HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանահինի դեպոյի բոլոր աշխատակիցներն ապահովված կլինեն աշխատանքով

Վստահեցնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը Նոյեմբերի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ 2010 թ.-ի 9 ամիսների կոնցեսիոն պայմանագրի պարտավորությունների կատարման վիճակը ուսումնասիրելու նպատակով այցելեց Լոռի: Նրանք այդ նպատակով եղան Վանաձորի գծի ուղեմասում, ապա Շահալի-Փամբակ վազուրդի 2639 կմ-ի վրա գտնվող Զամանլու կիրճի երկու կողմերը միացնող, 110-ամյա կամրջի հարևանությամբ կառուցվող նոր կամրջի կառուցման տեղամասում,  ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին: Այցը նախարարն այպես պատճառաբանեց. «Առաջին անգամ որոշեցինք, բացի թղթի հաշվետվությունից, նաև տեղում ծանոթանալ և մեր հանրությանը ներկայացնել, թե ինչ վիճակում է մեր կոնցեսիոն պայմանագրի ընթացքը»: Այդուհանդերձ, այցը համընկնել էր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շ. Շայդուլինի կողմից Սանահինի լոկոմոտիվային դեպոն լուծարելու շուրջ Լոռիում հասունացած դժգոհությունների հետ: Այցի ընթացքում Շայդուլինը հայտարարեց, որ 2011թ.-ին Երևան-Վանաձոր երկաթգծի վերանորոգման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն 13,5 մլրդ դրամ է նախատեսել, որի մեծ մասը հիմնականում կտրամադրվի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի վերանորոգմանը: Ըստ Շայդուլինի` 2011 թ.-ին 315 մլն դրամ կտրամադրվի նաև Լոռու մարզի քանդված  կայարանների վերականգնման նպատակով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի` 2010թ.-ին կոնցեսիոն պայմանագրով կատարած աշխատանքները գնահատեց դրական` նշելով, որ նախորդ 3 տարիների համեմատ, այս տարի բավականին լուրջ աշխատանքներ են ընթացել: Նախարարը նաև նշեց, որ 2010 թ.-ին երկաթուղին 8 ուղևորատար վագոն է վերանորոգել, որոնք ուղղվել են Երևան-Բաթումի գծի ուղեմաս: Անցած 9 ամիսներին երկաթգծի ուղեմասերում կիրառվել են նոր տեխնոլոգիաներ` փայտե «շպալները» փոխարինվել են «երկաթբետոնե «շպալներով»: Ըստ նախարարի`  լավ վիճակում է հայտնվել երկաթուղու վագոնային տնտեսությունը: Կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն երկաթուղու ֆինանսական ենթակառուցվածը փոխելու համար: Արդյունքում 2 տարի շարունակ շարժակազմի կայացմանը հատկացված ֆինանսներն այսուհետև կուղղվեն ենթակառուցվածքների կայացմանը: Մանուկ Վարդանյանը չբացառեց, որ 2011թ.-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ-ի հետ հայաստանյան կողմը կքննարկի նաև երկաթուղու սակագների էժանացման խնդիրը: Այցի ընթացքում քննարկվեց նաև Սանահինի լոկոմոտիվային դեպոյի լուծարման խնդիրը: Այս կապակցությամբ «Հետք»-ի հարցին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը պատասխանեց, որ ինքը պատասխանատու է ընկերության ստրատեգիական զարգացման համար, զբաղվում է նախևառաջ աշխատանքային պայմանների ստեղծման ու աշխատանքի արտադրողականության հարցերով: «Ես միշտ ասել եմ, որ մեր ընկերությունը իր աշխատողների նկատմամբ սոցիալական պատասխանատվություն է կրում: Մենք այս տարի 25 տոկոսով բարձրացրել ենք աշխատավարձերը, հաշվի ենք առնում նաև երկրում փողի արժեզրկման տեմպերը, ինչը մենք կատարում ենք տարիֆների նվազեցման և աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին: Մեզ մոտ այսօր օրվա ընթացքում երկու զույգ գնացք է աշխատում: Երկուսը մեկնում են, երկուսը` ժամանում, որից ստացված եկամուտը չի բավականացնում նույնիսկ Սանահինի դեպոյի գործունեության ծախսերը հոգալուն: Ինձ համար տարբերություն չկա Սանահինի, Գյումրիի, Երևանի, Սևանի դեպոների միջև: Մենք փորձում ենք նոր արտադրական միավորումներ ստեղծել, որոնք կախված չեն լինի բեռնափոխադրումների ծավալից: Սա հնարավորություն է տալիս ստեղծել հավելյալ աշխատատեղեր` ներկա աշխատատեղերին կավելանա ևս 30 աշխատատեղ: Այն հարցերը, որոնք արտացոլվել են մամուլում, կկանոնակարգվեն այն բանից հետո, երբ կհաստատվի ձեռնարկության աշխատողների ցանկը, որը ձեռնարկության  ղեկավարությունը պետք է պատրաստի մինչև նոյեմբերի 20 -ը: Եվ դրանից հետո պարզ կլինի, որ մենք ոչ թե կրճատում ենք աշխատատեղերը, այլ ավելացնում` հաշվի առնելով արտադրական միավորումների  առաջիկա զարգացումը»,- ամփոփեց Շ. Շայդուլինը: Արտադրական նոր միավորումներ Սանահինում դեռևս ստեղծված չեն, ուստի  Սանահինում աշխատատեղերի նոր ռեսուրսների մասին Շայդուլինի խոստումները ակնհայտորեն իրատեսական չեն: Արտադրական միավորումներ ստեղծելու համար Շայդուլինին ժամանակ է հարկավոր: Սա տեսնում և հասկանում են Սանահինի երկաթուղայինները: Սանահինում ստեղծված իրավիճակին ուշագրավ գնահատականներ տվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը. «Ես Ձեզ մի բան կարող եմ վստահեցնել, որ քանի դեռ նորը չի ստեղծվել, հինը չի կարող լուծարվել: Գոնե մեր օրենսդրությունը դա արգելում է: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մենք  կհետևենք և պրն Շայդուլինը, մանավանդ, որ 2 ժամ առաջ քննարկում կար Լոռու մարզպետի հետ, հավաստիացրեց, որ նման պրոբլեմ չի կարող առաջանալ: Նորից եմ ասում, որ Սանահինի աշխատողները, ինքը նաև պաշտոնապես կգրի, բոլորն ապահովված կլինեն աշխատանքով: Ավելին, եթե այն ժամանակ որոշակի աշխատանքի դիմաց նրանք պետք է ստանային ժամավճար, ապա հիմա, նրանց վճարման խնդիրը արդեն կապվում է կոնցեսիոն գումարների հետ, այսինքն` դրանք մշտական աշխատանք են մինչև 2035թ.-ը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter