Ակնկալում են, որ դատախազը կհետաքննի «Զանգեզուր էքսիմպ» ընկերության գործողությունները
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքեց Սևանի ավազանում «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության անօրինական գործողությունների` Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ «ԷկոԼուր»-ի և Գավառի Օրհուս կենտրոնի հայտարարությանը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ շինարարությունն անօրինական է ճանաչել երկու հանձնաժողով` ՀՀ բնապահպանության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը և ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:
Միևնույն ժամանակ չի գնահատվել շինարարական աշխատանքների արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը: Ընկերությանն ուղղված նամակում շինությունների ապամոնտաժման հարցը դրել է մարզպետը` պարտավորեցնելով ընկերությանն ապամոնտաժել շինությունները մեկամսյա ժամկետում և վերականգնել հասցված վնասը: Այդ նամակը իրավաբանական ուժ չունի, և եթե ընկերությունը չկատարի մարզպետի հանձնարարությունը, ապա իրավաբանական պատասխանատվություն չի կրի:
ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ս.Պարսամյանի ստորագրությամբ 2010թ. նոյեմբերի 2-ի թիվ 16-468-10 նամակում նշված է, որ հայտարարությունը և կից փաստաթղթերը (Գավառի Օրհուս կենտրոնի կլոր սեղանի արձանագրությունը` մասնակիցների ստորագրություններով, շինությունների ապամոնտաժման վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի որոշումը, ինչպես նաև լուսանկարներ, որոնք վկայում են հասցված վնասի մասին) ուղարկվել են Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ.Մարգարյանին` քննարկման համար:
Եվս մեկ արձագանք ստացվել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից` հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Ջավադյանի ստորագրությամբ (նամակ N 23, 08.11.2010): Նամակում մասնավորապես նշված է, որ վնասի գնահատման աշխատանքներն իրականացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը, և որ ապամոնտաժման հարցը նույնպես դրված է Գեղարքունիքի մարզպետարանի վրա:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
10.11.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել