HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ո՞րն է լինելու հաջորդը

Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանը զանազան սկանդալային պատմություններով հայտնվում է միջազգային լրատվամիջոցների թիրախում, կարծես թե մեկը մյուսին լրացնելով` հյուսվում է մի շղթա, որը փաթաթվում է Հայաստանի իշխանությունների վզին: Օղակն ակնհայտորեն նեղանում է:

Առաջինը ուրանի հետ կապված հրապարակումներն էին: ԱՄՆ գլխավոր դատախազությունը թայլանդական իշխանություններից պահանջում էր այդ երկրի բանտում գտնվող  ռուս գործարար Վիկտոր Բուտին հանձնել իրենց: Վ. Բուտը 2008-ին Թայլանդում ձերբակալվել է զենքի անօրինական առեւտրով զբաղվելու մեղադրանքով: Մամուլի հրապարակումների համաձայն` Բուտի միջոցով հարստացված ուրան-235-ը տեղափոխվել է Կոլումբիա: Հարստացված ուրանը Հայաստանից է տեղափոխվել Ռումինիա, այնտեղից էլ մի քանի երկրների միջով հասել Կոլումբիա:

Այնուհետեւ այդ ուրանը հայտնաբերվել է հայտնի ահաբեկիչ Ռաուլ Ռեյսի ճամբարում: Ռեյսը հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում 2008 թ. մարտի 1-ին սպանվել է: Սրան հաջորդեց ԱՄՆ առողջապահության համակարգում իրականացված բժշկական ապահովագրության զեղծարարությունների գործը: Հանցավոր խմբի մեջ ընդգրկված էին մեծ թվով հայաստանցիներ: Նյու Յորքի դաշնային դատախազը բացահայտված խմբավորումն անվանել է «միջազգային»` նշելով, որ նրա ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ:

Եւ ահա հաջորդ սկանդալը` Հայաստանի երկու քաղաքացիներ Երեւան-Թբիլիսի գնացքով 18 գրամ հարստացված ուրան են տեղափոխել Վրաստան եւ փորձել վաճառել ահաբեկչական մի խմբավորման: Ազգային անվտանգության ծառայությունն անմիջապես արձագանքեց` հայտնելով Վրաստանի հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցության մասին:

Դեռեւս այս տարվա ապրիլին Ազգային անվտանգության մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով Հայաստանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը: Իհարկե, ԱԱԾ-ի այս հաղորդագրությունն այնքան էլ «չի թեթեւացնում» Հայաստանի մեղքը, եթե ԱԱԾ-ն կարողանա բացահայտել, թե ինչպես եւ որտեղից է Հայաստանում  հայտնվել գերհարստացված ուրանը, գուցե ինչ-որ բան փոխվի: Միանշանակ է, որ զանազան զեկույցներում  Հայաստանն իր ուրույն տեղն է ունենալու:

Միջազգային տարբեր կազմակերպությունների նման զեկույցներում հայտնվելը Գինեսի գրքում գրանցվելուն նման չէ, գինեսյան հաջողությունները «չեն չեզոքացնում» այս զեկույցների բացասական հետեւանքները: Ինչքան էլ մեծ շոկոլադներ պատրաստենք, աշխարհում ամենաերկար ճոպանուղին կառուցենք, միեւնույն է, բացասական հետեւանքները չեն չեզոքացվում: Այս մեկը շատ ավելի լուրջ է` ուրան, որը նախատեսված էր ահաբեկիչների համար: Ո՞րն է լինելու հաջորդ սկանդալը: Գուշակելու համար պետք չէ մեծ ջանքեր գործադրել: 

Դա լինելու է Իրանից ներմուծվող թմրանյութերի թեման: Հայ իրավապահների տվյալներով էլ ներմուծվող թմրանյութերի ծավալը վերջին տարիներին ավելացել է: Իսկ իշխանությունները, կարծես թե, այս մարտահրավերներին լուրջ չեն վերաբերվում: Համենայնդեպս, կոալիցիոն կառավարությունը նման անհանգստության նշաններ ցույց չի տվել առայսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter