HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերը` Գյումրու անօթևաններին իրազեկելու և աջակցելու ամիս

Այսօր Շիրակի մարզում գործող հասարակական կազմակեպությունների, լրագրողների, մարզպետարանի և քաղաքապետարանի բնակարանային խնդիրների ապահովման բաժինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հրապարակեց կազմակերպության` առաջիկա հոկտեմբերը գյումրեցի անօթևան ընտանիքներին իրազեկելու և  աջակցելու ամիս հայտարարելու մասին կոչը:

Այն ներկայացվում է ամբողջությամբ:

ՀՀ կառավարության որոշմամբ` աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին  մասնակցելու համար անօթևան ընտանիքների անհրաժեշտ փաստաթղթերի համալրման և հանձնման վերջնաժամկետ սահմանվել է 2011 թվականի նոյեմբերի 1-ը: Սակայն Գյումրիում ներկա պահին կան հարյուրավոր այնպիսի անօթևան  ընտանիքներ, որոնք պահանջվող փաստաթղթերի փաթեթները բնակբաշխման հանձնաժողովին կամ առհասարակ չեն հանձնել` մոտ 300 ընտանիք, կամ ոչ ամբողջական են հանձնել` 1100 ընտանիք: Եթե նրանք մինչև սահմանված օրը` նոյեմբերի 1-ը, փաստաթղթերը չկարողանան համալրել և ներկայացնել, ապա կկորցնեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքը:

Մեր դիտարկումներով` մինչև օրս  փաստաթղթեր չներկայացրածների թվում կան այնպիսի ընտանիքներ, որոնք գտնվելով ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, պահանջվող փաստաթղթերը ֆինանսական և ֆիզիկական դժվարությունների պատճառով չեն կարողանում տարբեր ծառայություններից ձեռք բերել: Տասնյակ բազմանդամ ընտանիքների ներսում էլ ստանալիք բնակարանի պատկանելիության վերաբերյալ չի կայանում համաձայնություն, կան նաև ընտանիքներ, որոնք պարզապես իրազեկված չեն:  Ուստի կոչ ենք անում լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին` առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացնել ամենօրյա իրազեկում և նման խնդիրներ ունեցող անօթևան ընտանիքներին կոնկրետ աջակցություն ցուցաբերել բնակարան ստանալու համար պահանջվող փաստաթղթերը ձեռք բերելու և բնակբաշխման հանձնաժողովին հանձնելու գործում:

Հարգելի գործընկերներ.

եկեք առաջիկա հոկտեմբեր ամիսը հայտարարենք գյումրեցի անօթևան, բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին իրազեկելու միամսյակ և համատեղ ուժերով  աջակցենք, որ նեղության ու կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիները օր առաջ կարողանան ազատվել ցուրտ և խոնավ տնակներից:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

29 սեպտեմբերի 2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter