HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետարանների կայքերն անուշադրության են մատնված

Հայաստանի Կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է գերակա ճյուղ: Սակայն միայն 10 մարզպետարանի կայքերն այցելելն արդեն բավարար է կարծիք կազմելու համար, թե մեր երկրում որքանով են զարգացած բարձր տեխնոլոգիաները: Մարզպետարանների կայքերի ամենօրյա խափանումները և օրերով չաշխատելը գրեթե սովորական երևույթ են դարձել: Տևական ժամանակ է` չի սպասարկվում Արարատի մարզպետարանի կայքը: Մոտ մեկ ամիս է` նույն վիճակում է նաև Լոռու մարզպետարանի կայքը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը «Հետքին» տեղակացրեց, որ խնդիրը պայմանավորված է սերվերով: «Բավականին դժվարություններ ունեինք, սերվերը փոխեցինք: Մասնագետներն ասում են, որ մոտ մեկ շաբաթից կայքը լիարժեք կգործի»,- ասում է Աշոտ Մանուկյանը: Նա չցանկացավ գնահատական տալ իրենց կայքի բովանդակությանը` առաջարկելով, որ ուղիղ մեկ շաբաթ իր հետ կապի մեջ լինենք և ներկայացնենք մեր դիտողություններն ու առաջարկները: Ա.Մանուկյանը խոստացավ, որ առաջարկներ լինելու դեպքում կհանձնարարի մասնագետին, որ թերությունները շտկվեն: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր մարզպետարան ունի կայքի սպասարկման պատասխանու: Այդ մասնագետները հիմնականում քաղծառայողներ են և նրանց պաշոտնի անձնագրերում նշված է նաև այդ գործառույթը: «Ներկայումս հասանելի են և պարբերաբար թարմացվում են բոլոր մարզպետարանների կայքերը` բացի Արարատի և Լոռու մարզպետարաններից: Այս երկու մարզում կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորման ընթացքում են: Երբեմն անհասանելի կարող են լինել մյուս մարզերի կայքերը` պայմանավորված մատուցվող ինտերնետի որակով»,- ասում է Զ. Բարսեղյանը: Պարզվում է` մարզպետարաններում կայքերի սպասարկման համար առանձին գումար նախատեսված չէ: Չկան նաև հատուկ աշխատողներ, ովքեր կհետևեն կայքերի բովանդակությանը և պարտավոր կլինեն ամեն օր թարմացնել լուրերը: Այդ լիազորությունները դրված են մարզպետարանների լրատվության բաժնի պատասխանատուների կամ այդ բաժնի մասնագետի վրա, սակայն եթե վերջիններս արձակուրդ գնան կամ «համարձակվեն» հիվանդանալ, կայքն ամբողջությամբ կդադարի գործելուց: Օրինակ, վերջերս մոտ 2 շաբաթ չէր թարմացվում Արմավիրի մարզպետարանի կայքը: Պատճառն այն էր, որ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հերմինե Վարդանյանը մեկնել էր գործուղման: Արմավիրի մարզպետարանում լրատվության բաժնի մասնագետի թափուր հաստիք կա, և կայքի թարմացումն ամբողջությամբ կախված է Հ.Վարդանյանից: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն ասաց, որ իրենց կայքի սպասարկման համար գումար նախատեսված չէ, չկա նաև առանձին մասնագետ, ով կզբաղվի կայքի բովանդակության հարցերով: Խափանումների և ծրագրային սպասարկումների հետ կապված հարցերը կարգավորում է պայմանագրային հիմունքներով աշխատողը: «Մեր կայքն արդեն հին է: Մարզպետարանների բոլոր աշխատակազմերի ղեկավարներով դիմել ենք տարածքային կառավարման նախարարությանը, որ նորացվեն կայքերի և ձևը, և արտաքին տեսքն ու բովանդակությունը: Տեղեկություն ունենք, որ նախարարություն արդեն աշխատանքներ տանում է այդ ուղղությամբ»,- նշեց Փ.Կարապետյանը: Նոյեմբերի 16-ին մարզպետարանների աշխատակազմի ղեկավարների համար սեմինար է նախատեսված: Նրանք նախ կտեղեկանան, թե որ փուլում են կայքերի թարմացման աշխատանքները, որից հետո էլ կորոշեն իրենց հետագա անելիքները: «Կայքերի սպասարկումն այսօր օրակարգային խնդիր է»,- ավելացրեց Փառանձեմ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter