինի կանաչ միջանցք, և նրանք, առանց սպասելու, անցնեն բոլոր ծառայություներով»,- ասում է վարչության պետը:

Ստեփանակերտ-Երևան չվերթն ու սպասարկումն իրականցնելու է տեղի ավիաընկերությունը, որը դեռ չի գրանցվել:

Ինչ վերաբերում է թռիչքների անվտանգությանը, ապա, ըստ «Արցախ» աերոնավիգացիայի տնօրեն Նորայր Սաֆարյանի, այսօր ԼՂՀ ավիացիոն մասնաճյուղը կարողանում է սպասարկել ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող տարածքը` իրականացնելով փրկարարական և օդային ինֆորմացիոն թռիչքներ: Տվյալ դեպքում օդային ինֆորմացիոն տարածքը կապ չունի պետական սահմանի հետ: Թռիչքը կկազմակերպվի Ստեփանակերտ-Սիսիան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղով:

Պատասխանելով այն հարցին, թե, վերջիվերջո, երբ կլինի առաջին թռիչքը՝ Դ.Ադբաշյանն ասաց, որ անգամ ինքը չգիտի:

«Այնպես չէ, որ թաքցնում եմ, ուղակի չգիտեմ, տեսնում եք՝ ինչքան աշխատանք կա դեռ անելու: Միայն հույս ունեմ, որ միգուցե Նոր տարվա նախօրեին կարողանանք ոչ միայն ավարտել, այլև թռիչքներ իրականացնել: Բայց համոզված չեմ»,- ասում է Դմիտրի Ադբաշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter